Լրահոս
Օրվա լրահոսը

«Դավիթ Խաժակյանը ընդամենը իր քենապահությունն է ի ցույց դնում կոնկրետ մարդկանց հանդեպ, որոնց հետ կոնֆլիկտ է ունեցել». Իզաբելլա Աբգարյան

Ապրիլ 16,2020 23:30

Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության մանկավարժ անդամ Իզաբելլա Աբգարյանն էլ է դժգոհ պարգեւավճարների անհամաչափությունից եւ պետական ապարատի այլ աշխատակիցների ցածր աշխատավարձից

– Տիկին Աբգարյան, որքան էլ զարմանալի է, բայց անգամ այս բարդագույն շրջանում իշխանության տարբեր օղակներում չկարողացան դիմադրել պարգեւատրելու եւ պարգեւատրվելու գայթակղությանը, արդյունքում, պարգեւավճարների թեման`ընթացիկ եւ սպասվող սոցիալ-տնտեսական խնդիրների ֆոնին, կրկին վեճերի ու բանավեճերի առիթ է դարձել: Հարցը հատկապես սրեց ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի հայտնի մեկնաբանությունը` նվիրյալ չլինելու մասին: Այս իրավիճակում նամն վարքագիծն իշխանության կողմից արդարացվա՞ծ եք համարում:

– Կորոնավիրուսի հետ կապված լարված իրավիճակում, հատկապես շատերի համար առաջացած սոցիալական խնդիրների պարագայում, հանրության արձագանքը պարգևավճարներին հասկանալի է: Թեպետ նույն՝ բացասական արձագանքը կար նաև մինչ այս իրավիճակը:

Թեպետ իշխանության կողմից, այդ թվում՝ համայնքային, քայլեր կատարվեցին պարգևավճարային ֆոնդը ուղղելու բուժաշխատողներին կամ COVID-֊19-֊ի դեմ պայքարին, սակայն դա չմեղմեց հանրային արձագանքը: Կարծում եմ, որ պատճառն այն է, որ հանրության համար անհասկանալի է պարգևավճարային համակարգի էությունը և սկզբունքները: Ինչպես գիտեք, քաղաքապետարանում աշխատավարձերի վերանայում տեղի չունեցավ: Փոխարենը, ցածր աշխատավարձերը քիչ թե շատ փոխհատուցվում են «պարգևավճար» կոչված գումարով, որը փաստացի երկրորդ աշխատավարձ է հիշեցնում, քանի որ տրվում է անկախ աշխատանքի արդյունքներից և կոնկրետ պարբերականությամբ: Եթե նախարարների, փոխնախարարների, մարզպետների դեպքում տեղի ունեցավ աշխատավարձի զգալի բարձրացում, ապա համայնքային ոլորտում աշխատավարձերը մնացին հին մակարդակին, և այսօր առկա է խիստ անհամաչափություն պետական տարբեր պաշտոնյաների եկամուտի առումով: Փոխնախարարը, փոխմարզպետը ավելի շատ են վարձատրվում, քան, օրինակ, Երևանի քաղաքապետը: Սա խնդիր է: Խնդիր է նաև ոլորտի ղեկավարի և ոլորտում աշխատող բյուջետային աշխատողի աշխատավարձերի տարբերությունը:

Չէ՞ որ միայն բուրգի վերևի մասը արժանապատվորեն վարձատրելով չի կարելի ակնկալել, որ կմոտիվացվի ամբողջ համակարգը և ավելի արդյունավետ կաշխատի: Կամ, վարձատրման անարդար բաշխման այլ օրինակ. ԱԺ ակտիվ և պասիվ պատգամավորները նույնչափ են վարձատրվում: Այսինքն, պարգևավճարը չի ծառայում իր բուն նպատակին, այն է՝ գնահատել, խրախուսել: Եվ մեր հասարակությունը դա տեսնում է և գիտակցում:

– Օրերս Երեւանի քաղաքապետարանում էլ հերթական պարգեւատրումները եղան: Աշխատակազմի մի շարք ներկայացուցիչներ պարգեւատրումներ ստացան`ընդհանուր առմամբ`29 միլիոն դրամի չափով։ Ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը քննադատեց նախ պարգեւատրվողների ցանկը, ապա պարգեւատրման տրամաբանությունը: 560.000 դրամի չափով պարգեւատրվել է քաղաքապետի խոսնակը: «Կարծում եմ խոսնակի պարգևատրման առիթներից մեկը ֆեյսբուքում քաղաքապետի (Չ)գործունեության հետևանքները ամեն գնով քողարկելն է»,- գրել է Դավիթ Խաժակյանը: Նույն չափով պարգևատրված քաղաքապետի իրավական գծով խորհրդականի մասով էլ գրում է. «…մասնագիտական դիլետանտության հետևանքով այսօր քաղաքապետարանը դատական անբարենպաստ վճիռների առաջ է կանգնում, որը շուտով կդրսևորվի մեծածավալ վնասի փոխհատուցումների տեսքով»: Մինչդեռ առողջապահության վարչության պետն, ով ենթադրաբար այս օրերին ամենաշատն է աշխատել, ամենաքիչն է պարգեւատրվել: Արձանագրելով, որ անարդարացի բաշխումը և աշխատակիցների նկատմամբ ընտրովի մոտեցումը պարբերական է դարձել, Ձեր ընդդիմադիր գործընկերը նաեւ եզրակացնում է. «…իշխանության համար առաջնայինը գործը չէ, այլ դրա վերաբերյալ մարդկանց տպավորությունները։ Եթե հանրության տպավորությունները լավ են, ուրեմն քաղաքապետը կարող է հանգիստ լինել՝ բուռն գործունեության իմիտացիան ապահովված է»։ Այս ամենը բացատրել-պարզաբանելու կամ դրան հակադարձելու բան ունե՞ք:

– Այո, քաղաքապետարանում, ի տարբերություն նախորդ ամսվա, այս ամիս պարգևավճարներ տրամադրվել են բացառությամբ քաղաքապետի, որը երբեք չի ստացել պարգևավճար և փոխքաղաքապետերի: Մյուս աշխատակիցները ստացել են նախկինի պես: Ինչ վերաբերում է «Լույս» խմբակցության գործընկերոջս դիտարկմանը, ապա այն համարում եմ սուբյեկտիվ և կախված իր անձնական վերաբերմունքից`այս կամ այն պաշտոնատար անձի հանդեպ: Չեմ կարծում, որ տանը նստած Դավիթ Խաժակյանը ավելի լավ է տեսնում, թե ո՞վ ինչքան է աշխատում և ի՞նչ է անում, քան պարգևավճար որոշողները: Ցավոք, աշխատանքի գնահատման հստակ չափանիշների և ըստ այդմ որոշվող պարգևավճարային համակարգի բացակայությունը, ցանկացածին կարող է իրավունք վերապահել սուբյեկտիվ գնահատականներ տալու: Կհավելեի, որ իր գնահատականներում պարոն Խաժակյանը ընդամենը իր քենապահությունն է ի ցույց դնում կոնկրետ մարդկանց հանդեպ, որոնց հետ կոնֆլիկտ է ունեցել: Թե՜ Կարապետյանը, թե՜ Համբարձումյանը իրենց գործի գիտակներ են և ամբողջ ընթացքում անձնուրաց ու նվիրված աշխատել են՝ չտարբերելով աշխատանքային օրը ոչ աշխատանքայինից, չսահմանափակվելով իրենց աշխատանքային ժամերով:

– Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ անդրադարձավ պարգեւատրումների թեմային`ասելով, որ պետական ապարատում աշխատավարձերի բարձրացումը հեղափոխության համատեքստում էր, բայց հեղափոխությանն «այո» ասողները «այո» չէին ասում թոշակների, ուսուցիչների, ոստիկանների, աշխատավարձերի 10-20 տոկոս բարձրացմանը, պետական կառավարման համակարգի ցածր եւ միջի օղակներում աշխատավարձերի կամ պարգեւավճարների չնչին չափերին, իսկ բարձրաստիճան պաշտոնյաների հարյուր կամ ավելի տոկոսով պարգեւավճարներին: Արդարացի չէ՞ հանրային դժգոհությունն այս առումով:

– Վարչապետը հստակ նպատակ է դրել հրապուրիչ դարձնել պետծառայող լինելը և համակարգ ներգրավել լավ մասնագետների: Միևնույն ժամանակ մերժվել է նախկին համակարգը, երբ աշխատավարձը չէր հանդիսանում պաշտոնյայի միակ եկամուտը: Այլ հարց է, որ ինչպես վերևում նշել եմ, առկա է խիստ անհամաչափություն: Խնդիրն այն չէ, որ պաշտոնյան բարձր է վարձատրվում, այլ այն, որ մանկավարժը, փրկարարը, մյուս՝ բյուջեից սնվող աշխատողները, այսօրվա աշխատավարձով չեն կարողանում հոգալ իրենց ընտանիքների  հոգսերը: Ասում եմ դա նաև որպես մանկավարժ, որը ստիպված հազար ու մի գործ է կողքից անում, որ կարողանա ընտանիքը պահել: Իսկ այդ գործերը, իմ դեպքում՝ թարգմանություններ, օտար լեզվի մասնավոր դասեր, այսօր չկան, վաղն էլ չի ուրվագծվում, թե ե՞րբ նորից կլինեն:

Վստահ եմ, ինձանից շատ ավելի վատ իրավիճակում հայտնվածներ կան, որոնք շատ կուզեին, որ մեր պետական ապարատում բարձր վարձատրվող լավ մասնագետներ լինեին, բայց և իրենք ի վիճակի լինեին իրենց աշխատանքով գոնե օրվա հացը վաստակել:

Պետք է հասկանանք ժողովրդի սոցիալական վիճակը և չզարմանանք դժգոհություններից՝ կապված պարգևավճարների հետ:

Զրույցը` Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930