Լրահոս
Օրվա լրահոսը

Շավարշը կապանցի չորրորդ նահատակն էր․ ձեր արյունն իզուր չի թափվել

Հոկտեմբեր 02,2020 16:24

Հոկտեմբերի 2-ին կրկին մարդաշատ էր Կապանի սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին։ Կապանցիները վերջին հրաժեշտը տվեցին սեպտեմբերի 29-ին զոհված Շավարշ Մուրադյանին։

Ծնվել է 1996 թվականին Կապանում։ Սովորել է Կապանի թիվ 7 եւ թիվ 3 դպրոցներում: Սովորելու տարիներին աչքի էր ընկնում դպրոցական առարկայական օլիմպիադաներում, 11-րդ դասարանում շահեց «ՖԼԵՔՍ» մրցույթում եւ ուսումը շարունակեց Ամերիկայի Միացյալ Նահանգներում: ԱՄՆ-ից վերադառնալուց եւ դպրոցն ավարտելուց հետո ընդունվեց Հայաստանի Ամերիկյան Համալսարան: 2015 թ. զորակոչվեց Հայկական բանակ, մասնակցել Ապրիլյան քառօրյա պատերազմին:

Եկեղեցուց սյունեցիները շարժվեցին Կապանի Բաղաբուրջի հուշահամալիր, որտեղ զինվոր նահատակին հուղարկավորեցին զինվորական պատիվներով։

Ընդամենը երկու օր առաջ էլ Սյունիքի մարզկենտրոնի բնակիչները հրաժեշտ տվեցին սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սկսած պատերազմում զոհված կապանցիներին՝ Գառնիկ Խլղաթյանին, Սասուն Ներսիսյանին, Արամ Գրիգորյանին:

Գառնիկ Խլղաթյան

Գառնիկ Խլղաթյանը ծնվել է 2001 թ. հուլիսի 28-ին Կապանում: Հիմնական կրթությունը ստանալուց հետո ընդունվել է Կապանի պետական բժշկական քոլեջ: 2019 թ. դեկտեմբերին զորակոչվում է ՀՀ զինված ուժեր եւ ծառայում Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասի հետախուզական վաշտում: Զոհվել է 2020 թ. սեպտեմբերի 27-ին մարտական գործողությունների ժամանակ, հակառակորդի անօդաչու թռչող սարքի հարվածից:

Սասուն Ներսիսյան

Սասուն Ներսիսյանը ծնվել է 2002 թ. մարտի 21-ին Կապանում: Նախ սովորել է թիվ 13 հիմնական դպրոցում, ապա կրթությունը շարունակել Սյունիքի տարածաշրջանային քոլեջի «Կապի սարքավորումների մոնտաժում եւ շահագործում» մասնագիտությամբ: 2020 թ. հուլիսին զորակոչվել է ՀՀ զինված ուժեր եւ ծառայության անցել Պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված Հադրութի զորամասում: Անօդաչու թռչող սարքի պայթյունից զոհվել է սեպտեմբերի 27-ին:

Արամ Գրիգորյան

Արամ Գրիգորյանը ծնվել է 2000 թ. դեկտեմբերի 5-ին Կապանում: Նախ՝ սովորել է Կապանի թիվ 6 հիմնական դպրոցում, այնուհետեւ տեղափոխվել Աճանանի միջնակարգ դպրոց, ավարտելով՝ ընդունվել ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղ: 2019 թ. հունվարի 23-ին զորակոչվեց պարտադիր զինվորական ծառայության: Նախ՝ ծառայում էր Գյումրիում տեղակայված զորամասերից մեկում։ Ստանալով սերժանտի կոչում՝ տեղափոխվել է Պաշտպանության բանակի հարավ- արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամաս:

«Կապանի թիվ 6 հիմնական դպրոցի փառքի սրահը արդեն համալրվեց եւս մեկ անմահ անունով՝ Արամ Սամվելի Գրիգորյան: Ցավոք, մարեց եւս մի տան ճրագ, փլվեց տան սյունը…Ո՞ւր ես Արա՛մ…Անասելի տխուր ենք բոլորս եւ միաժամանակ հպարտ, որ մեր հերոսական դպրոցը կրկին անմասն չմնաց մերօրյա գոյամարտից: Օրացույցի մեջ այս սեպտեմբերը արյունով ներկվեց, ու ամիսն ամբողջ վշտով ողողվեց: Արամի նման քանի՜ ջահել-ջիվանների երկնաշող երազներ բեկվեցին, ու պայծառ գալիքի իղձեր մշուշվեցին…Տղերք, գիտցեք, ձեր արյունն իզուր չի թափվել, ու ձեր սխրանքն երբեք չի մոռացվի…Հավերժ փառք ձեզ, մերօրյա հերոսներ»,–ասված է դպրոցի տարածած հայտարարության մեջ։

Սասուն Ներսիսյանի, Գառնիկ Խլղաթյանի եւ Արամ Գրիգորյանի աճյունները նույնպես ամփոփվեցին Բաղաբուրջի հուշահամալիրում՝ ապրիլյան քառօրյայում նահատակված զինվորների հարեւանությամբ։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031