Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵԱՀԿ խոսքի ազատության հարցերով ներկայացուցչի պաշտոնական նամակում ուղիղ գրված է՝ լրագրողի աշխատանքը Արցախում կրում է լեգիտիմ բնույթ». Արման Թաթոյան

Հոկտեմբեր 01,2020 22:35

«Որպես մարդու իրավունքների պաշտպան՝ որևէ պետական գերատեսչության հայտարարություն չեմ մեկնաբանում, բայց քանի որ այս հայտարարությունը վերաբերվում է լրագրողների՝ զինված հարձակումների պայմաններում Արցախում աշխատանքին, հարկ եմ համարում անպայման անդրադառնալ»,- մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Նրա փաստեց՝ Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունը բացարձակ անընդունելի է միջազգային պահանջի տեսանկյունից, կոպիտ խախտում է միջազգային մարդասիրական իրավունքի: Այս առիթով ՄԻՊ-ը մանրամասնեց. «Այդ հայտարարության մեջ նշվում է, թե արտասահմանցի լրագրողներին նպատակաուղղված կերպով վտանգավոր տարածքներ տեղափոխելը ցույց է տալիս, որ ՀՀ ղեկավարությունն անտեսում է լրագրողների անվտանգության ապահովման հետ կապված պարտավորությունները, արտասահմանցի լրագրողներին օգտագործում է ապօրինի քարոզչության նպատակների համար: Կոչ է արվում արտասահմանցի լրագրողների՝ Ադրբեջանի և ԼՂՀ շրջաններից այցի վերաբերյալ առաջին հերթին ստանալ Ադրբեջանի համաձայնությունը»:

Արման Թաթոյանը շեշտեց. «Հակամարտության գոտիներում և զինված հարձակման այն վայրերում, որտեղ տեղի են ունենում պատերազմական գործողություններ, լրագրողների աշխատանքը բացարձակ լեգիտիմ է և հատկապես կարևոր արտասահմանյան անաչառ լրատվամիջոցների աշխատանքը: Լրագրողների աշխատանքը կոնֆլիկտային գոտիներում, զինված հարձակումների պայմաններում՝ ինչպիսին սանձազերծված է Հայաստանի, Արցախի և քաղաքացիական բնակչությանն ուղղված թիրախային հարձակումներով, նպատակ ունի ցույց տալ օբյեկտիվ իրադրությունը: Առհասարակ լրագրողի աշխատանքի նպատակն է  համարվում ի ցույց դնել իրավիճակը և միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել դրա վրա: Այս պարագայում խոսքը ընդհանրապես արտասահմանյան անկախ լրատվամիջոցի մասին է: Այդ լրագրողները ոչ թե ՀՀ պետական մարմինների աշխատակիցներ են կամ Ֆրանսիայի պետական մարմինների աշխատակիցներ, այլ նրանք անկախ լրագրողներ են, և նպատակն է ցույց տալ իրական վիճակը: Լրագրողի անվտանգությունը պետք է պարտադիր ապահովվի, ոչ թե պետք է ապահովվի այն կոչով, որ չթողնել այդ վայր, այլ հակառակը, անվտանգության, միջազգային մարդասիրական իրավական նորմերով արդեն իսկ ապահովված, քանի որ լրագրողը հավասարեցված է քաղաքացիական անձանց կարգավիճակի: Հետևաբար լրագրողների մուտքը կոնկրետ կոնֆլիկտային վայր, կոնֆլիկտային գոտի ավտոմատ հիմք է, որ ապահովվի լրագրողի անվտանգ աշխատանքն այդ վայրում»:

Արման Թաթոյանն ասաց՝ ադրբեջանական լրատվամիջոցներից տեղյակ է, որ Ադրբեջանը չի թույլատրում միջազգային լրագրողների աշխատանքը: Այս առիթով պաշտպանն ասաց. «Սա է հենց խախտումը, որ արտասահմանցի լրագրողները հնարավորություն չունեն այցելելու այդ վայրեր: Եթե Արցախը թույլատրում  է իրականացնել լրագրողների կողմից լուսաբանում, ակնհայտ չէ՞, որ առաջին հերթին Արցախում են շահագրգռված, որ իրադրությունը լուսաբանվի միջազգայնորեն: Հատուկ ուզում եմ նշել, որ կանխավարկածը միշտ լրագրողի օգտին է, առավել ևս այս պարագայում լրագրողները եղել են հատուկ տարբերանշանով, դրանից բացի եղել են քաղաքացիական մեքենաներով, ավելին Մարտունիում զինված հարձակումը տեղի էր ունեցել Մարտունու քաղաքապետարանի վրա, լրագրողներն այդ տարածքում էին ստացել վիրավորում: Ցանկացած կասկածելի իրավիճակում կանխավարկածը միշտ լրագրողի օգտին է, և լրագրողը քաղաքացիական հատուկ պաշտպանության երաշխիքներից է օգտվում»:

Արման Թաթոյանն ասաց, որ ունի ԵԱՀԿ խոսքի ազատության հարցերով ներկայացուցչի կողմից իրեն ուղղված պաշտոնական նամակը, որը ժամանակին ստացել էր լրագրողներից մեկի այցի հետ կապված, ուղիղ գրված է, որ լրագրողի աշխատանքը ԼՂ-ում կամ Արցախում կրում է լեգիտիմ բնույթ, դա նպատակ ունի պաշտպանել և ավելացնել մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքները ու հավելեց. «Այս հիմնավորմամբ հանդերձ` բացարձակ անիմաստ  է դառնում խոսել այն հայտարարության մասին, որն արել է Ադրբեջանի ԱԳ նախարարությունը: Ես այդ պաշտոնական փաստաթուղթը կփոխանցեմ մեր միջազգային գործընկերներին և համապատասխան մարմիններին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031