Խորհրդարանն այսօր քննարկում է «Նախադպրոցական կրթության մասին օրենքում» փոփոխությունների օրինագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու հարցը: Ինչպես նշեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, մինչեւ երկրորդ ընթերցումն օրինագիծը բավականին հարստացվել է. «Սա հեղափոխական է ոլորտի համար, քանի որ նախորդ օրենքը սահմանափակ էր բովանդակությամբ եւ վերահսկողական մեխանիզմներով: Բավականին լուրջ փաստաթուղթ է դարձել»:
Օրինագծի հարակից զեկուցող, «Իմ քայլի» պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն էլ մանրամասնեց, որ այս օրինագծով մանկական զարգացման կենտրոնները պարտադիր կլիցենզավորվեն. «Մինչեւ այժմ ցանկացածը կարող էր ԱՁ բացել եւ ծառայություն մատուցել: Այժմ հաստատության կրթական ծրագիրը կկազմվի կրթական չափորոշիչներին համապատասխան: Կիրականացվի կրթական գործընթացի, երեխաների կարիքների արտաքին եւ ներքին գնահատում, որը ներառականության ապահովման կարեւոր քայլ է»:
Հովսեփյանի փոխանցմամբ՝ այսուհետեւ նախակրթարանները չեն համարվի միայն համայնքի ֆինանսավորումից կախված, այլեւ իրավունք կունենան ինքնուրույն ֆինանսավորման միջոցներ ունենալ. «Իսկ տնօրենները, դայակներն ու դաստիարակները տարում մեկ անգամ պարտադիր պետք է վերապատրաստվեն: Դայակն ու դաստիարակներն այսուհետեւ համարվելու են մանկավարժներ, նրանք պարտադիր պետք է լինեն մանկավարժներ: Եվս մեկ փոփոխությամբ սահմանվել է, նախակրթարան հաճախողների տարիքային խումբը լինելու է 0-6-ը»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































