Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ 148 մլն դոլարը պետք է մտներ պետբյուջե, չմտավ, Վազգեն Սարգսյանը փորձեց պարզել, բայց հետո եղավ հոկտեմբերի 27-ը»

Հուլիս 31,2020 19:45
Vahagn Khachatryan

«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնն» այսօր քննարկում էր կազմակերպել «Մասնավորեցումը եւ օտարերկրյա ներդրումները Հայաստանի Հանրապետությունում 1997-2020 թվականներին» հետազոտության շուրջ: Այս հետազոտությունը վերաբերում է վերջին 20 տարիներին կատարված խոշոր գործարքներին:

ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը, որը մասնակցում էր այս քննարկման որոշ օբյեկտների մասնավորեցմանն անդրադարձավ, նշելով՝ նախկին իշխանությունները խայտառակ գործարքներ են կատարել: Պարոն Խաչատրյանն օրինակ բերեց Մարիոթ Արմենիա հյուրանոցի օտարման գործընթացը. «Այն փաստաթղթերը, որոնք ինձ մոտ են, եթե չալարեմ, տամ քննչական մարմիններին, իսկ դրանք պաշտոնական փաստաթղթեր են, պետք է գործ հարուցեն: Հյուրանոցի մասնավորեցումն անհասկանալի, ոչ թափանցիկ ձեւով է եղել ,ոչ հրապարակային՝ ինչպես ստացվեց, ովքեր սեփականատեր դարձան, ոչ ոք չիմացավ»:

Էներգետիկ ոլորտի օբյեկտների մասնավորեցումը տնտեսագետը եւս խնդրահարույց եւ կոռուպցիոն գործարք է համարում: Այդ բոլոր գործընթացները խայտառակություն էին իրենց թափանցիկությամբ, բովանդակությամբ եւ նաեւ արդյունքներով, որի տուժողը ՀՀ քաղաքացիներն են: Երբ ասում եք, որ պետք է մեծացնել ԱԺ-ի եւ վերահսկողական կառույցների կարողությունները, դրանք եղել են, ուղղակի ցանկություն չի եղել աշխատելու մինչեւ 2018 թվականը: Ո՞վ կարող էր արգելել Արմենտելի մասնավորեցումը, երբ Ռոբերտ Քոչարյանը մի գիշերում մասնավորեցրեց: 1997-ին ՀՀ եւ ՌԴ նախագահների միջեւ, հետո կառավարությունների միջեւ պայմանավորվածություն եղավ, որ Հայգազը, որ հետո Հայգազարդ դարձավ, հետո՝ Հայռուսգազարդ, պետք է մասնավորեցվեր՝ 45% բաժնետոմսերը ՌԴ կառավարությանը, 10%-ը՝ Իտերային, 45%-ը՝ ՀՀ կառավարությանը: Այնտեղ՝ մի կետ կար, ուրեմն՝ 45% -ը ՌԴ-ն պետք է փոխանցեր մատակարարվող գազով, որի արժեքը 148 մլն դոլար էր, նախնական պայմանավորվածությունն այս էր ու 148 մլն դոլարը պետք է մտներ պետբյուջե: Այդ գումարը չկա, մինչեւ հիմա չկա, որտե՞ղ է, ո՞վ է վերցրել, պարզ չէ: Վազգեն Սարգսյանը, երբ 1999-ին վարչապետ էր, փորձեց էդպիսի մի հանձնաժողով ստեղծել, բայց հետո կորավ, այսինքն կորավ, որովհետեւ հետո եղավ հոկտեմբերի 27-ը, Վազգեն Սարգսյանը… ու վերջ:

Հիմա էլ շարունակվում են անորոշությունները: Որոտանի ՀԷԿ-ը՝ խոսակցությունները, թե ամերիկյան, ռուսական ներդրում, որեւէ նշանակություն չունի: Որոտանի ՀԷԿ-ի մասնավորեցման ամբողջ պատմությունը ամերիկյան կողմի պահվածքի արդյունք է: Նախ` գնորդն ամերիկյան օվշորում էր գրանցված, իսկ ՀՀ-ում գրանցված էր հայտնի փեսայի գրասենյակում՝ 2-րդ կողմն այդ գործարքի: Որեւէ գումար դրսից չի եկել, գույքը գրավ դրվեց ՀՀ բանկերում՝ երկու տարում 180 մլն տվեցին»: Այսինքն, ինչպես պարոն Խաչատրյանն ասաց, այնպիսի ընկերություն չէ, որը էներգետիկ ոլորտում փորձ ունեցող ու հայտնի կազմակերպություն էր, որը տեխնիկապես հագեցած էր ու կարող է Որոտանը դարձնել գերժամանակակից կայան. «Ու այնքան էին շտապում, որ 3 ջրամբարներն էին մասնավորեցրել, որը մեր օրենսդրությամբ մասնավորեցման ենթակա չէին: ՁորաՀԷԿ-ը, մարզահամերգային համալիրը եւս խնդրահարույց են, սրանք ՊՆ-ի հաշվեկշռում էին: Ուրեմն պաշտպանության նախկին նախարարը, որը հետո դարձավ երկրի ղեկավար, երեւի շատ է ուսումնասիրել Եգիպտոսի ՊՆ-ի փորձը, որովհետեւ այն պետություն է պետության մեջ, ունի իր սեփականությունը, գյուղատնտեսական տարածքներ, արտարդրություն, ու պատահական չէ, որ պաշտպանության նախարարներն են հեղաշրջում անում»:

Պարոն Խաչատրյանը գտնում է, որ կոնյակի գործարանի մասնավորեցման գործընթացն էլ արժանի է ուսումնասիրության. «1998 թվականին ԱԺ արտահերթ նիստ պետք է լիներ Մարիոթ հյուրանոցի, կոնյակի գործարանի եւ Արմենտելի մասնավորեցման հարցերը քննարկելու համար: Ռոբերտ Քոչարյանը կոպտագույն ձեւով խախտելով Սահմանադրությունը, չարեց»:

Քննարկման մեկ այլ մասնակից՝ պետական վերահսկողական ծառայության պետի պարտականությունները կատարող Ռաֆայել Զաքարյան էլ ասաց, որ իրենց ուսումնասիրություններով պարզել են, որ պետական շատ օբյեկտներ մասնավորեցրել են, որովհետեւ դրանք հսկայական պարտքեր են կուտակած եղել: Սակայն դրանց փաստաթղթերը ուսումնասիրելով, պարզել են, որ սկզբնական փուլում լավ էլ շահույթով են աշխատել. բայց ասենք հասույթի մի մասը փոխառություն են տվել այլ մասնավոր կամ պետական կազմակերպության. «Ունենք դեպքեր, երբ փոխառություններ են տրամադրում սնանկության գործընթացում գտնվող կազմակերպություններին: Պարզ է, որ այդ գումարները հետ չեն վերադառնալու»:

Պարոն Խաչատրյանն ասաց, որ ընդհանրապես պետությունը պետք է համարձակորեն մասնավորեցնի մասնավորեցման ենթակա օբյեկտները, կամ աութսորսինգ անի, ինչպես բանակի սննդի մատակարարման դեպքում է: Ընդ որում, տնտեսագետը չի ողջունում, որ մայրաքաղաքի սանմաքրումը պետական հիմնարկն է իրականացնում.«Որովհետեւ երկու տարի հետո քաղաքը գումար չի ունենալու ներդրում անելու համար, ու պետական բյուջեից է տանելու: Իսկ պետական բյուջեի փողը ճիշտ կլինի օգտագործել սոցիալական ծրագրերի վրա՝ ենթակառուցվածքների զարգացում եւ այլն»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031