Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Լավ, ենթադրենք Հայաստանի ԱՆ-ն սխալ հայտարարություն է արել: Բա աշխարհի մնացած երկրներո՞ւմ ովքեր են սխալ հայտարարություն արել»

Հուլիս 01,2020 23:03

Այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույցի ավարտին վարչապետը ավանդաբար պատասխանեց ԶԼՄ-ների՝ իրեն ուղղված երկու հարցի:

Հայաստանում կորոնավիրուսի համավարակի պայմաններում որքանո՞վ է հաշվի առնվում մասնագիտական հանրույթի կարծիքը, քանի որ աշխարհի տարբեր զարգացած երկրներում կառավարություններին կից ստեղծվում են տարբեր մասնագիտական խմբեր, որոնք զբաղվում են համաճարակային հարցերով, որոշ երկրներում մասնագիտացված ինստիտուտներ են զբաղվում այդ գործով, իսկ կառավարությունն ու նախարարությունը լսում են մասնագետներին՝ քաղաքականությունն իրականացնում ըստ այդմ:

Այս հարցին Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Հայաստանում, ըստ էության, մասնագետները գրեթե ամբողջությամբ ներգրավված են առողջապահական համակարգում եւ, բնականաբար, այդ միասնական համակարգի մաս են կազմում: Բացի այդ, մենք մի քանի այդպիսի քննարկումներ, հանդիպումներ նախաձեռնել ենք, մասնավորապես, ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի աջակցությամբ եւ պայմանավորվել ենք, որ առողջապահության հարցերի հանձնաժողովը կհավաքագրի առաջարկները եւ դրանք կփոխանցի պարետատուն: Բայց ուզում եմ ասել հետեւյալը, որ այսօր ըստ էության աշխարհում կորոնավիրուսի դեմ պայքարի մեթոդների մասին չկա ոչ մի նորություն:

Այսինքն, ինֆորմացիան բաց է, թե՝ ինչ հարկավոր անել չվարակվելու համար: Եվ նաեւ մեր մասնագետները, ըստ էության ամբողջ ծավալով ներգրավված են կորոնավիրուսի դեմ պայքարին: Հիմա նաեւ օտարերկրյա բժիշկներ, մասնագետներ են գալիս, սփյուռքի ներկայացուցիչների հետ ենք մենք պարբերաբար քննարկումներ ունենում: Այնպես որ, մենք այսօր չունենք խնդիր՝ պատկերացում կազմելու համար, թե ինչ է պետք անել արդյունքի հասնելու համար: Մենք ունենք խնդիր կանոնները պահպանելու տեսակետից, որովհետեւ այսօր բոլոր մասնագետները խորհուրդ են տալիս, որ դիմակ կրենք, պահպանենք սոցիալական հեռավորություն: Բայց մենք ամեն օր ունենում ենք մինի ճգնաժամեր կամ մաքսի ճգնաժամեր: Երեկ, օրինակ, մենք այդպիսի ճգնաժամ ունեցանք Varks.am կազմակերպության հետ կապված, երբ պարզվեց, որ կազմակերպությունը լուծարվող իր հաճախորդներին sms է ուղարկել եւ ասել, որ եթե մինչեւ hուլիսի 30-ը ձեր պարտավորությունների ինչ-որ մասը վճարեք, տույժ-տուգանքներից կազատվեք: Եվ մենք երեկ ունեցանք զանգվածային հոսք դեպի այդ կազմակերպություններ: Մինչդեռ, մենք երկար ժամանակ աշխատում ենք, որպեսզի բոլոր այս դեպքերում կարողանանք մեր քաղաքացիներին եւ կազմակերպություններին հորդորել, նաեւ վարչական լծակներ գործադրել, որպեսզի պահպանվեն հակահամաճարակային կանոնները:

Նկատի ունեմ՝ այսօր չկա նորություն, չկա մի տեղեկատվություն, որը մեզ հասու չէ: Խնդիրը առկա հակահամաճարակային կանոնները պահելու մեջ է: Բայց մենք այսօր շարունակաբար բախվում ենք զանգվածային կանոնները չպահելու հետ: Ես այսօր փորձեցի նայել միջազգային մամուլը: Հիմա այդ պրոբլեմը կա ամբողջ աշխարհում: Մեզ թվում էր, որ սա հայաստանյան երեւույթ է»:

Հաջորդ հարցը վերաբերում էր Հայաստանում կորոնավիրուսի հայտնաբերման առաջին օրվանից ակտիվորեն դիմակ ձեռք բերելուն եւ կրելուն: Եվ եթե դա կառավարության համոզմամբ կորոնավիրուսը կանխելու հիմնական մեթոդներից մեկն է, կարելի է ենթադրել, որ մենք վարակը վաղուց հաղթահարած կլինեինք, եթե ոլորտի գլխավոր պատասխանատուն քաղաքացիներին պարզապես չհամոզեր, որ դիմակն անօգուտ է: Ինքը չի՞ կարծում, որ այժմ կառավարությունը դժգոհում է քաղաքացիների այն վարքագծից, որն օբյեկտիվորեն ձեւավորվել է գործադիր մարմնի անդամի գործողությունների ու հայտարարությունների արդյունքում: Նաեւ հանրության մեջ տեղեկատվության մեծ բաց կա: Վարչապետը չի՞ պատրաստվում այս թեմայի շուրջ տարբեր տեսակետներ ունեցող բժիշկ-մասնագետների խորհուրդ ձեւավորել, որը հանրությանը հուզող հարցերի սպառիչ մասնագիտական պատասխաններ կտա:

«Այդ տեսակետները ոչ թե Հայաստանի ԱՆ թիվ մեկ պատասխանատուի կողմից են հնչեցվել, այլ աշխարհի առողջապահության համար պատասխանատու թիվ մեկ կազմակերպության: Ի սկզբանե եղել է դիրքորոշում, որ դիմակ պետք է կրեն հիվանդները եւ նրանց խնամողները, որովհետեւ դիմակը պաշտպանում է ոչ թե վարակվելուց, այլ վարակելուց: Սա եղել է ԱՀԿ արձանագրումը: Հետո փոխվել է որոշակի գիտելիք եւ իրավիճակ: Կար նաեւ երկրորդ խնդիրը: Երբ ասում ենք՝ ժողովուրդ, դիմակ կրեք, իսկ խանութներում եւ դեղատներում դիմակ չկա, հարց չի՞ առաջանում, թե դա ինչ կոչ է: Դրա համար պետք էր նաեւ դիմակների սպառումը զսպել, որպեսզի հիվանդանոցներում բժիշկները կարողանան դիմակ ունենալ:

Այսօր աշխարհում 10 միլիոնից ավելի դեպք է արձանագրվել: Լավ, ենթադրենք Հայաստանի ԱՆ-ն սխալ հայտարարություն է արել: Բա աշխարհի մնացած երկրներո՞ւմ ովքեր են սխալ հայտարարություն արել: Համավարակը ծավալվում է: Ո՞ւմ սխալ հայտարարության, ո՞ւմ չարած գործողության հետեւանքով է վարակը տարածվել:

Մեր հիմնական խնդիրն այսօր այն է, որ բուժօգնության կարիք ունեցող ոչ մի հիվանդ առանց բուժօգնության չմնա: Մեր երկրում առողջապահական հզորությունները շարունակում են ծավալվել: Վաղը, ըստ ամենայնի կբացվի Սպիտակի ԲԿ-ն՝ 100 մահճակալով, որոնք բոլորը հագեցած են թթվածնային սնուցմամբ: Առաջիկայում սպասում ենք Մարտունու ԲԿ-ին՝ 50 մահճակալով: Առաջիկայում նաեւ «Մեդլայն» ԲԿ-ում շուրջ 60 մահճակալ կծավալվի կորոնավիրուսի համար:

Պետք է քաղաքական շահարկումներից դուրս գանք: Լավ, ենթադրենք՝ ունենք 20 հազար դեպք մեր, իմ սխալի պատճառով: Աշխարհի 10 միլիոն դեպքը ո՞ւմ սխալի պատճառով է առաջացել: Բոլորը, բացառությամբ չորս-հինգ երկրի, որոնք հայտարարում են, որ շատ լավ վիճակում են, բոլոր երկրները սխալվել են: Դա նշանակում է, որ բոլորը եղել են նույն իրավիճակի մեջ եւ նույն ճանապարհով են գնացել առաջ: Հիմա մենք պետք է հարցը հասկանանք՝ ուզում ենք իրավիճակը վատանա՞, թե լավանա:

Ասում են՝ տարբեր մասնագետների կարծիքը լսենք: Մասնագետներ կան, որ մինչեւ հիմա ասում են, թե կորոնավիրուսը սուտ է, չկա այդպիսի բան: Էհ, լսենք: Լսենք՝ մարդիկ շարունակեն մահանալ: Ասում են՝ դիմակ մի կրեք: Բայց մենք պետք է ելնենք այն փորձից, երբ ԱՀԿ ներկայացուցիչները եկել եւ այն ժամանակ ասում էին, որ այս ընթացքը ցույց տվեց, որ չկա ճիշտ որոշում, չկա սխալ որոշում, որովհետեւ բոլոր որոշումները մասամբ արդարացվում են, մասամբ չեն արդարացվում: Եվ հետեւաբար, իմ կոչն է եւ խնդրանքը, որ մենք կենտրոնանանք մի խնդրի վրա, որի լուծման գործում մեզնից յուրաքանչյուրը ունի անելիք: Եվ երբ յուրաքանչյուրն անում է իր անելիքը, մենք հաղթահարում ենք, եթե ոչ՝ ոչ»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031