Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորը փնտրում է եղբորորդուն․ ռազմաճակատից հակասական տեղեկություններ են հասել նրա մասին

Նոյեմբեր 06,2020 16:22

Գյումրիից ընտրված ԲՀԿ-ական պատգամավոր Վարդևան Գրիգորյանը 15 օր է՝ ոչ մի լուր չունի իր 24-ամյա եղբորորդուց՝ Մերուժան Գրիգորյանից։ Նրա մասին ռազմաճակատից ստացած տեղեկությունները հակասական են։ Պատգամավորն Aravot.am-ին ասաց՝ տեղ չի մնացել, չդիմեն։ Դիմել են նաև «Կարմիր Խաչ»-ին, նա չկա ո՛չ գերիների, ո՛չ նահատակվածների, ո՛չ էլ անհետ կորածների ցուցակում։

«Ոչ գիտենք ողջ է, ոչ գիտենք զոհված է․ 15 օր է՝ ոչ մի տեղեկություն չկա, Հադրութում էր՝ ծանր մարտերի մեջ։ Ես իր բնավորությունն իմանալով՝ կասեմ, որ նա երբեք չէր էլ թաքնվի, եթե ասենք մտածեմ, որ անտառներում թաքնված կլինի։ Տեսնողները տարբեր բաներ են ասում՝ մեկը մյուսին հակասող։ Չգիտեմ ինչ անել․․․»,- ասաց պատգամավորը։

Մերուժանը տան միակ որդին է, ունի մեկ քույր, հայրը մահացած է։ Նա կամավոր էր մեկնել՝ հայտարարելով՝ «թուրքին թողնե՞նք մեր տան վրա գա, հա՞»։

Նա ծառայել է Իջևանի դիրքերում, այս տարի ավարտել է Շիրակի պետական համալսարանի ինֆորմատիկայի բաժինը։ Վարդևան Գրիգորյանն ասաց, որ Մերուժանը պատերազմի առաջին իսկ օրվանից անվադողեր, դեղորայք է հավաքել ու մի քանի անգամ հասցրել է ռազմաճակատ։

Մի օր էլ տուն է մտել ու հայտարարել, որ այն, ինչ անում է հայրենիքի պաշտպանության համար, շատ քիչ է, պիտի գնալ ու անձամբ մասնակցել մարտերին։ Քույրը շատ է խնդրել հետ կանգնել այդ մտքից, բայց Մերուժանը համառել է, թե կորցնելու հայրենիք չունի։

Վարդևան Գրիգորյանն ասում է, որ ռազմաճակատ մեկնելուց երկու օր հետո նրան 22 զինվորի հրամանատար են նշանակել՝ տեսնելով ժրությունը, զենքի հետ վարվելու հմտությունն ու նվիրվածությունը։

Վարդևան Գրիգորյանի օգնական Աղասի Աբրահամյանն էլ Aravot.am-ին ասաց․ «Ջիգյարով, էներգիայով լի տղա է: Վարդան Գրիգորյանը որ ինձ ասաց՝ գիտես, Մերուժանը գնաց ռազմաճակատ, ես պատասխանեցի, թե ինքը չէր կարող չգնալ, ինքն այն տղան չէ, որ գնար տեսներ մեկի ձեռքը ավտոմատ կա, միայն անվադողերը բեռնաթափեր ու հետ գար։ Իր համար անվադող տանել, ռազմաճակատ հասցնելը քիչ էր, ինքն ուզում էր մեր վրա ձեռք բարձրացնողի ձեռքը կտրեր։ Իր մեջ կրակ կա, էներգիան եռում է։ Ռազմաճակատ մեկնելը նախ գաղտնի է պահել հարազատներից, իսկ մեկնելու օրը քրոջ հետո կոպիտ է խոսել, որպեսզի հանկարծ իր ճամփեն չփակեն։

Ինքը մի պահ հորեղբոր՝ պատգամավորի օգնական էր, բայց նստակյաց կյանքն իր համար չէ: Մերուժանն ակտիվություն է սիրում, ստեղծել, վազել է սիրում, իմ տղայի դասընկերն է։ Չկա մեկը, որն իր մասին այլ կարծիք հայտնի, բացի այն, որ ջիգյարով, էներգիայով լի, հասնող տղա է, խելագար ձևով հայրենիքը սիրող»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30