Լրահոս
Մուրճը եւ խաչը
Օրվա լրահոսը

«Ադրբեջանական կողմի շահերից չի բխում հրադադարի պահպանումը». «Օրբելի» կենտրոն

Օգոստոս 09,2020 16:33

«ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և համանախագահ երկրների առավել չեզոք անդրադարձը մեկ անգամ ևս վկայում է, որ վերջիններիս կողմից հասցեական հայտարարություն կարող է լինել միայն հրադադարի վերահսկման տեխնիկական միջոցների տեղադրման դեպքում։ Հակառակ պարագայում, ինչպես բազմիցս նշել են նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, կողմերի հայտարարությունները հավասար արժեք ունեն իրենց համար, իսկ հայտարարությունների մակարդակում կողմերից յուրաքանչյուրը մեղադրում է մյուսին»: Այս մասին ասվում է «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Տարոն Հովհաննիսյանի հեղինակած՝ «Հուլիսյան մարտեր․ պատճառները և հնարավոր հետևանքները» խորագրով օրերս հրապարակված վերլուծությունում:

Մատնանշվում է հետեւյալը. «Հուլիսի 18-ի իր ելույթում ՀՀ վարչապետ Ն․ Փաշինյանը, նույնպես ուշադրություն դարձնելով Ադրբեջանի նախագահի ագրեսիվ հռետորաբանությանը, վերջինիս կողմից ուժի սպառնալիքի կիրառման և տվյալ քաղաքականության շրջանակներում նախաձեռնած հարձակման վրա՝ նշում է, որ «պետք է հրադադարի ռեժիմի պահպանման վստահելի մշտադիտարկման միջազգային համակարգ ստեղծվի»։ Հուլիսի 23-ի ելույթում ՀՀ վարչապետը նույն հարցի վերաբերյալ նշում է, որ հրադադարի մշտական վերահսկողության առաքելությունը կարող է ստանձնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը՝ մշտական ներկայություն ապահովելով ՀՀ-Ադրբեջան պետական սահմանին և Արցախի շփման գծում»:

Վերլուծությունում հիշեցվում է, որ «Չվերահսկվող հրադադար» հոդվածում նշված խնդիրը դիտարկելիս արդեն իսկ ասվել է՝ 2011 թ․-ից առաջարկվող միջազգային մեխանիզմների ներդրմանը դեմ է եղել միայն Ադրբեջանը. «Ադրբեջանի քայլերի, այդ երկրի ղեկավարության հայտարարությունների վերլուծությունը ակնհայտ կերպով ի ցույց է դնում, որ ադրբեջանական կողմի շահերից չի բխում հրադադարի պահպանումը, և ընդհակառակը, նշված երկրի ռազմավարությունը հենված է «ուժի և ուժի սպառնալիքի կիրառման» քաղաքականության վրա։ Մյուս կողմից կարևոր է այս տեսանկյունից հիշատակել նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարի 2020 թ․ հունիսի 22-ի հայտարարությունը, որտեղ փաստացի վերջինս դժգոհում էր, որ Արցախում դիտարկման սարքերի առկայությունը Ադրբեջանին թույլ չի տալիս բացահայտ գործողություններ իրականացնել։ Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ հրադադարի պահպանման տեսանկյունից հստակ արդյունավետություն կարող է ունենալ տեխնիկական միջոցների տեղադրումը ողջ սահմանի երկայնքով, թե՛ Արցախի և Ադրբեջանի, թե՛ ՀՀ և Ադրբեջանի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի վերահսկմամբ, և որ նշվածը ձեռնտու չէ բացառապես Ադրբեջանին»:

 

Պատրաստեց Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31