Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսական կապիտալը եւ ազդեցությունը Հայաստանում». հետազոտություն

Օգոստոս 14,2020 14:00

Հայաստանի տնտեսությունը ծայրահեղ կախման մեջ է Ռուսաստանից: Այսպիսի եզրահանգման է եկել «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի»՝ «Մասնավորեցումը եւ օտարերկրյա ներդրումները Հայաստանի Հանրապետությունում 1997-2020 թվականներին» հետազոտության հեղինակը: Այս ուսումնասիրությունը վերաբերում է վերջին 20 տարիներին կատարված խոշոր  եւ խնդրահարույց մասնավորեցման գործարքներին:

Զեկույցի հեղինակը պարզել է՝ Ռուսաստանը 1997 թվականից ի վեր ՀՀ տնտեսության կարեւորագույն ճյուղերում՝ Էներգետիկա, բանկային համակարգ, հեռահաղորդակցություն, տրանսպորտային կապուղիներ, հանքարդյունաբերություն եւ այլ ոլորտներում ծանրակշիռ ու գլխավոր դերակատարում է ստանձնել՝ ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ընկերությունների մասնակցությամբ, հաճախ բավականին խնդրահարույց գործընթացների արդյունքում։

«Էներգետիկայի ոլորտում՝ Ռուսաստանից վառելիքի մատակարարումների մեծ ծավալն ու որեւէ այլընտրանքի բացակայությունը, հեռահաղորդակցության ոլորտում՝ բջջային կապի ծառայություններ մատուցող օպերատորների սակավությունը եւ ռուսական սեփականություն հանդիսացող ընկերությունների գերիշխանությունը, ֆինանսական ոլորտում՝ ռուսական կապիտալի զգալի ծավալը եւ Ռուսաստանի ֆինանսական շուկայում ցնցումների հավանականությունը մեծապես խոցելի են դարձրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը եւ երկրի կայունությունը: Հայաստանում գույքի անարդյունավետ եւ ոչ թափանցիկ կառավարումը, հաշվետվողականության բացերը, օրենսդրական թերությունները, կուտակված պարտքերը, ինչպես նաեւ լայնածավալ կոռուպցիան օգտագործելով՝ ռուսական պետական ընկերությունները տարբեր ժամանակներում տարբեր մարտավարություններ են կիրառել Հայաստանի բազմաթիվ, բայց գլխավորապես էներգետիկ ռեսուրսներին տիրանալու համար»,-նշվում է զեկույցում։

Ըստ նույն աղբյուրի, ռուսական ընկերությունները նախկին ԽՍՀՄ տարածքում իրենց ընդլայնումը սկսել են Հայաստանից: Օրինակ՝ Սեւան-Հրազդան կասկադը «ՌԱՕ ԵԷՍ»-ի առաջին արտադրող ընկերությունն էր, իսկ «Հայխնայբանկ» ՓԲԸ-ի գնումը «Վնեշտորգբանկ» ԲԲԸ-ի առաջին ձեռքբերումն էր նախկին խորհրդային տարածքում:

«Պետք է նկատել, որ ՌԴ-ն իր ընկերությունների հետ կնքված համաձայնագրերն օգտագործել է որպես գործիք, որպեսզի խոչընդոտի մրցակցությունը եւ Հայաստանի իշխանություններին պարտադրի հրաժարվել արեւմտյան գործընկերների հետ համագործակցությունից։ Այսպես՝ ՀԷՑ-ի սեփականաշնորհման ժամանակ Ռուսաստանի դեսպանը հայտարարել էր, որ մրցույթին ռուսական ընկերությունների մասնակցության արգելքը հակասում է տնտեսական համագործակցության խորացման ռուս-հայկական համաձայնագրի դրույթներին, մինչդեռ «Իտերա»-ն դուրս էր մնացել մրցույթից, քանի որ չէր ներկայացրել իր ֆինանսական բարվոք վիճակը հավաստող միջազգային աուդիտորական ընկերության եզրակացություն: Ռուսական պետական էներգետիկ ընկերություններն արել են ամեն հնարավորը, որպեսզի Հայաստանին թույլ չտան դիվերսիֆիկացնել իր էներգետիկ կարողությունները, միջպետական համաձայնագրերով խոչընդոտներ են ստեղծել գազի մատակարարման այլընտրանքային աղբյուրների եւ խողովակների համար: Ռուսաստանը, օգտվելով իր կողմից մատակարարվող գազից Հայաստանի կախվածությունից, ՀԷՑ-ի սեփականաշնորհման ամենավճռորոշ պահին ռուսական Գազպրոմի միջոցով գործի է դրել գազի մատակարարման դադարեցման սպառնալիքը, որպես ճնշման միջոց»,-նշվում է զեկույցում:

Ինչպիսին է Ռուսաստանի դերը Հայաստանի տնտեսության մեջ:

Ներկայումս ռուսական ընկերությունները ձեւավորում են Հայաստանում ստեղծվող արդյունքի զգալի մասը: Վերջիններիս սեփականություն հանդիսացող, նրանց կառավարման ներքո գտնվող եւ մատակարարումների առումով Ռուսաստանից զգալի կախվածություն ունեցող հայկական ընկերությունների վճարվող հարկերից պարզվում է,  որ բավական երկար ժամանակ այդ ընկերությունները ձեւավորել են ՀՀ տնտեսությունում ստեղծվող արդյունքի 15%-ը, որը 2018-ին նվազել է մինչեւ 13%:

Հեղինակը հղում անելով ՎԿ-ին, նշում է՝ 2013-2017թթ.-ին Հայաստանում Ռուսաստանի ներդրումները բացասական են եղել, ինչի պատճառով օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ պաշարը 2,530 մլրդ դրամից նվազել է մինչեւ 843 մլրդ դրամի: Բայց, հաշվի առնելով, որ ռուսական ներդրումների մի մասը հոսում է այլ երկրների միջոցով՝ Կիպրոսի, Լյուքսեմբուրգի եւ այլն, ՀՀ-ում Ռուսաստանի ներդրումները կարող են նաեւ էականորեն թերագնահատված լինել:

Զեկույցում նշվում է, որ էներգետիկ կախվածության եւ ռուսական ընկերությունների՝ ՀՀ տնտեսության բոլոր հիմնական ճյուղերում լայն ներկայացվածության պատճառով Հայաստանը խիստ խոցելի է ռուսական տնտեսության եւ ֆինանսական շուկաների ցնցումների նկատմամբ:

«Չնայած Հայաստանը փորձել է ներդրումներ ներգրավել աշխարհի տարբեր երկրներից, պաշտոնական վիճակագրության համաձայն Ռուսաստանը երկար տարիներ հիմնական ներդրողն է: Այդ  ներդրումների մի մասը եղել է ոչ թե ֆինանսական, այլ՝ գազի կամ ՀԱԷԿ-ին վառելիքի մատակարարման տեսքով: Եվ չնայած վերջին տասնամյակում Հայաստանում կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումներում Ռուսաստանի տեսակարար կշիռը նվազել է ՀՆԱ-ի 18-19%-ից մինչեւ 10.5%՝ Հայաստանի տնտեսությունը շարունակում է մնալ զգայուն գազի եւ այլ ռեսուրսների գների տատանումների նկատմամբ: Ռուսաստանի հետ առեւտրի ՀՆԱ 5-8%-ի չափով պակասորդը եւ Ռուսաստանի հանդեպ ՀՆԱ 2.5%-ը կազմող պետական պարտքը Հայաստանի տնտեսությունն ավելի խոցելի են դարձնում ռուսական տնտեսությունում ցնցումներից»,-ասում է հեղինակը:

Հեղինակը նկատում է՝  Ռուսաստանի՝ տնտեսական ազդեցությունը Հայաստանում բազմապատկվում է՝ պայմանավորված մի շարք այլ գործոններով՝աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանում ստեղծված իրավիճակով, հակամարտություններն ու տնտեսական դժվարությունները, նաեւ պատմական կապերը Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքականության վրա ազդելու բազմաթիվ գործիքներ են տալիս Ռուսաստանին:

Անդրադառնալով ՌԴ արտագնա աշխատանքի մեկնող մեր քաղաքացիների եւ ՀՀ ուղարկվող դրամական միջոցներին, հեղինակը նշում է՝ ֆիզանձանց անունով ՀՀ բանկերի միջոցով արտերկրից դրամական փոխանցումների վերաբերյալ տվյալներն ընդգծում են ՌԴ կարեւորությունն ու վերջինից ՀՀ տնտեսության կախվածությունը: Եթե 2004-2007թթ.-ին ԱՄՆ-ից ֆիզիկական անձանց ՀՀ բանկերի միջոցով դրամական փոխանցումներն ունեին որոշակի էական ծավալ, ապա 2007թ.-ից հետո այդ փոխանցումների դերը գրեթե զրոյացվել է՝ որոշակի չափով վերականգնվելով միայն 2014-ից հետո, երբ արեւմտյան երկրները պատժամիջոցներ կիրառեցին Ռուսաստանի նկատմամբ: Սա ընդգծում է ֆիզիկական անձանց անունով Ռուսաստանից կատարվող դրամական փոխանցումների ծավալից կախված՝ ՀՀ տնտեսության ակնհայտ խոցելիությունը, ինչն արդեն դրսեւորվել է 2009-ին եւ 2015-ին՝ 40%-ը գերազանցող անկումներով:

Պատրաստեց՝ Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
13.08.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31