Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Դավիթ Անանյանի եւ վարչապետի տարաձայնությունը եղել է բացառապես աշխատանքային բնույթի` կապված կադրային խնդրի հետ: Այս մասին ՀԺ-ին հայտնեցին ՊԵԿ-ից՝ հավելելով, որ մասնագիտական պրոֆեսիոնալ դաշտում որեւէ խնդիր չի եղել:
ՀԺ-ն թեմայի վերաբերյալ մի քանի հարց է ուղղել նաեւ Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պարտականությունները կատարող Ռաֆայել Զաքարյանին։
– Պարոն Զաքարյան, ե՞րբ է ՊՎԾ-ն սկսել ստուգումներ իրականացնել ՊԵԿ-ում եւ ի՞նչ ստուգումներ են դրանք։
– ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ՊԵԿ-ում ուսումնասիրությունը սկսվել է մայիսի 13-ին: Ուսումնասիրությունը վերաբերում է 2018-2020 թվականներն ընկած ժամանակահատվածում ՊԵԿ-ի կողմից կատարված ծախսերին:
Կարդացեք նաև
– Արդյո՞ք սրանք պլանավորված ստուգումներ են։ Եթե ոչ, ապա ի՞նչ հանգամանքից ելնելով է այդ ստուգումն իրականացվել՝ քաղաքացու դիմումի՞, թե վարչապետի հանձնարարականի։
– «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքով ուսումնասիրությունները իրականացվում են ՀՀ վարչապետի համաձայնությամբ եւ Ծառայության ղեկավարի հանձնարարագրի հիման վրա: ՊԵԿ-ում ուսումնասիրություն իրականացնելու համաձայնությունը ստացվել է ավելի վաղ, սակայն աշխատանքային ծանրաբեռնվածությունից ելնելով՝ այն մեկնարկել է միայն վերջերս:
– Որքա՞ն ժամանակ է նախատեսված իրականացնել այդ ստուգումները։
– Ուսումնասիրությունը նախատեսված է մինչեւ հունիսի 30-ը, սակայն աշխատանքների ծավալից կախված ժամկետները կարող են փոփոխվել:
– Ձեր կարծիքով, արդյո՞ք ձեր հայտնաբերած կամ գուցե եւ առաջիկայում հայտնաբերվելիք տեղեկությունները այնպիսին են, որ կարող էր ստիպել կոմիտեի նախագահին ազատման դիմում գրել։
– Ուսումնասիրությունը դեռ ընթացքի մեջ է և հնարավոր խնդիրների մասին խոսելը դեռ վաղ է: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ ՊՎԾ ուսումնասիրությունը ՊԵԿ նախագահի հրաժարականի հետ կապելը իրատեսական չէ:
– Պարոն Զաքարյան, կարո՞ղ եք նշել, թե բացի ՊԵԿ-ից այս պահին էլ որ գերատեսչություններում է ՊՎԾ-ն ստուգումներ իրականացնում։
– ՊՎԾ-ն այս պահին ուսումնասիրություններ եւ մշտադիտարկումներ է իրականացնում մի շարք պետական կառավարման մարմիններում: Առաջիկայում նախատեսվում են այլ ուսումնասիրություններ եւ մշտադիտարկումներ եւս, որոնց վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել ներկա փուլում նպատակահարմար չէ: ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ուսումնասիրությունների արդյունքները հրապարակում է համապատասխան տեղեկանքների ամփոփումից հետո:
Նիկոլայ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում


















































