Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս անգամ գործարարներն են վարչապետին դուխ տվել». Փաշինյանի հետ հանդիպումից մանրամասներ է պատմում գինեգործը

Հուլիս 22,2020 21:00

 Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպել է մի շարք գործարարների հետ. Քննարկել են տնտեսական խնդիրներն ու իրավիճակը:

Այս հանդիպումն իր ձեւաչափով էապես տարբերվում էր հեղափոխությունից առաջ եւ հետո տեղի ունեցած նախորդ բոլոր հանդիպումներից: Aravot.am-ի հետ զրույցում ասում է «Մարան» գինեգործական ընկերության հիմնադիր տնօրեն Ավագ Հարությունյանը: Նա ներկա էր այս հանդիպմանը եւ որոշ փակագծեր է բացում: Ասում է՝ մինչ հանդիպումը երկու կողմերն էլ շատ լավ պատրաստվել էին, դեռ 2,5 շաբաթ առաջ գործարարներն իրենց կարեւոր հարցերն ուղարկել էին կառավարությանը, որն էլ մինչ հանդիպումը ամեն հարցին իր պատասխաններն էր ուղարկել յուրաքանչյուր գործարարի:

«Այս հանդիպումը նախորդներից տարբերվում էր, որովհետեւ որեւէ հարցի շուրջ չհամաձայնվելն ու համաձայնվելը շատ տակտիկական բնույթ ուներ, եւ հանդիպումը ավելի շատ հայեցակարգային էր ու շատ հետաքրքիր է, որովհետեւ, ոչ թե քննարկվեց տվյալ հարցը, որը մենք տվել էինք, այլ հայեցակարգային այն բաղադրիչները կամ մեծ պատճառները, որոնք ծնել են այդ հարցը: Խորը վերլուծություններ կատարվեցին, կոնկրետ հարցը գեներացնում էր հայեցակարգային պատճառների փնտրտուք եւ լուծում: Ամենահետաքրքիրն այն էր, որ վարչապետն առաջին անգամ սա դիտարկեց ընդհանուր ռազմավարության մեջ: Այսինքն, երբ մենք բարձրացնում էինք, ենթադրենք, գույքահարկի, խաղողի մթերման կամ շինարարության մասին հարց, դա դիտարկվում էր ընդհանուր պետության զարգացման հայեցակարգի մեջ՝ կորոնավիրուսի համավարակ, պատերազմ, ընթացիկ իրավիճակ եւ այլն»,-ասում է պարոն Հարությունյանը:

Նախկին իշխանություններն էլ պարբերաբար հանդիպումներ էին կազմակերպում գործարարների հետ, խնդիրները քննարկում, բայց հետո գործարարները դժգոհում էին, որ կառավարությունը իր խոստացած լուծումները չէր տալիս: Ի պատասխան մեր այս դիտարկմանը, պարոն Հարությունյաննն ասում է՝ նախորդ իշխանությունների հետ հանդիպումները անձնական հարցերը լուծելու հարթակ էր, ինչ-որ մեկն իր անձնական բիզնեսի խնդիրը բերում էր եւ դա առիթ էր, որպեսզի վարչապետին բան ասվեր.«Հիմա, քանի որ շատ լուրջ խոսակցություն գնաց ընդհանուր պետության զարգացման , դրա արգելակման կամ չզարգացման պատճառների մասին, որ մարդիկ անհարմար զգացին կամ գտան, որ տեղին չէ նեղ անձնական կամ նեղ ոլորտային փոքրիկ խնդիրներ արծարծեն»:

Ավագ Հարությունյանն ասում է՝ այսօրվա քննարկումը շատ դրական էր, վարչապետն էլ էր դրական տրամադրված, նույնիսկ հումոր էր անում.«Եվ բացի այս, ակնհայտ էր, որ նա խնդիրները դիտարկում էր շատ ավելի լայն տեսանկյունից, քան մենք ենթադրում ենք»:

Թե ինչ խոստում կամ հույս տվեց վարչապետը գործարարներն՝ ճգնաժամից դուրս գալու, բիզնեսին աջակցելու իմաստով, պարոն Հարությունյանն ասում է՝ հանդիպման ձեւաչափը հակառակն էր.«Գործարարները եկել էին վարչապետին հույս տալու, որ մենք ձեր կողքին ենք, դուխով գնա առաջ, որովհետեւ իրավիճակը դա էր թելադրում: Իհարկե, դրան արձագանքեց վարչապետն, ասելով, որ կառավարությունն ամեն ինչ կանի, որ տնտեսությունն առաջ գնա»:

Որքան էլ քննարկումը լայն ռազմավարական համատեքստում է եղել, գինեգործը հաջողացրել է այս ոլորտի խնդիրները ներկայացնել, Հարությունյանն ասում է՝ խաղողագործության եւ գինեգործության ոլորտում համավարակի պատճառով այնքան խնդիրներ են ծագել, որ ինքն ամենաշատն է խոսել, ասում է՝ բարձրախոսը բաց չէր թողնում.«Այս տարի խաղողը շատ-շատ է, փողը՝ քիչ, տարաները լցված են, տեղ չկա , բայց իդեալական բերք ունենք, դրա համար մի քիչ այլ մոտեցում պետք է ցուցաբերվի այս ոլորտին»:

Արդյոք պետությունն այստեղ անելիք ունի, նախկինում էլի նման խնդիրներ էին լինում, բերքը շատ էր լինում, մթերումը՝ քիչ կամ ցածր գներով, գյուղացիները բողոքի ցույցեր էին անում, հարցը լուծվում էր, երբ կառավարությունը գործարարին պարտադրում էր մթերել;

Ավագ Հարությունյանն ասում է՝ նախկինում ուրիշ էր իրավիճակը.«Առաջ գյուղացու եւ իշխանության միջեւ կար գործարք. դու տալիս ես քո ձայնը, վերցնում ես կամ հինգ հազար դրամը կամ էլ ես քեզ համար մի բան եմ անում կամ խաղողն եմ մթերում կամ մեկին ստիպում եմ մթերի: Նախկին կեղտոտ խաղի մեջ էին երկու կողմերը եւ իշխանությունը եւ գյուղացիությունը, երկուսն էլ մասն էին կեղծիքների, որի արդյունքում ձեւավորվում էր պետական իշխանությունը, օլիգարխիան, փողը եւ այլն: Դրա համար, երբ գյուղացուն մի բան դուր չէր գալիս, ցույց էր անում, ճանապարհ փակում: Այս տարի այլ է՝ գյուղացիությունը չի մտել իշխանության ձեւավորման կեղտոտ խաղերի մեջ, գյուղացիությունը շատ մաքուր է, արդար ու մենակ իր խնդիրների հետ»: Հիմա, ինչպես գործարարն է ասում, խնդիրների ամբողջ բեռը ՝ փիլիսոփայական եւ բարոյական, արտադրողի վրա է ընկել, գյուղացին հիմա հնարավորություն չունի գործարքի մեջ մտնել կամ ապագա պատգամավորի կամ գյուղապետի հետ եւ քաղաքական որոշման հնարավորություն չունի, եւ հիմա գյուղացու հետ պետք է լինել ազնիվ ու բարոյական.« Բայց այս ազնվությունն ու բարոյականությունը շատ թանկ է նստելու արտադրողի վրա, որովհետեւ արտադրողը տեղ չունի, փողերը չի ստացել, իրացում չունի, եւ այլն: Հիմա պետությունն ասաց՝ արտադրող, ես քո կողքին եմ, դու որքան գումարի կարիք ունես ես քեզ անտոկոս վարկ եմ տալիս: Իսկ սա շատ մեծ բան է եւ երբեք այդպես չի եղել»:

Կառավարությունն արտադրողներին առաջարկել է անտոկոս վարկեր 18 ամսով, գործարարներն առաջարկել են 24 ամսով: «Պատկերացնո՞ւմ եք, 24 ամսով անտոկոս վարկ, վեց ամիս՝ արտոնյալ: Սրանով շատ լավ պայմաններ են ստեղծվում, որպեսզի գյուղացուն չնեղացնենք: Հիմա մեր հերթն է, որպեսզի մենք մեզ մի քիչ նեղենք, բայց բերքը չմնա»,-ասում է գինեգործը:

Պարոն Հարությունյանը հիշեցնում է՝ 17 տարի հարցեր էին բարձրացնում կառավարության առաջ, բայց լուծում չէին տալիս. «Որովհետեւ կառավարության անդամը, պատգամավորները նույն խաղող ու գինի արտադրողներն էին, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ուներ բիզնես եւ ինչ-որ տեղ դա հակասությունների հող էր, վարչապետը, նախագահի շրջապատը, պատգամավորները բիզնեսներ ունեին, եւ ամեն հարց, որ բարձրացնում էինք, անցնում էր բոլոր բիզնեսների ֆիլտրերով, եւ եթե ինչ-որ մեկի ոտքը չէր տրորվում, այդ հարցը լուծվում էր, իսկ իրականում, ոչ մի հարց չէր լուծվում, որովհետեւ միշտ ինչ-որ մեկի ոտքը տրորվում էր: Իսկ այս մեկուկես տարում գինեգործության բնագավառում գլոբալ շատ խնդիրներ լուծվեցին, այժմ կառավարության ներկայացուցիչների հետ դինամիկ, ռացիոնալ ճանապարհով գնում ենք»:

Գործարարն ասում է՝ բերքը չի մնա, բայց մթերման գինը ցածր կլինի, գյուղացին պիտի հասկանա՝ մթերողները 50% վնաս են կրել, ու թեեւ աշնանը առեւտուրը մի քիչ կաշխուժանա, բայց տարին կփակվի 30% վնասով:

Կորոնավիուսի համավարակի պատճառով հայկական գինու ներքին սպառումն ու արտահանումը եւս անկում է գրանցել, մոտ 50%: Գործարարն ասում է՝ հիմնական գործընկերը ռուսական շուկան էր, որտեղ աղետալի իրավիճակ է, մի շարք պատճառներով այս շուկայում անկայունություն է եւ գնողունակությունն է ընկել, դրան գումարած՝ մրցակիցներն իրենց ապրանքի գինն իջեցրել են, հայկականը տեղ չունի իջնելու, ու ՌԴ-ի շուկայում ֆրանսիական ու հայկական գինիների գները գրեթե հավասարվել են, գնորդն էլ իներցիայով նախընտրում է ֆրանսիականը: Մինչդեռ հայկական գինին չի զիջում ֆրանսիականին, Հարությունյանն ասում է՝ մի բան էլ հակառակը, որովհետեւ վերջին հինգ տարում հայկական գինու արտադրությունը արմատապես ու որակապես փոխվել է: Հաջորդ շուկան ԱՄՆ-ն է, այստեղ էլ նույն խնդիրներն են:

Գործարարը կարծում է եկող տարի այս ոլորտի համար լավ շրջան է լինելու, հիմա եվրոպական եւ չինական շուկաները վերականգնվում են, ընդ որում, Եվրոպայում նախկինի պես միայն հայերը չեն գնում հայկական գինին, մեր գինին եվրոպական շուկայում ճանաչված եւ սիրված է. «Այս միտումը կշարունակվի: Այս տարի վատ է վիճակը, բայց եկող տարի սպասում ենք ծաղկուն շրջանի»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Gagik says:

    Մի կողմից քյամանչան առած գովերգումա իշխանությանը, թե բոլոր հարցերը լուծել են, անտոկոս վարկ բան, լրիվ լավա, մյուս կողմից ողբա կապել, թե շուկա չունենք էս չունենք։ մի գուցե նախկինում ճիշտ էլ արել են որ գինեգործությանը տեղ չեն տվել։ գինին էժանագին խմիչքա ու լուրջ խնդիր երկրի տնտեսության համար չի լուծելու։ Շեշտը կոնյակի վրայա պետք դնել։

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031