Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկաթը մտել էր ոտքս». «Զոդի» կամրջի վթարից տուժած տղան լաց եղավ

Մայիս 15,2020 15:47

«Հարվածի պահը չեմ տեսել, իմ հեռախոսով էի զբաղված: Ընկերոջս հետ իրար օգնելով իջանք, մի անծանոթ մարդ տեսանք, տարավ հիվանդանոց: Չեմ տեսել, թե ոնց է այրվել մեքենան, ինձ տարան հիվանդանոց»,-2019թ.-ի հուլիսին Արարատի մարզի «Զոդի» կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարի գործով հերթական դատական նիստում այսօր պատմեց որպես տուժող հարցաքննվող Ա. Մ.-ն: Նա անչափահաս է:

Հարցերին ի պատասխան նշեց, որ երթուղայինով գնալիս է եղել Սուրենավան։ Տղան դժվարացավ հիշել, թե երթուղայինում քանի ուղեւոր էր եղել. «Ես դիմացն էի նստած՝ վարորդի անմիջապես կողքին»:

Մեղադրող դատախազը հարցրեց՝ բուն վթարը տեսե՞լ ես: Տղան ասաց, որ ոչ:

Հարցին ի պատասխան, թե վթարի հետեւանքով ինչ մարմնական վնասվածքներ է ստացել, Ա. Մ.-ն ցույց տվեց ձեռքը. «Կոտրվել էր: Դնչիս ու ոտքիս վերք ունեի, կտրված վերք էր»:

Տուժողը նշեց, որ վթարի պահին «Գազել»-ն ընթանալիս է եղել «սովորական» արագությամբ, ճանապարհն ասֆալտապատ էր. «Հարվածի պահին ուշքս գնացել էր: Երբ արդեն ուշքի եկա, կողքս նստած ընկերս՝ Ֆ.-ն, այդ պահին այդտեղ չէր: Երկաթը մտել էր ոտքս…տեսա, որ չեմ կարողանում դուրս գալ «Գազել»-ից, Ֆ.-ն եկավ, օգնեց»: Այս խոսքերից հետո տղան հուզվեց, լաց եղավ: Ծնողը միջամտեց, հարազատները նյարդայնացան տղային ուղղված հարցերից, սակայն դատավորը նկատողություն արեց՝ ասելով, որ մեղադրողն իր աշխատանքն է կատարում:

Հիշեցնենք, որ 2019 թվականի հուլիսի 6-ին Արարատ քաղաքի «Զոդի» կամրջի վրա բախվել էին ուղեւորատար «Գազել»-ը, «Տոյոտա Հիլուքս»-ն ու «Վազ 21063» մակնիշի ավտոմեքենան: «Գազել»-ը հրդեհվել էր, մահացել էր 7 մարդ, 4 ուղեւոր էլ՝ ստացել մարմնական վնասվածքներ: «Տոյոտա Հիլուքս»-ի վարորդ Սողոմոն Հակոբյանը մեղադրվում է ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները եւ ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031