Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

«Ոստիկանությունը ճանապարհը փակել է ու չի թողնում մոտենալ այգուն». Դենդրոպարկի տնօրեն

Մայիս 29,2020 11:37

«Ոստիկանությունը ճանապարհը փակել է ու չի թողնում մոտենալ այգուն»,-Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Ստեփանավանի Դենդրոպարկի տնօրեն Վիտալի Լեոնովիչը: Նա լեհ ճարտարապետ-անտառաբան, Դենդրոպարկի հիմնադիր Էդմոնդ Լեոնովիչի որդին է:

Հիշեցնենք՝ երեկ Դենդրոպարկում փոշոտման օր էր. հարյուրավոր քաղաքացիներ առանց դիմակի էին, չէին պահում սոցիալական հեռավորությունը:
Դենդրոպարկի տնօրենը տեղեկացրեց, որ այգին փակելու վերաբերյալ որևէ գրություն, որոշում չի ստացել: Նա ասաց, որ միայն երեկ դրամարկղում գրանցված տվյալներով՝ ունեցել են երեք հազար այցելու ու նշեց. «Դուք պատկերացնո՞ւմ եք՝ մե՞նք պետք է նայենք, որ ամեն մեկը դիմակ կրի ու ներս մտնի: Դա ոստիկանության պարտականությունն է. թող կատարեն իրենց պարտականությունը: Ոստիկաններ երեկ եղել են այգու տարածքում: Այսօր էլ ճանապարհն իրենք են փակել: Մեր կողմից Դենդրոպարկը փակ չէ, ոստիկանությունն է ճանապարհը փակել. չգիտենք՝ երբ կբացվի: Երեկ ոստիկանապետը եկավ, տեսավ, թե ինչ վիճակ է, ասացին՝ կփակենք: Մարդիկ հազարներով գալիս, մտնում էին, հատուկ օրգաններ կան, թող նրանք աշխատեն»:
Գյուլագարակ խոշորացված համայնքի ղեկավար Մհեր Գևորգյանը մեզ հետ զրույցում ասաց, որ երբեք այդքան մեքենա չէր տեսել իրենց համայնքի տարածքում ու պատմեց. «Բողոքներ են եղել, ոստիկանությունը որոշել է փակել: Մեր ավագանու անդամներից մեկն այսօր այնտեղ էր. ոստիկանությունն ասել է, որ փակվել է ՀՀ պարետի հրամանով: Հարցրել է՝ ո՞ւմ կարող ենք դիմել, որ բացվի, ոստիկանները պատասխանել են՝ միայն պարետին»:

Համայնքի ղեկավարն ասաց՝ հավատում է, որ քաղաքացիների կողմից անվտանգության կանոնները չեն պահպանվել և հավաստիացրեց՝ այդքան մեքենա երբեք այդտեղ չի տեսել: Նաև մանրամասնեց. «Այնքան շատ էին մեքենաները, որ օրինակ, երբ ուզում էի թեքվել դեպի Վանաձոր, այդ ճանապարհը կես ժամ սպասել եմ, որ թեքվեմ, այդքան շատ մեքենա էր գալիս»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031