Լրահոս
Որ հոգին չկարծրանա…
Արցախի կլանումը
Օրվա լրահոսը

Մի պահ պատկերացնենք՝ մի ձեռքին 10 փուչիկ, մյուս ձեռքին ՀԴՄ սարքը. Թեհմինա Վարդանյանը փողոցում փուչիկ ու անձեռոցիկ վաճառողներին հարկելու մասին

Սեպտեմբեր 08,2020 16:19 Share
Աջակցեք aravot.am-ին

Շրջածախ առեւտուր պետք է իրականացվի բացառապես ձեռքից՝ վաճառվող ապրանքները չդնելով գետնին: Վաճառքի կամ ցուցադրման համար չեն կարող օգտագործվել գետնին դրվող տակդիրներ եւ սայլակներ, կամ շարժական այլ միջոցներ: Այսօր Երեւանի ավագանու նիստում, ներկայացնելով շրջածախ առեւտրին վերաբերող նախագիծը, ասաց քաղաքապետարանի աշխատակազմի առեւտրի եւ սպասարկման վարչության պետ Հովիկ Սաֆարյանը:

Նախագծով նախատեսվող հիմնական իրավակարգավորումներն են՝ Երեւան քաղաքի վարչական տարածքում գտնվող պետության համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման տարածքներում շրջածախ առևտուր իրականացնելու թույլտվությունը տրամադրում է Երեւանի քաղաքապետը, կամ վարչական շրջանի ղեկավարը:

«Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը հետաքրքվեց՝ ում գործունեությունը ուզում են կարգավորեն, նրանք տեղյա՞կ են եւ նրանց կարծիքները ներառվե՞լ են նախագիծը մշակելիս: Ի պատասխան՝ պարոն Սաֆարյանն ասաց. «Իրավական ակտը հրապարակվել է, եթե ասեմ կոնկրետ աշխատանք ենք տարել՝ կոնկրետ մարդկանց հետ՝ ոչ, նման աշխատանք չի արվել: Ուղղակի մենք ժամանակին ուսումնասիրել ենք շրջածախ առեւտրի խնդիրը եւ եկեք հստակ տարանջատենք՝ շրջածախ առեւտուրը դա ձեռքից վաճառվելու դեպքերն են, ոչ թե փողոցային առեւտուրը»:

Ըստ նրա, ամենաշատը հանդիպում են փողոցներում փուչիկները, հուշանվերները. «Հեշտ ճանապարհը արգելելն է, բայց այդ ճանապարհով չենք գնացել, մենք գնացել ենք կարգավորման ճանապարհով, որ մարդիկ օրենքի սահմաններում իրենց գործունեությունը շարունակեն»:

Ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն ասաց՝ այգիներում, հրապարակներում շրջածախ առեւտրին վերաբերող այս կարգավորումը վերաբերում է փողոցում փուչիկ, անձեռոցիկ, գրիչ վաճառողներին եւ նրանք լուրջ տնտեսվարողներ չեն, պարզապես օրվա կոպեկն են վաստակում. «Ես ուզում եմ հասկանամ, թե էլ ինչքան ենք պարանը սեղմելու քաղաքացու վզին: Գրել եք, որ շրջածախ առեւտրի իրականացման հայտը ներկայացնում են էլեկտրոնային կամ թղթային տարբերակով: Մենք խոսում ենք մետրոյում գրիչ կամ անձեռոցիկ վաճառող պապիկի մասին: Այսինքն ինքն է՞լ պետք է հարկվի: Կցանկանայի էստեղ լիներ քաղաքապետ Հայկ Մարությանը եւ քանի որ ինքը մեծ վարպետ է կերպար կերտելու, կցանկանայի, որ այստեղ կերտեր փուչիկ վաճառողի կերպարը, մի 10 փուչիկ ձեռքը: Մի պահ պատկերացնենք, մի ձեռքին 10 փուչիկ, մյուս ձեռքին ՀԴՄ սարքը, լիցենզիան, դրամապանակը, իրավունք չունի ձեռքի ապրանքը դնի գետնին: Ո՞նց եք պատկերացնում էդ աշխատանքը: Էլ ի՞նչ կարաք անեք, որ պարանը մարդկանց վզին սեղմեք, էլ ինչը կարող եք հարկել»:

Նույն խմբակցության ավագանու անդամ Դավիթ Խաժակյանի խոսքով, նրանք սոցիալապես ծանր պայմաններում ապրող մարդիկ են. «Մի քանի հազար դրամով ձեռք են բերում այդ փուչիկները եւ իրացնում: Ես ուզում եմ հասկանալ, թե ինչպես ենք պատկերացնում, որ այդ մարդկանցից պահանջում ենք, որ ստանան կարգավիճակ, ձեռք բերեն ՀԴՄ սարք: Այսինքն՝ այս նախագծով մենք փուչիկ վաճառողին ասում ենք՝ գնա, գրանցի իրավաբանական անձ, ձեռք բեր ՀԴՄ տպող սարք եւ քո գործառույթներն իրականացրու այդ շրջանակում»:

Ի պատասխան, ընդդիմադիր ուժի ավագանու անդամների դիտարկումներին՝ նշվեց, որ դա սահմանված է գործող օրենքով, այլ ոչ թե շրջածախ առեւտրին վերաբերող նախագծով:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: