Լրահոս
Օրվա լրահոսը

Ե՞րբ կսկսեն աշխատել գեղեցկության սրահներն ու տրանսպորտը. Տիգրան Ավինյանը որոշ փակագծեր բացեց

Ապրիլ 28,2020 21:30

«Այս փուլում վարակի տարածման ինտենսիվությունը ցույց է տալիս, որ  կարող ենք գնալ որոշ սահմանափակումների հանման»,- «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ինստագրամյան «INSTALIVE» զրուցաշարի ընթացքում քիչ առաջ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը:

Օգտատերերի մեծամասնությանը հետաքրքրում էր՝ ե՞րբ կկարողանան աշխատել, ե՞րբ հասանելի կլինեն սպասարկման ոլորտի ծառայությունները, ե՞րբ կաշխատի տրանսպորտը, նա պատասխանեց. «Որոշ սահմանափակումներ հանվել են՝ մարդկանց ինքնամեկուսացման սահմանափակումները, շինարարության, մշակվող արդյունաբերության ոլորտի սահմանափակումները: Շատ մեծ հավանականությամբ մայիսի 4-ից կրկին մեծ փաթեթով սահմանափակումներ վերացվելու են մշակվող արդյունաբերությունում, սպասարկման ոլորտում՝ գեղեցկության սրահներում, վարսավիրանոցներում և մի քանի այլ նմանատիպ տեսակի գործունեության տեսակներում՝ անպայման որոշակի կանոնների պահպանմամբ: Հետագայում դիտարկվելու է բացօթյա սրճարանների բացման հնարավորությունը, հետագայում նոր արդեն փակ սննդի օբյեկտների բացման հնարավորությունը»:

Խոսելով տրանսպորտի սահմանափակումների հանման մասին՝ Տիգրան Ավինյանը հայտարարեց. «Որպես բավականին մեծ ռիսկայնություն ունեցող ոլորտ՝ հանրային տրանսպորտը դեռ չի գործելու, բայց արդեն կարող ենք անդրադառնալ տրանսպորտին մայիսի կեսերից: Իհարկե, գիտեմ, որ սա ամենամեծ խնդիրներ ստեղծող սահմանափակումներից մեկն է, ուստի հայցում եմ բոլոր հայրենակիցների ներողամտությունը, քանի որ տրանսպորտի ոլորտում միաժամանակ վարակի տարածման ռիսկը շատ է մեծանում, այդ պատճառով տրանսպորտի ոլորտի սահմանափակումներն ամենավերջին փուլում կհանվեն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930