Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական կողմի այս սադրիչ գործողությունները միջազգային մարդասիրական իրավունքի, այդ թվում՝ Ժնևի կոնվենցիայի կոպտագույն խախտում են․ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ

Հոկտեմբեր 05,2020 23:25

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանի ելույթը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով բարձր հանձնակատարի գրասենյակի Գործադիր կոմիտեի 71-րդ նստաշրջանին

Հոկտեմբերի 5-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով բարձր հանձնակատարի գրասենյակի Գործադիր կոմիտեի 71-րդ նստաշրջանին հանդես եկավ ելույթով։

Նախարարի տեղակալն իր խոսքում անդրադարձավ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնամասշտաբ ռազմական գործողություններին: Վերջինս նշեց, որ Ադրբեջանի ագրեսիան, որը վայելում է Թուրքիայի անվերապահ աջակցությունը, սպառնալիք է գլոբալ խաղաղությանն ու անվտանգությանը, իսկ դրա արդյունքը կարող է հանգեցնել տարածաշրջանային հումանիտար ճգնաժամի:

Արտակ Ապիտոնյանը նշեց, որ ադրբեջանական ագրեսիայի արդյունքում քաղաքացիական բնակչության շրջանում կան զոհեր և բազմաթիվ վիրավորներ, և շարունակվող ռազմական գործողություններն անմիջական սպառնալիք են ստեղծում Արցախի 150,000 ազգաբնակչության գոյութենական անվտանգության համար։ Նա ընդգծեց, որ Ադրբեջանը տարբեր տրամաչափի զինատեսակների կիրառմամբ դիտավորյալ թիրախավորում է Արցախի քաղաքացիական բնակչությանը և ենթակառուցվածքները (հիվանդանոցներ, դպրոցներ, ճանապարհներ, հաղորդակցության միջոցներ և այլն)՝ օգտագործելով նաև կասետային մահացու զենք։

Նախարարի տեղակալը հավելեց, որ ադրբեջանական կողմի այս սադրիչ գործողությունները միջազգային մարդասիրական իրավունքի, այդ թվում՝ Ժնևի կոնվենցիայի կոպտագույն խախտում են։

Արտակ Ապիտոնյանն անդրադարձավ նաև Թուրքիայի ապակայունացնող քաղաքականությանը, որի անմիջական աջակցության արդյունքում Ադրբեջանը ռազմական գործողությունների աշխարհագրությունը տեղափոխել է նաև ՀՀ տարածք՝ մասնավորապես թիրախավորելով Վարդենիսի շրջանի քաղաքացիական բնակչությանը։ Նա նշվեց նաև Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Սիրիայից և Լիբիայից օտարերկրյա ահաբեկիչների՝ Արցախի դեմ վարվող ռազմական գործողություններում ներգրավելու հանգամանքի մասին։ Ապիտոնյանը հավելեց, որ ադրբեջանա-թուրքական զինված ուժերի նման գործողությունները լրջորեն վտանգում են տարածաշրջանային անվտանգությունը և խոչընդոտում են մարտական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ միջազգային հանրության ջանքերը:

Արտակ Ապիտոնյանը բարձր գնահատեց Բարձր հանձնակատարի՝ լարվածության թուլացմանն ուղղված կոչը և հավելեց, որ, չնայած միջազգային հանրության և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կոչերին, Ադրբեջանը և Թուրքիան շարունակում են լայնածավալ ռազմական գործողությունները՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու նպատակով։

ԱԳ նախարարի տեղակալը հավաստիացրեց, որ Հայաստանը հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը և համոզմունք հայտնեց, որ Արցախի ժողովրդին միջազգային հրատապ մարդասիրական օգնության ցուցաբերումը պետք է իրականացվի անկախ բոլոր հանգամանքներից, այդ թվում՝ Արցախի կարգավիճակից։

ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031