Լրահոս
Օրվա լրահոսը

«Հասար մուրազիդ, զոհվեցիր հանուն Հայրենիքի»․ զոհվել է ակտիվիստ Նարեկ Սարգսյանը

Նոյեմբեր 13,2020 14:47

Արցախյան գոյամարտում զոհվել է ակտիվիստ Նարեկ Սարգսյանը։ Այս մասին տեղեկացրեց նրա ընկերուհին՝ Արմինե Զաքարյանը։ Նարեկի զոհվելու մասին լուրը ավելի շուտ էր շրջանառվում, բայց քանի որ չէր հաստատվել, հարազատները հույս ունեին, որ ողջ կլինի։

«Սեպտեմբերի 28-ին եկավ աշխատանքի տեղս՝ ինձ հրաժեշտ տալու, սպասեց՝ մինչեւ գործս վերջացնեմ, հետո գնացինք զինկոմիսարիատ, ասեցին՝ որ հաշվառված է Մարտունի քաղաքում, ուրեմն պիտի գնա էնտեղ։ Իր մեքենայով գնաց ու գնաց․․․»,–մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում պատմեց Արմինեն։

Մինչեւ օրս ահով էր նայում զոհվածների ցուցակը, ներքուստ մի քիչ հանգստանում, որ Նարեկի անունը չկար զոհված տղաների անվանացանկի մեջ։ Միայն այսօր ԴՆԹ անալիզի միջոցով պարզվեց, որ Նարեկն է։

«Էս օրերին աղոթում էի՝ միշտ, որ գոնե լուր իմանանք, պարզվում է, հենց կռվի երրորդ օրն էլ զոհվել է՝ սեպտեմբերի 30-ին»,–ասաց Արմինեն։

«Իմ Հերոս տղա, իմ Անմահ տղա, իմ խենթ զինվոր, իմ Անվախ տղա, իմ քաջ ՀԵՐՈՍ: Բա իմ մասին չէիր մտածո՞ւմ… Բա ինձ ո՞վ ա ասելու ՁԱԳՍ, Ղափանցիիիիս… Մեռնեմ բարբառիիիիդ… Ո՞վ… Հավերժ փառք քեզ, իմ ՍԵՐ, Դու անմահ ես ինձ համար։ Մի օր կհանդիպենք Երկնային Թագավորությունում ու այլեւս մեզ ոչ մեկ չի բաժանի։ Եղբորս ու մամայիդ խնդրել եմ քեզ դիմավորեն ու լավ նայեն, մինչև հասնեմ ձեզ, ՔԵԶ, որ ամուր գրկեմ ու էլ բաց չթողնեմ… Իմ Աշխարհ տղա։

Դու զոհվեցիր, որ մենք ապրենք…

Քեզ հետ կռվող տղան պատմեց, թե ինչ խենթ մարտ ես մղել, թուրքեր ես սպանել։ Հասար մուրազիդ։ Զոհվեցիր հանուն Հայրենիքի, Իմ Հայրենասեր Հերոս։

Սիրում եմ քեզ։ Սիրելու եմ։

Կգժվեմ կարոտից, բայց կդիմանամ, Երկնային Թագավորությունն է մեզ սպասում։

Հավերժ Փառք քեզ։ Լույսի մեջ լինես»,–ֆեյսբուքի իր էջում գրել է Արմինեն ։

Նարեկ Սարգսյանը 28 տարեկան էր, ունի 8 տարեկան մի տղա։

Նարեկին կհուղարկավորեն Եռաբլուրում, նոյեմբերի 14-ին։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30