Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս են պետությունները կորոնավիրուսի պայմաններում աջակցում իրենց քաղաքացիներին

Ապրիլ 04,2020 16:09

Բարդ ժամանակներում ենք ապրում: Ոչ ոք չգիտի, թե վաղն ինչ է լինելու: Բոլորը չէ, որ կհաղթահարեն այս ճգնաժամը. շատ ընկերություններ փակվում են, բազմաթիվ մարդիկ զրկվում են աշխատանքից: Տրամաբանական է, որ այսպիսի իրավիճակում շատերը պետությունից աջակցություն են ակնկալում: Հատկապես նրանք, որոնք մնացել են առանց աշխատանքի եւ գոյատեւելու միջոցների:

Ինչպե՞ս են երկրները համավարակի պայմաններում փրկում բիզնեսը եւ հասարակ մարդկանց:

Ռուսաստանում Վլադիմիր Պուտինը ամբողջ ապրիլ ամիսը հայտարարել է ոչ աշխատանքային՝ բիզնեսին հնարավորություն տալով ինքնուրույն մտածել, թե եկամուտ չունենալու պայմաններում ինչպես վարձատրել աշխատակիցներին:

ԱՄՆ-ն քաղաքացիների եւ բիզնեսի աջակցության նպատակով ընդհանուր առմամբ հատկացնում է $ 2 տրիլիոն:

Տարեկան $ 75 հազարից պակաս վաստակող ամերիկացիները առձեռն կստանան $1200, գումարած $ 500` 17 տարեկանից ցածր յուրաքանչյուր երեխայի համար:

Գործազրկության նպաստը չորս ամիս ներկայիս $ 200-ից $ 550 նպաստից աճում է շաբաթական $ 600: Այսինքն, այս չորս ամիսներին գործազուրկ յուրաքանչյուր ամերիկացի կստանա լրացուցիչ $ 9600:

Գերմանիան ինքնազբաղված քաղաքացիներին եւ ոչ մեծ ընկերություններին (մինչեւ 5 աշխատակից) միանվագ եւ անվերադարձ հատկացնում է մինչեւ 9000 եվրո: Մինչեւ 10 աշխատակցի հաստիք ունեցող ընկերությունները կարող են ակնկալել մինչեւ 15000 եվրո, սակայն պարտավոր են ապացուցել, որ մինչեւ կորոնավիրուսի համաճարակի սկսվելը՝ մինչեւ 2019 թ. դեկտեմբերի 31-ը,  ֆինանսական դժվարություններ չեն ունեցել:

Վարձով ապրողներին, որոնք անվճարունակ են դարձել, երեք ամիս արգելվել է վտարել բնակության վայրից: Սակայն նրանք նույնպես պետք է  ապացուցեն, որ իրենց ֆինանսական դժվարությունները կապված են կորոնավիրուսի հետ: Բնակարանի վարձը վճարելու պարտականությունը մնում է ուժի մեջ: Այն ուղղակի ժամանակավորապես սառեցվում է: Բացի դա, արգելվել է չվճարելու պատճառով անջատել հոսանքը, գազը, տելեկոմունիկացիաները, որոշ դեպքերում՝ նաեւ ջուրը:

Եթե ծնողները ստիպված են նստել տանը այն պատճառով, որ դպրոցներն ու մանկապարտեզները փակվել են, պետությունը պատրաստ է վեց շաբաթ փոխհատուցել նրանց աշխատավարձի 67 %-ը, բայց ոչ ավելի, քան յուրաքանչյուր մարդուն 2016 եվրո:

Նրանց, ում կորոնավիրուսի պատճառով փոխադրել են կարճ աշխատանքային օրվա, պետությունը կվճարի աշխատավարձի 60 %-ը:

Հետաքրքիր է, որ խոշոր բիզնեսին աջակցելու  համար Գերմանիան պատրաստ է դրանցից փայաբաժին գնել, իսկ համավարակի ավարտից հետո դրանք հետ վաճառել նախկին տերերին:

Ավստրալիան ցածր եկամուտ ունեցող մոտ 6,6 միլիոն քաղաքացիների կհատկացնի տեղական $ 750: Դրանք թոշակառուներն են, հաշմանդամները, խնամակալները, միայնակները, նպաստառուները: Մի խոսքով՝ բոլորին, որոնք որեւէ նպաստ են ստանում, ընդհուպ մինչեւ ալիմենտ ստացողներ եւ հիվանդներ: Ամռանը նրանք կստանան երկրորդ լրացուցիչ վճարումները:

Այդ կատեգորիայի քաղաքացիներից ոմանք (ուսանողներ, ֆերմերներ, ամուրիներ եւ այլն) ապրիլի 27-ից կսկսեն յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ ստանալ «կորոնավիրուսային հավելավճար» ավստրալիական $ 550-ի չափով:

Կանադան մանկական նպաստը յուրաքանչյուր  երեխայի համար ժամանակավորապես բարձրացնում է տեղական $ 300: Ցածր եկամուտ ունեցող միայնակ մարդիկ ապրիլից կստանան միանվագ $ 400, իսկ զույգերը՝ $ 600:

Այն անձանց, որոնք COVID 19-ի պատճառով կորցրել են աշխատանքը եւ որոնց եկամուտը 2019-ին կազմել է առնվազն կանադական $ 5000, պետությունը ապրիլից չորս ամիս վճարում է շաբաթական $ 500:

Ուսանողները կարող են կես տարի չվճարել ուսման վարձը, ընդ որում, դրա համար տոկոսներ չեն լինի: Իսկ հարկային հայտարարագրի ներկայացման ժամկետը հետաձգվել է մինչեւ հունիսի 1-ը: Նաեւ ժամանակավորապես չեղարկվել են  տուգանքները նրանց համար, ովքեր հարկերը մուծել ի վիճակի չեն:

Մեծ Բրիտանիան բիզնեսին աջակցելու մասշտաբային ծրագիր է ընդունել, ինչը միեւնույն ժամանակ ուղղված է աշխատատեղերը պահպանելուն: 2020 թ. մարտի 1-ից պետությունը առնվազն երեք ամիս գործատուներին կփոխհատուցի կորոնավիրուսի պատճառով տուն ուղարկված  ամեն մի աշխատակցի ամսական աշխատավարձի 80%-ը, բայց ոչ ավելի, քան  2500 ֆունտ: Պետությունը ընկերությունների փոխարեն կվճարի նաեւ աշխատակիցների ապահովագրական եւ կենսաթոշակային մուծումները:

Նույնքան գումար կտրամադրվի նաեւ ինքնազբաղներին, սակայն կհարկվի: Փոքր բիզնեսը կարող է գրանտ ստանալ  10000 ֆունտի չափով, եթե եկամուտները ձգտում են զրոյի: Կոմերցիոն վարձակալները, որոնք վճարունակ չեն, մինչեւ հունիսի 30-ը պաշտպանվում են «Դրսում հայտնվելու» վտանգից:

Բացի դա, իշխանությունները ընկերություններին կվերադարձնեն COVID19-ի պատճառով անաշխատունակության թերթիկ ներկայացնող աշխատակիցների վճարումները:

Փոխհատուցման տակ են ընկնում նաեւ ոչ մեծ եւ միջին (մինչեւ 250) աշխատակից ունեցող ընկերությունները:

Դանիան ընդունել է բիզնեսին երեք ամիս աջակցելու ծրագիր, որով աջակցում է նաեւ շարքային աշխատողներին: Պետությունը պատրաստ է մասնավոր ընկերություններին վճարել աշխատավարձերի 75 %-ը, բայց ոչ ավելի, քան յուրաքանչյուր մարդու համար ամսական 23000 կրոն, պայմանով, որ այդ ընկերությունները ոչ ոքի աշխատանքից չհեռացնեն: Այսպիսով, այն ընկերությունները, որոնք  հաստիքային աշխատողներին ուղարկել են տուն, կարող են անգամ համաճարակի տարածման այս շրջանում փակել աշխատավարձի ցուցակները, իսկ աշխատակիցները առաջվա նման լրիվ աշխատավարձ կստանան:

Հոնկոնգը վարչական շրջանի բոլոր հասուն մարդկանց կվճարի տեղական 10000  դոլար, որպեսզի աջակցի տնտեսությանը եւ խթանի սպառումը: Իշխանությունը նաեւ վճարել է այն մարդկանց մեկ ամսվա վարձը, որոնք  բնակվում են սոցիալական բնակության վայրերում: Ժամանակավորապես նվազեցվել է ունեցվածքի եկամտահարկը: Թոշակառուներին եւ հաշմանդամներին նաեւ ամսական լրացուցիչ վճարումներ են նախատեսված:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930