Լրահոս
Օրվա լրահոսը

Իջեւանը խոշորացվում է 19 գյուղերով. ինչ անել, որպեսզի թնդանոթից միայն ճնճղուկի վրա չկրակեն

Օգոստոս 14,2020 22:30

Այս տարվա փետրվարի 6-ին կառավարությունը հավանություն տվեց «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» նախագծերի փաթեթին: Այսպիսով Տավուշի մարզում խոշորացվում է եւս մեկ  համայնք, որով այս մարզում կավարտվի խոշորացման գործընթացը: Միավորվելով՝ Իջեւան, Ազատամուտ,  Ակնաղբյուր, Աճարկուտ, Այգեհովիտ, Աչաջուր,   Բերքաբեր, Գանձաքար, Գետահովիտ, Դիտավան, Ենոքավան, Լուսահովիտ, Լուսաձոր, Խաշթառակ, Ծաղկավան, Կիրանց, Սարիգյուղ, Սեւքար, Վազաշեն համայնքները, դառնում են մեկ՝ Իջեւան խոշորացված համայնք:

2018 թվականից հետո մոտ 1,5 տարի համայնքների խոշորացման գործընթացը կանգ էր առել: Հիմա, թեեւ իշխանությունը որոշումն ընդունել է, սակայն Իջեւանի խոշորացման գործընթացը, կարելի է ասել, ավարտին չի հասցվել: Այս տարվա հունիսի 14-ին  այս համայնքներում պետք է ընտրություններ անցկացվեին, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով ընտրություններն անորոշ ժամկետով հետաձգվել են:

Իջեւանը խոշորանում է «շրջանային» մոդելով, ի տարբերություն այլ՝ «փնջային մոդելի»՝ ավելի փոքր խոշորացումների:  Խոշորացման այս տարբերակն ընտրվել է տեղացիների հետ քննարկումների արդյունքում, նրանց մեծ մասը  կողմ է եղել համայնքների միավորման «շրջանային» մոդելին:  Այս մասին նիստում ասել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Նա նշել է.«Այս համայնքների խոշորացման մոդելը մեծապես կախված է նրանից, որ շրջանային է, եւ ավելի խոշոր մոդելը ցույց է տալիս, որ այն ավելի արդյունավետ է»:

Ի՞նչ է «շրջանային մոդելը»

«Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ  նախագահ Վահան Մովսիսյանն ասում է՝ վարչատարածքային բարեփոխումների իրականացումից առաջ քննարկվում էր համայնքների խոշորացման երկու մոդել՝ «շրջանային» եւ «փնջային»։ Սրանց տարբերությունը ոչ միայն խոշորացվող համայնքների կազմի աշխարհագրություն է, այլ նաեւ այն հանգամանքը, որ «շրջանային» մոդելը ենթադրում էր ամբողջ Հայաստանում ունենալ միանման համայնքներ, նախկին սովետական շրջանների տարածքների վրա (իհարկե որոշ բացառություններով), ինչը ենթադրում էր լիազորությունների հետագա «խորը ապակենտրոնացում»  եւ մարզպետարանների քանակի կրճատում։

Այն ժամանակվա իշխանությունները ձեռնպահ մնացին, միգուցե եւ  վախեցան կտրուկ փոփոխություններից եւ ընտրեցին խոշորացման «փնջային մոդելը».«Այս դեպքում փնջերը կարող են ձեւավորվել կամայական, նույնիսկ նաեւ նախկին շրջանի տարածքով»,-նշում է փորձագետը:

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանն ասում է՝ որպես պատասխանատու թիմ, երբեք չեն խոսել շրջանային մոդելի կամ «փնջային» մոդելի մասին, խոսել են, որ ամեն  կոնկրետ դեպքում համայնքների միավորման կազմը, կառուցվածքն ու ծավալը պետք է քննարկվի եւ  որոշվի նպատակահարմարությունից ելնելով: Փոխնախարարը վստահեցնում է՝ «փնջային» կամ «շրջանային» մոդելների միջեւ կառավարման համակարգով, բովանդակությամբ ոչ մի  տարբերություն չկա, միայն չափով են տարբերվում, օրինակ՝  Կապանը, Մեղրին, Ամասիան, Աշոցքը, Բերդը ավելի  մեծ ծավալով խոշորացվեցին:

«Իջեւանի պարագայում հաշվի ենք առել աշխարհագրական դիրքը, հատկապես միջպետական մայրուղու վրա գտնվելու հանգամանքը: Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է նպատակահարմարությունը գտնել»,-ասում է փոխնախարարը:

Չի կարելի երկրի կեսը շրջանային մոդելով անել, կեսը՝ «փնջային»

««Շրջանային» մոդելը ենթադրում է, խոշորացնելուց հետո բարեփոխումների գործընթացը շարունակել՝ տարածքային կառավարման մարմիններից եւ պետական կառավարման գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների լիազորությունները փոխանցել համայնքին»,-ասում է Վահան Մովսիսյանը: Նա նկատում է՝ երբ երկրի մի մասում համայնքները խոշորացվել են արդեն «փնջային» տարբերակով, եւ օրինակ՝ Տեղ, Գորիս եւ Տաթեւ համայնքները, նախկին նույն շրջանի կազմում են եղել, ո՞ր համայնքին պետք է փոխանցվեն ապակենտրոնացվող լիազորությունները, որոնք ծառայություն են մատուցում նախկին շրջանի ամբողջ տարածքում, ասենք՝ գանձապետական համակարգը, առողջապահությունը, հանրակրթական համակարգը, սոցապ ծառայությունը եւ այլն, դրանց անունը դրել են տարածաշրջանային կառույցներ, բայց այդպիսի իրավական հասկացություն չունենք , շրջանը վարչատարածքային միավոր չէ:

Սուրեն Պապիկյանը նույն նիստում հայտարարել է. «Ճիշտ կառավարման եւ ճիշտ վարչատարածքային բարեփոխման պարագայում, խոշորացված համայնքները մի քանի անգամ արդյունավետ են, ֆինանսներն ավելի արդյունավետ են օգտագործում: Բայց ոչ բոլոր խոշորացված համայնքներն են հաջողված: Ունենք թերացումներ: Բայց կունենանք հնարավորություն անդրադառնալ այս գործընթացին եւ ընդհանուր վարչատարածքային պատկերը շտկել, փոփոխությունների ենթարկել»:

Եթե հայտարարում են, որ Հայաստանում գնում են շրջանային խոշորացման, ինչպես նկատում է պարոն Մովսիսյանը, հարց է առաջանում՝  իսկ մենք պատրաստվե՞լ ենք , որ անմիջապես դրանից հետո պետք է ե՛ւ մարզերը խոշորանան, ե՛ւ  պետական կառավարման գործադիր մարմնի տարածքային ստորաբաժանումները հանձնվեն համայնքներին: «Հիմա եթե  Իջեւանը խոշորացվում է «շրջանային» մոդելով եւ դառնում է մեկ համայնք՝ 19 բնակավայրով, օրինակ՝տարածաշրջանի սոցիալական ծառայության գրասենյակը սպասարկում է Իջեւան համայնքի բոլոր բնակավայրերը, հետեւաբար ի՞նչ իմաստ ունի, որ այն պետք է լինի մարզի կամ նախարարության ենթակայության»,-ասում է Վահան Մովսիսյանը:

«Շրջանային» մոդելի ճանապարհով գնալը նշանակում է վերաձեւել կառավարման համակարգը: «Դա քաղաքական ակցիա է: Ուղղակի չի կարելի երկրի կեսը «փնջային» անել, ինչպես հիմա է արված,  մյուս կեսը՝ «շրջանային»: Պետք է ընդհանուր համակարգ լինի, որպեսզի հնարավորություն լինի նրանց  նույնպիսի լիազորություններ փոխանցել»,-ասում է փորձագետը:

Կառավարությունը պատրա՞ստ է համայնքներին մեծ լիազորություններ տալ

Վաչե Տերտերյանը չի բացառում, որ ապագայում՝ վարչատարածքային բարեփոխումներն  ավարտելուց հետո, մտածեն տեղական ինքնակառավարման համակարգի որոշակի տարբերակման մասին: Սակայն, ըստ փոխնախարարի, իշխանական լիազորությունները  համայնքներին փոխանցելուց՝ ապակենտրոնացումից առաջ, համայնքների ունակությունները պետք է հզորացվեն, որպեսզի դրանք կարողանան իրականացնեն իրենց տրված լայն լիազորությունները: «Բայց ակնհայտ է, որ ասենք՝ Իջեւան խոշորացված համայնքում եւ ընդամենը երկու գյուղերով միավորված համայնքում նույն ծավալի լիազորություններ չեն փոխանցվի, կամ կփոխանցվեն՝ եթե այդ երկու գյուղով համայնքը  որոշակի ծառայություններ մատուցելու համար կմիավորվի միջհամայնքային միավորումով կողքի համայնքների հետ»,-ասում է փոխնախարարը:

Մինչ օրս իշխանությունները ապակենտրոնացման չեն գնացել, քանի որ համայնքները տարբեր են՝ մեծ ու փոքր, տարբեր ունակություններով:  «ՏԻՄ -երի արդյունավետությունը պետք է պայմանավորված լինի իրենց լիազորություններով, բայց «լիազորություններ-հնարավորություններ-ունակություններ» փոխկապակցված են: Եթե կա լիազորություն, բայց չկա ֆինանսավորում,  այդ լիազորությունը չի իրականացվի, եթե կա լիազորություն, չկա ունակություն, էլի արդյունավետ չի լինի»,-վստահեցնում է Վաչե Տերտերյանը: Ներկայումս կառավարությունը մի քանի ապակենտրոնացվող լիազորությունների մասին ակտիվ քննարկումների փուլում է:  Փոխնախարարն օրինակ է բերում կրթական համակարգը, քննարկում են որոշակի լիազորություններ փոխանցել համայնքին: Դրանք վերաբերում են համայնքի մանկապարտեզի կամ դպրոցի կառավարմանն ու շենքի պահպանմանը: «Նախարարության հետ քննարկում ենք  հանրակրթական  դպրոցների ինքնավարության  բարձրացման խնդիրները՝ ասենք՝ դպրոցների կառավարման մարմիներում  ՏԻՄ դերակատարման կտրուկ ավելացումը՝ արդեն խոշորացվածների դեպքում: Քննարկվում է նաեւ ՏԻՄ- երի արդյունավետությունը կրթական համակարգում՝ շենք շինությունների պահպանման հարցում համայնքի մասնակցությունը»,-ասում է փոխնախարարը:

Նա վստահեցնում է՝ համայնքների միավորման ու դրա արդյունքում համայնքների հզորացմանը հաջորդելու է իշխանական լիազորությունների ապակենտրոնացումը դեպի համայնքներ. «Սա ակնկալվում է տեսանելի ապագայում»:

Աչաջուր գյուղը

 Կկրճատվե՞ն մարզպետարանները

Վահան Մովսիսյանը գտնում է՝ եթե բոլոր համայնքները  խոշորացվեն «շրջանային մոդելով»՝ ավելի շատ գյուղերով միավորվեն, ապա  խոշորացված համայնքների թիվը կկրճատվի, ասենք՝Վայոց ձորում կլինի 3 համայնք  ու 1 մարզպետ, Արագածոտնում՝ 4 համայնք, 1 մարզպետ: Արդյոք  տրամաբանակա՞ն է ունենալ 10 մարզ, 30- 40 համայնք: «Ոչ: Նման խոշորացումից հետո պետք է մարզերն էլ խոշորացվեն,  որովհետեւ դրանց լիազորությունները կրճատվում են»,-ասում է Մովսիսյանը:  Բացի այս, կա մի կարեւոր հանգամանք՝ մեծ բնակչություն ունեցող  համայնքների պայմաններում  ստացվում է ունենք ընտրված համայնքի ավագանի եւ  ղեկավար, բայց իր  լիազորությունների զգալի մասը մարզպետինն է, որը նշանակովի է: Փորձագետը նկատում է՝ ստացվում է՝ մի մեծ բնակչություն ընտրել է համայնքի ղեկավար, բայց իր խնդիրները լուծում է  նշանակովի մարզպետը, տրամաբանական չէ. «Ուստի, եթե  հայտարարվում է, որ գնում են «շրջանային» մոդելի, այս խնդիրը պետք է հաշվի առնվի, հակառակ դեպքում  ստեղծում ենք մի մեծ թնդանոթ, բայց  այն իրավունք ունի կրակելու միայն ճնճղուկի վրա»:

Իշխանությունը մոտ ապագայում մտադիր չէ կրճատել մարզպետարանների թիվը

Վաչե Տերտերյանն ասում է՝ համայնքների խոշորացումից հետո եւ նույնիսկ, խոշորացմանը զուգընթաց, պետք է վերանայեն մարզպետարանների կառուցվածքն ու բովանդակությունը. «Բայց տեսանելի ապագայում մարզերն իրենց կառուցվածքով պետք է մնան՝10 մարզ, իսկ մարզպետարանների աշխատանքն ու բովանդակությունը խոշորացմանը զուգահեռ էապես կփոխվի: Մարզպետարանները գուցե դառնան տարածքային խնդիրները վերհանող, զարգացումն ապահովող եւ համայնք- կառավարություն կապը  ապահովող մարմիններ»:

ՏԻՄ նոր ընտրակարգն ու փոքր գյուղի «սինդրոմը»

Այս տարվա հունիսի 18-ին օրենսդրական փոփոխություն եղավ, ըստ որի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրակարգը փոխվեց. ընտրությունները տեղի են ունենալու համամասնական ընտրակարգով: Սա նշանակում է՝ թեկնածուների առաջադրումներն անելու են կուսակցությունները, որեւէ համայնքից որեւէ բնակիչ չի կարող ինքնառաջադրվել:

Արդյո՞ք փոքր  բնակչությամբ գյուղերը թեկնածու կունենան, արդյո՞ք նրանք դուրս չեն մնա ընտրություններին իրենց գյուղից, իրենց ցանկալի թեկնածուին առաջադրելու հնարավորությունից:

Վահան Մովսիսյանն ասում է՝ կուսակցությունները պետք է ցուցակ կազմեն, եւ տրամաբանորեն, ցուցակում ներառելու են արդեն հեղինակավոր մարդկանց եւ համեմատաբար մեծ բնակչություն ունեցող գյուղերից, որպեսզի ավելի շատ ձայն բերեն:

Իջեւանի պարագայում  ընտրողների թվի հիման վրա որոշվելու է ավագանիում քանի անդամ պետք է լինի: Եթե ասենք՝ ավագանու 21 անդամի տեղ կա, կուսակցությունները պետք է 21 հոգանոց ցուցակ ներկայացնեն: «Ակնհայտ է, որ մեծ բնակչություն ունեցող Իջեւանն ու փոքր գյուղը նույն քանակի անդամ չեն կարող ունենալ ավագանիում»,-ասում է Մովսիսյանը:

Վաչե Տերտերյանն էլ նշում է՝ գուցե ավագանիում փոքր համայնքի ներկայացվածություն չլինի, բայց իշխանությունը ձգտում է այնպիսի ընտրության, որ կարեւոր  չլինի, թե ավագանու անդամը որ գյուղի ծնունդ է, այլ կարեւոր է լինելու նրա կառավարչական,  տեղական ինքնակառավարման գործառույթներն ինչ որակով է կազմակերպում. «Չպետք է ենթադրել, որ եթե այն գյուղից է,  ի վնաս մյուս գյուղի է աշխատելու»:

Իշխանությունը չի բացառում, որ հետագայում կանդրադառնան նաեւ քաղհասարակությունից առաջադրումների հնարավորությանը:  Բայց դա կլինի, ըստ փոխնախարարի, մեկ-երկու ընտրական փուլից հետո:

«Հիմա դա ռիսկային է, որովհետեւ քաղհասարակություն ասածի տակ էլի խմբային շահերով միավորվելու են ու լրիվ այլ բան է ստացվելու: Հիմա թող կուսակցություններն  իրենք որոշեն՝ ինչ ցուցակ են ներկայացնելու եւ դա կլինի իրենց քաղաքական պատասխանատվությունը»,-ասում է Վաչե Տերտերյանը:

Ազատամուտի  համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Բեգինյանն ասում է՝ օրենքի փոփոխությամբ՝ համամասնական ընտրակարգի պարագայում խախտվում են իր իրավունքները, քանի որ չի կարողանալու ինքնաառաջադրվել. «Ես անկուսակցական եմ,  չեմ ուզում որեւէ կուսակցության մեջ ընդգրկվել, իմ իրավունքները սահմանափակվում են այս դեպքում:  Եթե կուսակցությունն առաջադրի,  ստացվում է, որ ես սպասարկելու եմ կուսակցության շահերը՝ իմ աշխատանքի համար ձայներ եմ հավաքելու, ու դա ավելանալու է կուսակցության ձայներին»:

Հիմա՝ կիսախոշորացված Իջեւան. հետո՝  գյուղեր առանց գյուղապետերի

Իջեւանում ՏԻՄ ընտրություններից հետո միավորված 19 բնակավայրերի բնակիչներն ընտրելու են մեկ ընդհանուր  ավագանի, իսկ համայնքի ղեկավարին ընտրելու են ավագանիները իրենց կազմից։ Այլեւս գյուղապետեր՝ իրենց ավագանիով ու աշխատակազմով չեն  լինելու:  Ընտրություններից հետո ընտրված համայնքապետը տեղերում՝ գյուղերում նշանակելու է վարչական ղեկավար, որը պետք է լինի նույն բնակավայրի բնակիչ: Հիմա, քանի դեռ այստեղ ընտրություններ չեն եղել, գյուղապետերն ու ավագանիները դեռեւս գործում են իրենց ավագանիների կազմերով: Այսինքն՝ Իջեւանի խոշորացումը վերջնականորեն կավարտվի ընտրություններից հետո:

Խոշորացման լավ եւ վատ կողմերը

Բնակավայրերում հաստիքներ են կրճատվելու, հետեւաբար նաեւ՝ աշխատատեղեր:

Մտավախությունը, թե գործազուրկներ կլինեն, տեղին է, բայց ոչ արդարացված: Վահան Մովսիսյանը գտնում է՝ այդ կրճատված աշխատակիցներին պետք է հնարավորինս այլ աշխատանքներ առաջարկվեն, վերապատրաստեն, առաջարկեն գյուղատնտեսությամբ զբաղվել ներառեն վարկային ծրագրերում եւ այլն, հատկապես որ գյուղապետարաններում առանձնապես գործ էլ չկա անելու,  նրանք պետք է, որ սկսեն իրենց փոքրիկ տնտեսությունը զարգացնել: Աշխատատեղերի կրճատմամբ եւ այլ ուղղություններով տնտեսված գումարները կուղղվեն բնակավայրի որեւէ խնդրի լուծմանը: Բայց ամեն բնակավայր իր առանձին բյուջեն չի ունենալու, լինելու է մեկ ընդհանուր համայնքի բյուջե, ավագանին է որոշելու՝ բյուջեն ինչպես ծախսել, որ համայնքում՝ որն  է առաջնային խնդիրը:

Իջեւանի խոշորացման մասին նախագծի քննարկմանը Սուրեն Պապիկյանը հայտարարել է. «Իջեւանի համայնքները սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար ներկայացրել են ընդամենը 97 մլն դրամի համաֆինանսավորման հայտ: Սա փոքր գումար է, հաշվի առնելով, որ դրա  կեսը Իջեւանին է բաժին ընկել: 19 համայնքներից միայն 6-ն են մասնակցել սուբվենցիոն ծրագրերին: Սյունիքի խոշորացված համայնքները սուբվենցիոն ծրագրերում 2-րդ տեղն են,  սա այն ցուցիչն է, թե ինչպիսի արդյունավետություն կունենա խոշորացված համայնքը: Փոքր համայնքները, եթե դոտացիա չունենան, ունակ չեն լինի անգամ վարչական ապարատը պահելու»:

Վահան Մովսիսյանն ասում է՝ փոքր գյուղերում չկան, օրինակ, աղբահանման մեքենա, տրակտոր, կոմբայն, բյուջե էլ չկա՝ գնելու, իսկ  խոշորացվածներում մեքենատրակտորային կայաններ են ստեղծվում, տեխնիկան ծառայում է  միավորված բոլոր բնակավայրերին:

Մի դիմումի համար հարկ չկա հասնել «շրջկենտրոն»

Տեղերում գործելու են  քաղաքացիների սպասարկման գրասենյակներ, դրանք հիմա գործում են որոշ խոշորացված համայնքներում: Գյուղացու դիմումին կամ որեւէ այլ փաստաթղթին հենց տեղում առցանց  ընթացք է տրվելու:

Վարչական ղեկավարն ավելի լավ է, քան գյուղապետը

«Վարչական ղեկավարը նշանակովի պաշտոն է, եւ նախկին գյուղապետի պես խնդիր չի ունենալու ձայն ստանալու դիմաց հարկ չվերցնել: Նախկինում գյուղապետերը ընտրություններից առաջ  փող չէր գանձում, որպեսզի չթշնամանա ու նորից ձայն տան իրեն:  Երբ հարկ հավաքողն իր ընտրածը չէ, նշանակովի է, դիմադրելու հնարավորություն չունեն, կվճարեն: Խոշորացված համայնքներում հարկերի հավաքագրման մակարդակը կտրուկ աճել է»-ասում է Վահան Մովսիսյանը:

Տավուշի մարզում մինչ այժմ խոշորացվել են 5 համայնքներ՝ Բերդը, Նոյեմբերյանը, Այրումը, Դիլիջանն ու Կողբը: Իջեւանը 6-րդն է, որով էլ այս մարզում ավարտվելու է խոշորացման գործընթացը:

Վաչե Տերտերյանն ասում է՝ քաղաքական որոշում կա՝ առաջիկա երկու տարում Հայաստանում ավարտին հասցնել վարչատարածքային բարեփոխումները:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարները՝ Գագիկ Աղբալյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31