Լրահոս
Օրվա լրահոսը

Ջրառատի երիտասարդները մնացել են տանը․ մոտ 400 «խոպանչի» չեն կարողացել մեկնել ՌԴ

Օգոստոս 05,2020 16:29

Ախուրյան խոշորացված համայնքի մոտ 1236 բնակիչ ունեցող Ջրառատ գյուղում տղամարդկանց մեծ մասը մեկնում էր արտագնա աշխատանքի, սակայն այս տարի կորոնավիրուսով պայմանավորված՝ բոլորը մնացել են գյուղում։ Սա դժվարացրել է ապրելակերպը, անելանելի դրության մեջ դրել գյուղացիներին։

Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում իր մտահոգությունը հայտնեց գյուղի բնակիչներից մեկը՝ Գևորգ Յայոլյանը՝ նշելով, որ գյուղից արտագնա աշխատանքի մեկնողների թիվը 300-ից ավելին էր։

«Մեր գյուղից խոպան մեկնողները շատ են, բայց էս տարի բոլորը մնացին տանը: 300 ավելի տղամարդիկ կան, որոնք գյուղում են, ո՛չ աշխատանք կա, ո՛չ աշխատելու հեռանկար։ Վիճակը շատ է վատացել, առանց դուրս գնալու անհնար է ապրելը», -ասաց մեր զրուցակիցը։

Ի դեպ, նա նաև դժգոհում էր, որ հողագործությունը սարերի մեջ գտնվող այս գյուղում ևս հեռանկարային չէ, քանի որ բերք գրեթե չեն ստացել, կարկուտն էլ եղածը տարել է։

Ջրառատ համայնքի վարչական ղեկավար Ահարոն Ոսկանյանն էլ մեր զրույցում փաստեց, որ գյուղում կյանքը բարդացել է․ վիրուսը մեծ վնաս է հասցրել արտագնա աշխատանքի մեկնողներին։

Մեր դիտարկմանը, թե Ջրառատում երիտասարդները շատ են, Ահարոն Ոսկանյանն ասաց․ «Երիտասարդների շատ լինելը պայմանավորված է համավարակի տարածմամբ, չեն կարողացել արտագնա աշխատանքի գնալ, որն էլ դժվարացրել է գյուղի ապրելակերպը։ Մենք դրսի փողերի վրա էինք մնացել․ տարեկան 400 ջահել տղերք գնում էին դրսում փող աշխատելու։ Մեզ մոտ հիմնականում անասնապահությամբ են զբաղվում, սարի գլխին ենք․ ո՛չ կարող ենք բոստան դնել, ո՛չ ջուր ունենք, ո՛չ բանջարեղեն, ո՛չ կարտոֆիլ, ցորենն էլ որ ցանում ենք, մենք մեկ հեկտարից լավագույն դեպքում ստանում ենք երկու տոննա ցորեն, ուրախանում ենք։ Իսկ հարթավայրային գյուղերը, որոնք 3-4 տոննա են ստանում, դժգոհում են, թե էս տարի լավ չեղավ»,-ասաց վարչական ղեկավարը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31