Լրահոս
Օրվա լրահոսը

«Բանակցային գործընթացը մտցվեց փակուղի, «ժողովրդի իշխանությունը» ծնկի բերեց ժողովրդին». Ռոբերտ Քոչարյան

Դեկտեմբեր 04,2020 22:55

Ինչո՞ւ այս ընթացքում չէր խոսում Ռոբերտ Քոչարյանը, ո՞րն էր լռության պատճառը: «Կապիտուլյացիայից հետո բոլորը շատ ակտիվ սկսեցին խոսել այն ամենի մասին, ինչի մասին շատ քչերը՝ ներառյալ ես, խոսում էինք երկուսուկես տարի: Մտածում էի, որ ժամանակ է պետք մի քիչ, որպեսզի հանրությունն իմանա ամբողջությամբ ճշմարտությունը պատերազմի մասին, որից հետո իմ խոսքը կլինի ավելի առարկայական, մի գուցե մի քիչ էլ վերլուծական:

Ցավոք, հազարավոր կորուստներ էին պետք եւ հայրենիքի գրեթե մեկ երրորդի կորուստը, որ հանրությունը գիտակցի այս դառը ճշմարտությունը: Իսկ դառը ճշմարտությունն այն է, որ այսպես կոչված «ժողովրդի իշխանությունը» ծնկի բերեց սեփական ժողովրդին»,- 5-րդ ալիքին տված հարցազրույցում այդպես պատասխանեց հնչած հարցին Արցախի առաջին եւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Իսկ հնարավո՞ր էր խոսափել պատերազմից: «Անկասկած, ես համոզված եմ, որ Հայաստանի իշխանությունը արեց ամեն ինչ՝ պատերազմն անխուսափելի դարձնելու համար…Ասեմ ինչու…մենք կարող ենք ուղղակի կետերով անցնել: Ես նոր բան չեմ ասելու, որովհետեւ հետեւում էի մամուլին վերջին մեկ ամսվա ընթացքում, գրեթե ամեն ինչ ասված է, կարելի է պարզապես ամփոփել այս ամենը մեկ ամբողջական պատկերացում ձեւավորելու համար:

Առաջինը՝ բանակցային գործընթացը մտցվեց փակուղի, մտցվեց գիտակցաբար, իրարամերժ հայտարարություններով ստեղծվեց մի վիճակ, որ համանախագահողները նույնիսկ չէին հասկանում, թե հայկական կողմն ինչ է ուզում: Ձեւավորվեց տպավորություն, որ հայկական կողմը ուղղակի տարբեր հնարքներ է ստեղծում, հորինում՝ բանակցային գործընթացը փակուղի մտցնելու համար: Պատերազմը սկսվել է այն պահին, երբ գրեթե ոչ ոք չէր կասկածում, որ բանակցային գործընթացը խոչընդոտվում եւ տապալվում է հայկական կողմի պատճառով»:

Ռոբերտ Քոչարյանը նշեց նաեւ մյուս պատճառները. «Ըստ էության հայկական կողմը, մեր իշխանությունները լեգիտիմացրել են Ադրբեջանի ագրեսիան Արցախի նկատմամբ, Արցախի Հանրապետության գոյության իրավական հիմքն ազգերի ինքնորոշման իրավունքի կիրառումն է: Մենք մեր հայտարարություններով փոխեցինք ըստ էության եւ հարցի կարգավորումը բերեցինք պետությունների տարածքային ամբողջականության տիրույթ: Եվ սա է պատճառը, որ միջազգային հանրության կողմից այս պատերազմում Ադրբեջանի ագրեսիան դիտվում էր որպես տարածքային ամբողջականության վերականգնում: Քանի՞ երկիր դատապարտեց Ադրբեջանին պատերազմը սկսելու համար: Դուք կարո՞ղ եք ասել: Դրա անունն ինչ է, եթե ոչ դիվանագիտական կրախ, ձախողում:

Պատերազմ սկսող կողմը չդատապարտվեց պատերազմ սկսելու համար: Պատճառը մեկն է՝ վերականգնում էր իր տարածքային ամբողջականությունը: Իսկ այդպիսի ընկալումը մեր իշխանությունների մեղքն էր: «Արցախը Հայաստան է եւ վերջ»՝ սա մի բանաձեւ է, որը նշանակում է հարցը տեղափոխել հայ-ադրբեջանական տարածքային ամբողջականության հարաբերությունների տիրույթ: Այս երկու հարցի ուղղակի մեղավորը Հայաստանի վարչապետն է, ինքը սկսեց իր սեփական զրոյական կետից:

Հաջորդը՝ Տավուշում մեր կողմից հրահրված սահմանային կոնֆլիկտն էր: ԳՇ պետն ասում է, որ հունիսի 12-ին ինքը զեկուցագիր է ուղարկել առ այն, որ Հայաստանը պատրաստ չէ պատերազմին, եւ դրանից մեկ ամիս անց հրահրել այդպիսի միջադեպ, ուռճացնել այդ միջադեպի նշանակությունը, 70 հոգու էլ «Մարտական խաչ» շքանշանով պարգեւատրել ու խոսել այն մասին, որ մենք հաղթեցինք եւ Ադրբեջանին եւ Թուրքիային, ի՞նչ է, եթե ոչ պատերազմի հրահրում: Եթե դու գիտես, որ պատրաստ չես, ինչո՞ւ ես դիմել այդ քայլին: Արդյո՞ք մտածում էր, որ Թուրքիան եւ Ադրբեջանը կուլ են տալու դա»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031