Լրահոս
Օրվա լրահոսը

Բենջամին Ֆրանկլինը եւ կեղծ ընտրությունը

Ապրիլ 08,2020 22:00

Բենջամին Ֆրանկլինն իր կյանքի ընթացքում մի քանի անգամ կրկնել է հետեւյալ միտքը: He who sacrifices freedom for security deserves neither՝ նա, ով զոհաբերում է իր ազատությունը՝ հանուն անվտանգության, արժանի չէ ո՛չ մեկին, ո՛չ մյուսին: Այս արտահայտության մեկնաբանություններին տոննաներով գիտական աշխատանքներ եւ պատմական հետազոտություններ են նվիրված: Եվ այն այդպես էլ կմնար պատմաբանների ուսումնասիրությունների առարկա, եթե չլիներ 2001թ. Սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը: Դրանից անմիջապես հետո սկսվեց ահաբեկչության դեմ պայքարը, եւ այդ սրբազան գործում ավելի լավ արդյունքի հասնելու համար, 2001թ. հոկտեմբերին ԱՄՆ-ում ընդունվեց մի օրենք, որը հայտնի է որպես Patriot Act.. Patriot Act-ը կախակայում էր ԱՄՆ Սահմանադրության բազմաթիվ հոդվածների գործողությունն այն անձանց համար, ովքեր կասկածվում էին ահաբեկչության մեջ: Եթե մարդուն կասկածում են ահաբեկչության մեջ, ապա նրա տունը կարելի էր խուզարկել առանց դատարանի կամ դատախազի որոշման, հասանելի դարձնել տեղեկատվությունը նրա բիզնեսի մասին, գաղտնալսում կազմակերպել եւ շատ այլ բաներ: Եվ ահա հենց այդ ժամանակ ԱՄՆ-ի հիմնադիր հայրերից մեկի այս թեւավոր խոսքը փայլեց նոր երանգներով: Թե ինչի դա վերածվեց՝ մեզ պատմեց Էդվարդ Սնոուդենը, բայց այդ մասին՝ քիչ հետո:

Իսկ մեզ համար նույն մեջբերումը հրատապ դարձավ խորհրդարանում «Արտակարգ դրության մասին» օրենքի փոփոխությունների եւ դրան հարակից «Հեռահաղորդակցության մասին» օրենքի փոփոխությունների քննարկման ժամանակ: Երկու խոսքով իրավիճակը հետեւյալն է. Կառավարությունը պարտադրեց կապի օպերատորներին իրեն տրամադրել բոլոր օգտատերերի տեղակայման վայրի մասին տեղեկություններ, ինչպես նաեւ տրամադրել հեռախոսազանգերի եւ սմս-ների վերաբերյալ տեղեկություններ՝ չբացահայտելով դրանց բովանդակությունը: Առանձին հոդվածով նշվում է մեկուսացված անձանց տեղաշարժը հսկող ծրագրերի եւ այլ տեխնիկական միջոցների գործարկման անհրաժեշտությունը: Նպատակը պակաս բարի չէ, քան ահաբեկչության դեմ պայքարը՝ պայքար կորոնավիրուսի համավարակի տարածման դեմ: Գործողության ժամկետը՝ մինչեւ արտակարգ դրության ռեժիմի ավարտը:

Ոչինչ չէր գուժում դժբախտության մասին: Օրինագիծը սովորական լեզվակռիվներով անցավ առաջին ընթերցումը: Իսկ երկրորդ ընթերցումից առաջ պարզվեց, որ քվեարկության կանոնների որոշ նրբությունների պատճառով իշխող կուսակցության ձայները չեն բավականացնում օրինագիծն ընդունելու համար: Որոշումը չընդունվեց: Իսկ հետո տեղի ունեցավ մի բան, որը ես հայաստանյան պառլամենտարիզմի ողջ պատմության ընթացքում չեմ հիշում՝ կառավարությունը հենց նույն օրը բերեց այդ նույն օրինագիծը խորհրդարան, այս անգամ ջանք չխնայելով, որ ապահովված լինի հնազանդ մեծամասնության ներկայությունը: Ժողովրդի ծառաները, սովորույթի համաձայն, բացակայող ընդդիմության վրա բուրավետ հեղուկ ցփնելով, արագ ընդունեցին բազմաչարչար փոփոխությունները եւ հետ վերադարձան իրենց ինքնամեկուսացման վայրերը:

Եվ ահա այստեղ մենք բոլորս պետք է մտահոգվենք: Որովհետեւ նմանատիպ համառությունը հենց այնպես չի լինում: Բանն այն է, որ համաշխարհային պրակտիկան ցույց է տալիս, որ պետությունը մի անգամ ստանալով իր քաղաքացիներին հետապնդելու համար նախատեսված գործիքներ, այլեւս երբեք դրանցից չի հրաժարվում: Patriot Act -ը պետք է գործեր միայն «Ահաբեկչության դեմ պատերազմի» շրջանում, սակայն գործողության մեջ է մինչ օրս:
«Ռոսկոմնադզորը» ստեղծվեց մանկապղծության դեմ պայքարի սուրբ նպատակով, սակայն վերաճեց քաղաքական կայքերի արգելափակման գործիքի: Մեծ Չինական Ֆայրվոլը պետք է պաշտպաներ չինացիներին պոռնոգրաֆիայի կործանիչ ազդեցությունից, սակայն վերածվեց քաղաքացիական ազատությունների ճնշման գործիքի: Մեզ առաջարկում են դրա նման մի բան՝ հրաժարվել քաղաքացիական ազատությունների մի մասից եւ մոր արեւով են երդվում, որ դա միայն համավարակի ժամանակաշրջանի համար է, եւ ավելին՝ բոլոր տվյալները հետո կոչնչացվեն: Հետո: Երբ կավարտվի «ահաբեկչության դեմ պայքարը»: Ներողություն, սխալվեցի՝ երբ կավարտվի համավարակը:

Մեկ անգամ համտեսելով համընդհանուր վերահսկման համը, պետությունը կգտնի այն շարունակելու տարբերակը: Կարեւոր չէ, թե ինչ ձեւ կընդունի այդ հետեւելը՝ դա կարող է լինել գնումների հետվերադարձի համար ներդիր, էլեկտրոնային կառավարության ծառայություններից օգտվելու հավելում հավելված, թե ինչ-որ այլ բան: Կարեւորն այն է, որ տվյալ օրինագծի քննարկման ժամանակ մի քանի անգամ պատասխանելով հարցին, թե՝ իսկ ո՞վ է ստուգելու օրինականության պահպանմանը այդ միջոցառումների իրականացման ընթացքում, արդարադատության նախարարը պատասխանեց՝ դե, ինչպես միշտ՝ աշխատողին վերահսկելու է ղեկավարը, իսկ ղեկավարին՝ նրա ղեկավարը: Չինովնիկական լեզվից թարգմանելով՝ դա նշանակում է՝ ոչ ոք:

Բայց այստեղ հարցը նույնիսկ այն չէ, որ այդ համընդհանուր վերահսկումը կարող է երբեք էլ չավարտվի, անձամբ ես դրան համակերպվել եմ: Եվ նույնիսկ կարեւոր չէ, որ այդ հաճույքը տեղի է ունենալու առանց համապատասխան վերահսկման: Կարեւոր է գիտակցել, որ իշխանությունը մեզ դնում է կեղծ ընտրության առջեւ՝ ազատությո՞ւն, թե՞ անվտանգություն:

Որովհետեւ ընտրելով դրանցից որեւէ մեկը՝ մենք կկորցնենք իրավունքը՝ երկուսի հանդեպ:

Ս. Յ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930