Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազատություն» ռ/կ-ի տեսագրություններից պարզ դարձավ, որ ոստիկանությունը կեղծ ապացույցներ է ներկայացրել». Անդրիաս Ղուկասյան

Հուլիս 03,2020 18:45

2016թ.-ի հուլիսին զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու համար մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի գործով հերթական դատական նիստում այսօր ուսումնասիրվել է գործում որպես ապացույց առկա՝ «Ազատություն» ռադիոկայանի կողմից 2016թ.-ի հուլիսի 29-ի իրադարձությունների ուղիղ եթերով հեռարձակման տեսագրությունները:

Aravot.am-ի հետ զրույցում Անդրիաս Ղուկասյանը նշեց՝ տեսագրությունների ուսումնասիրությունների արդյունքում ի հայտ եկավ այն հանգամանքը, որ ոստիկանությունը քննչական մարմնին կեղծ ապացույցներ էր ներկայացրել. «Ի սկզբանե ներկայացրել էր, թե Սարի թաղում մի քանի ավտոբուսներ, որոնք բերել էին ոստիկաններին, վնասվել են կրակոցներից, բայց պարզվեց, որ այդ ավտոբուսներից առնվազն մեկն արդեն վնասված էր եկել-հասել Սարի թաղ: Տեսագրություններում դա պարզ երեւում էր, ինչպես նաեւ այն, որ ինձ առաջադրված մեղադրանքում նկարագրվածը չի համապատասխանում իրադարձությանը»:

Անդրիաս Ղուկասյանը շեշտեց՝ քանի որ «Ազատություն» ռ/կ-ն տեսագրում էր երկու տեսախցիկով՝ Սարի թաղի եւ Խորենացի փողոցի իրադարձությունները, հնարավոր եղավ դրանք համադրել եւ պարզ դարձավ հետեւյալը՝ երբ ոստիկանները Սարի թաղում ցուցարարներին առաջարկում էին ցույցը դադարեցնել եւ իջնել Խորենացի փողոց, այդ պահին Խորենացի փողոցում ոստիկանությունն արդեն ցրում էր ցույցը. «Այսինքն, ոստիկանության այդ առաջարկը կեղծ էր եւ իրականում նպատակ չէր հետապնդում բախումից խուսափելու, այլ ոստիկանությունը մտադրված էր ուժ գործադրել: Անգամ, եթե քաղաքացիները փորձեին իրագործել ոստիկանության առաջարկը, չէին կարողանալու, որովհետեւ հետ գալով դեպի Նար-Դոսի փողոց՝ նորից հայտնվելու էին ոստիկանական հարվածների տակ: «Ազատություն» ռադիոկայանի նկարահանումներից երեւում է, որ ոստիկանությունը նույն պահին արդեն ցրել էր Խորենացի փողոցում ընթացող ցույցը եւ անցել էր Նար-Դոսի փողոցում գտնվող քաղաքացիներին բերման ենթարկելուն»:

Մեր զրուցակցի բնորոշմամբ՝ իրադարձությունների վերջնական պատկերից կարելի է եզրակացնել, որ Սարի թաղում զանգվածային անկարգություններ չեն եղել, իսկ ոստիկանությունը փորձել է բախում հրահրել իր իսկ ներդրած աշխատակիցների միջոցով, ինչը չի ստացվել, որի պատճառով բացահայտ ուժ է կիրառել՝ օրենքով չսահմանված եղանակով, առանց նախազգուշացման. «Նման պայմաններում ոստիկանությունն իրավունք չուներ հատուկ միջոցներ՝ լուսաձայնային նռնակներ կիրառելու: Դրա հետեւանքով հարյուրից ավելի քաղաքացիներ վնասվածքներ ստացան: Այս ամենը կոծկելու համար քրեական գործ հարուցվեց զանգվածային անկարգությունների վերաբերյալ, որը մինչեւ հիմա դատախազությունը շարունակում է պնդել, ինչը վկայում է, որ այսօրվա իշխանությունը նախորդի իրավահաջորդն է: Իմ գործը ցույց է տալիս, որ եթե բացենք այսօրվա քաղաքական ուժը, մեջից, հավանաբար, դուրս կգա Սերժ Սարգսյանը, ինչպես «մատրյոշկայի» միջից մեկ այլ «մատրյոշկա» է դուրս գալիս: Այսօրվա ուժերը շարունակում են Սերժ Սարգսյանի ժամանակվա շինծու գործերը, իսկ «Իմ քայլը» դաշինքը դա չի համարում առիթ՝ գլխավոր դատախազին անվստահություն հայտնելու: Սա հիմք է տալիս համարելու, որ «Իմ քայլը» հանդիսանում է նախորդ ռեժիմի իրավահաջորդը»: Հավելենք, որ այս գործով հաջորդ դատական նիստը կկայանա հուլիսի 13-ին ժամը 10:30-ին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031