Լրահոս
Օրվա լրահոսը

Իրենց անչափահաս երեխաներին բռնաբարած Սերոբ Տեր-Պողոսյանին չէին մեղադրում անգամ զոհերի մայրերը. Մանկապիղծի «հովանավորներն» ու ցնցող փաստերը

Մայիս 15,2020 16:46

Օրերս ԱԺ-ի մոտ «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Լանզարոտի կոնվենցիայի դեմ ցույց էր: Ցուցարարների պահվածքից բարկացած՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը ԱԺ-ում ելույթ ունեցավ՝ հիշեցնելով մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանի գործը. «Լավ կլիներ, որ ակցիաներ անեիք Ախթալայում, որտեղ տասնյակ, 22 դեպքով եղավ դատարանի վճիռ, բայց մենք չգիտենք, կարող է հարյուրավոր տղաներ բռնաբարվում էին մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանի կողմից: Իհարկե, մանկապիղծ մեծահարուստի դեմ համարձակություն չունեիք բողոքելու, քանի որ նա ոչ միայն մեծահարուստ էր, այլ նաեւ ձեր սիրելի նախկին վարչապետի խորհրդականը: Այս օրերին գրում են, թե բա՝ ինչու այս կոնվենցիան նախկինում չէր ընդունվում, նախկինները վաղուց ստորագրել էին, բայց չէին վավերացրել: Որովհետեւ ավանդապա՞շտ էին՝ ոչ, որովհետեւ նրանց վարչապետի խորհրդականը հենց ինքը մանկապիղծ էր, որովհետեւ մանկատներից ու ծննդատներից երեխաներ էին վաճառվում: Եվ ո՞վ էր պաշտպանում Ախթալայում տարիներով բռնաբարված տղաներին, ո՞ւմ շնորհիվ վերջապես մանկապիղծը կանգնեց դատարանի առաջ: Արդյոք այսօր արժեքներ թմբկահարողներն ու ավանդական կեղծ օրակարգը շահարկողներն էին այդ պաշտպանները: Իհարկե, ոչ: Այդ երեխաների կողքին էին բացառապես, նույն այդ խմբակի կողմից ամեն օր անվանարկվող իրավապաշտպաններն ու լրագրողները: Այս երեսպաշտությունն ու կեղծ արժեքներն արդեն անտանելի են, տիկնայք եւ պարոնայք: Դուք արժեքներ չեք պաշտպանում, այլ պաշտպանում եք մանկապիղծներին»:

Հիշեցնենք, որ 2012 թ.նոյեմբերի 17-ի Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով` ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի նախկին խորհրդական, «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ»-ի տնօրեն Սերոբ Տեր-Պողոսյանը դատապարտվել էր ազատազրկման 15 տարի ժամկետով այն բանի համար, որ նա մի շարք անչափահաս, այդ թվում` սեռական հասունության չհասած տղաների հետ, վերջիններիս կամքին հակառակ, օգտագործելով նրանց անօգնական վիճակը` կարիքավոր դրությունը, տարիքով պայմանավորված հոգեբանական խոցելիությունը և իր ազդեցիկ դիրքից առաջացած վախի զգացողությունը, զբաղվել է համասեռամոլությամբ և սեքսուալ բնույթի այլ գործողություններով: Պողոսյանը 2004-2010թթ. ընթացքում, տարբեր պատրվակներով, այդ թվում` նրանց հանգիստը սկաուտական ճամբարներում և արշավներում կազմակերպելու, դպրոցներում և սպորտային խմբակներում հանդիպումներ անցկացնելու ընթացքում տեսա եւ լուսանկարահանումներ է արել, ընտրել առավել խոցելի` նյութապես անապահով խավի, ծնողազուրկ, հիմնականում հայր չունեցող, բարետես արտաքինով տղաների, որոնց առաջին իսկ հանդիպման ժամանակ գայթակղելու համար անհատույց տվել է մինչև 100.000 դրամի հասնող գումարներ:

Այս գարշելի պատմության ուշագրավ փաստերից էր այն, որ Ախթալայի քաղաքապետ Հայկ Խաչիկյանը, որը նաեւ Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի եղբայրն է, ասել էր, որ ոչ միայն ինքը, այլ նաև ողջ Ախթալան էր լսել Տեր-Պողոսյանի մանկապիղծ լինելու մասին, սակայն փաստեր չլինելու պատճառով լռում էին:

Սա տարակուսանք էր առաջացրել իրավապաշտպան Արթուր Սաքունցի մոտ, որը ԶԼՄ-ներից մեկում հարցադրում էր անում. «Ինչո՞ւ հենց հիմա…Կամ եթե այդպես է, ապա ինչո՞ւ էր ինքը` Հայկ Խաչիկյանը Ախթալայի քաղաքապետի ընտրությունների ժամանակ (2008 թվականին) ընդունում նույն Սերոբ Տեր-Պողոսյանի քաղաքական աջակցությունը: Ավելին` Վազգեն Խաչիկյանը «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում հայտարարել էր, թե ինքն անձամբ Տեր-Պողոսյանի մանկապղծության փաստն ապացուցող տեսագրություններ էլ է տեսել»:

Թե ինչպես արձագանքեց մանկապիղծի մասին հրապարակումներին այն ժամանակվա բարձրադիր իշխանությունը, հիշեցնենք, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը, որին երկար ժամանակ խորհուրդներ էր տվել մանկապիղծը, իր բլոգում գրառում էր թողել. «Բարեկամներ, այսօր ինձ փոխանցեցին «hetq.am» կայքում հրապարակված հոդվածը, որտեղ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի սեփականատեր, ՀՀ ոստիկանության հասարակական խորհրդի անդամ, «Համագործակցության համար» մեդալի մեդալակիր և հասարակական հիմունքներով իմ նախկին խորհրդական Սերոբ Տեր-Պողոսյանը մեղադրվում է ծանր, անբարո հանցագործության մեջ: Չեմ կարողանում համապատասխան բառեր գտնել իմ զգացածն արտահայտելու համար: Կարող եմ միայն խոստանալ. հետևելու եմ, որ այս հրապարակման հետքերով քննությունը լինի արագ, համակողմանի և թափանցիկ: Վստահ եմ, որ բոլոր մեղավորները կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ»:

Մանկապիղծ միլիոնատեր Սերոբ Տեր-Պողոսյանը, որը Սերժ Սարգսյանին խոստացել էր 50 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում՝ հայտնվում էր այն ժամանակվա բարձրագույն իշխանության ներկայացուցիչների միջոցառումներին: Լուսանկարներ կան, թե ինչպես է նրա հետ ժպիտով բաժակ խփում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Համագործակցության համար շնորհակալական մեդալներ էր ստանում Տիգրան Սարգսյանից ու նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանից:

«Հետքի» հրապարակումներից հետո բացահայտվեցին Սերոբ Տեր-Պողոսյանի կողմից Ախթալայում իրականացված մանկապղծության դեպքերը: Սակայն դատախազության տարածած հաղորդագրության մեջ ասվում էր. «ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի հատկանիշներով՝ Լոռու մարզի Ախթալա քաղաքի բնակիչ Վ. Փարսադանյանի հաղորդման հիման վրա»:

Ըստ ԱԱԾ հաղորդագրության, Փարսադանյանը ցուցմունք է տվել ու պնդել, որ 2010թթ. ընթացքում, գումարների տրամադրմամբ նյութական օգնություն ցուցաբերելով Ախթալա քաղաքի անչափահաս բնակիչների, օգտագործելով վերջիններիս անչափահաս լինելու հանգամանքը` դրանով իսկ նրանց դնելով նյութական և այլ կախվածության մեջ, նշված ժամանակահատվածում «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի» վարչական շենքի բնակելի տարածքում և Ախթալա քաղաքում գտնվող իր տանը, Ա. Ջ.-ին և Ն. Փ.-ին պարբերաբար հարկադրել է իր հետ սեքսուալ բնույթի գործողություններ ունենալուն և համասեռամոլության:

Իսկ մանկապղծության մասին բարձրաձայնած «Հետքի» խմբագիր Էդիկ Բաղդասարյանը «Ազատության» հետ զրույցում ոստիկանությանը մեղադրեց անգործության մեջ՝ ասելով. «Պարզապես նրանք որեւէ քայլ չէին անում, իմանալով, որ Տեր-Պողոսյանը մտերմիկ հարաբերություններ ունի ոստիկանապետի հետ, բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ»: Էդիկ Բաղդասարյանի փոխանցմամբ, Սերոբ Տեր-Պողոսյանը մոտ 15 հազար դոլար է տրամադրել ոստիկանության Ալավերդու բաժնի շենքի վերանորոգման համար: Խմբագիրը պարզ հարցադրում էր հնչեցնում՝ ինչո՞ւ պիտի գործարարը ոստիկանության շենք վերանորոգի, երբ պետբյուջեով դրա համար հատկացումներ են արվում: Ի դեպ, Տեր-Պողոսյանը նաեւ ոստիկանության Հասարակական խորհրդի անդամ է եղել: Էդիկ Բաղդասարյանը նշել է, որ միայն այս հետաքննության ընթացքում իրենց ձեռքի տակ են եղել առնվազն քսան անչափահասների անուններ, որոնք Սերոբ Տեր-Պողոսյանի կողմից շահագործման են ենթարկվել: Ըստ հետաքննության, Սերոբ Տեր-Պողոսյանի` մանկապղծությամբ զբաղվելու մասին լուրերը վերջին տարիներին Ախթալայում, Ալավերդիում եւ Երևանում երբեք չեն դադարել: Այդ լուրերին տարիներ շարունակ տեղյակ են եղել ոստիկանության Թումանյանի բաժնում եւ Ազգային անվտանգության ծառայության Ալավերդու բաժանմունքում:

Այս պատմության մեջ ամենացնցող փաստն այն է, որ երբ դատավարությունն ընթանում էր, դատարանում ուսումնասիրում էին տեսագրությունները, թե ինչպես է Սերոբ Տեր-Պողոսյանը սեռական բռնի հարաբերություններ ունենում անչափահաս, խեղճ տղաների հետ, բազմաթիվ լրագրողների հետ զրույցում մանկապիղծին զոհ դարձած նույն այդ երեխաների մայրերը թե՛ դատարանի միջանցքում, թե՛ առանձին հարցազրույցներում շարունակում էին բարերար կոչել իրենց երեխային շահագործած, երեխաների մանկությունն ու ճակատագիրը խեղած մեծահարուստին ու մի բան էլ դժգոհում: Երբ «Հետքի» լրագրողներն այցելել են Ախթալա ու հանդիպել տեսագրության մեջ պատկերված անչափահաս «զուգընկերոջ» հետ, նա սկսել էր պատմել, թե ինչպես են Տեր-Պողոսյանի «շնորհիվ» 200 հազար դրամով քրոջ նշանդրեքն արել, իրեն պարբերաբար 10-50 հազար դրամ փող է տվել, առանձնացել են աշխատասենյակում ու Արամյանցի տանը, իրար հետ գնացել Ծաղկաձոր, «ընկերություն» են արել:

Երբ 2012-ի նոյեմբեր 17-ին հրապարակվեց դատավճիռը ու Սերոբ Տեր-Պողոսյանը դատապարտվեց 15 տարվա ազատազրկման, ամենամեծ բողոքողները հենց պղծված մանկությամբ երեխաների՝ զոհերի մայրերն էին: Լրագրողի հետ զրույցում մայրերից մեկը հարցին՝ ինչպե՞ս եք վերաբերվում դատավճռին, ասել էր. «Շատ վատ, շատ սխալ դատավճիռ է, մենք կբողոքարկենք երեւի: Ճիշտ չեն մոտեցել… Մարդիկ նույնպես բողոքարկում են: Մեր տանը նստած հարեւաններ կան, բոլորն էլ բողոքում են, որ դա շատ սխալ դատ էր…Չպետք է դատեին նրան: Ես չեմ հավատում, մեր քավորն է ու տենց էլ կշարունակվի: Շատ սխալ են վերաբերվել: Ոչ մի բռնություն, բռնի ուժ… Ես չեմ բողոքում: Ու չեմ էլ հավատում: Բոլոր դեպքերում ես չգիտեմ` իրանց կամքով ա, թե ինչ ա, ես հաստատ համոզված եմ` իմ երեխեն մաքուր ա: Ինձ չի հետաքրքրում: Շատ հնարավոր ա, որ մի բան… հիմա ամեն ինչ հնարավոր ա: Էնքան ա գիտությունը զարգացել: Ամեն ինչ հնարավոր ա: Ինքը (նկատի ունի մանկապիղծին) ամբողջ Ախթալայի թոշակառուներին, ծերերին օգնել ա: Նշանակում ա` բոլորի հետ էլ նույն գործողությունն արե՞լ ա: Բարերար-գործարար ա եղել, բոլորին էլ օգնել ա»:

Սերոբ Տեր-Պողոսյանի կողմից բռնության ենթարկված մեկ այլ երեխայի մայրն էլ հարցին՝ ուրա՞խ եք, որ պատժվել է նա` հաշվի առնելով, որ տուժողների մեջ նաեւ ձեր որդին կար՝ պատասխանել էր. «Ես չգիտեմ` ինչ պահով (են դատապարտել-խմբ.), փաստը մնում ա փաստ, որ իմ երեխեն դրա հետ ոչ մի բանի առնչություն չի եղել: Վիդեոն չեմ նայել, ես չցանկացա նայել»: Նա ասել էր, որ տեսել է, թե իր որդին ու Տեր Պողոսյանը, երբ հանդիպել են, իրար «ուղղակի համբուրել» են»: Հարցին՝ այս ընթացքում ձեր նկատմամբ ճնշում չի՞ եղել Տեր-Պողոսյանի կողմից` թեկուզ կնոջ միջոցով՝ կինը պատասխանել էր. «Ես եմ հլը խնդրել, որ երեխեն աշխատի իրանց ֆաբրիկայում, ասել ա` դեռ տեղ չունենք, երբ լինի, կասենք»:

Լրագրողի հետ զրույցում անգամ Ախթալայի Անդրանիկ Մարգարյանի անվան դպրոցի տնօրեն Լեռնիկ Ճիճիլյանը Սերոբ Տեր-Պողոսյանի` մանկապղծությամբ զբաղվելու մասին խոսակցությունների վերաբերյալ ասել էր. «Լսելը մի բան է, հիմնավորելը` մեկ ուրիշ»: Այսինքն, Ախթալայում ամեն կերպ պաշտպանել են մանկապիղծին:

Նշենք նաեւ, որ այն ժամանակ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, համարելով, որ մանկապիղծների համար պատիժը Հայաստանում շատ մեղմ է, նախաձեռնություն էր մշակել, որ ամորձատեն մանկապիղծներին: Բայց այն չի ընդունվել:

Սերոբ Տեր-Պողոսյանը մահացավ 2014-ին՝ քաղցկեղից՝ «Հրազդան» ՔԿՀ-ում պատիժը կրելիս:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031