Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխառյալ պատերի ներքո, բայց` սեփական հավատքով. հայկական պատարագը Լիսաբոնում

Հուլիս 21,2026 18:08 Share

Պորտուգալիայի հայ համայնքի կյանքում օրերս նշանակալի իրադարձություն էր․ հուլիսի 19-ին մայրաքաղաք Լիսաբոնի Սուրբ Սեբաստիան դը Պեդրեյրա եկեղեցում պատարագ մատուցվեց։ Լիսաբոն էր ժամանել Հայ առաքելական եկեղեցու արեւմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։ Քրիստոսի պայծառակերպության տոնի առթիվ մատուցված սուրբ պատարագը միավորել էր Լիսաբոնի եւ հարակից շրջանների հայ ընտանիքներին։

Խաժակ սրբազանի հետ զրույցում Aravot.am-ը հետաքրքրվեց՝ հաշվի առնելով փաստը, որ Պորտուգալիայում չկան հայկական եկեղեցիներ, ինչպե՞ս է կազմակերպվում հոգեւոր կյանքը։

«Մոտ 4 տարի առաջ, երբ ես հերթական անգամ եկա «Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամ», հանդիպեցի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Որոշեցինք, որ մեկնարկն անխուսափելի է։ Արդեն ունենք եկեղեցական խորհուրդ, եւ պետությունն արձանագրել է այդ փաստը, այսինքն՝ Հայ առաքելական եկեղեցու գոյությունը Պորտուգալիայում։ Իսպանիայում ծառայող Տեր Թորոս քահանան տարին մի քանի անգամ այցելում է Պորտուգալիա՝ պատարագ մատուցելու։

Ես հանդիպել եմ նաեւ տեղի կարդինալի հետ, որը մեզ տրամադրեց այս եկեղեցին՝ պատարագներ մատուցելու համար։ Այնպես որ, հայ եկեղեցի գոյություն ունի։ Այո, շենք որպես այդպիսին չկա, ինչպես Եվրոպայի այլ երկրներում է, բայց Պորտուգալիան արձանագրել է Հայ առաքելական եկեղեցու գոյությունը»,-հայտնեց Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։

Նրա այցն այս օրերին ներառել է նաեւ մասնակցություն հայ անվանի գործարար, բարերար Գալուստ Գյուլբենկյանի մահվան տարելիցի միջոցառումներին։

Հարցին, թե ի՞նչ դերակատարում ունի եկեղեցին՝ Պորտուգալիայի հայ համայնքի միավորման գործում, սրբազան հայրը պատասխանեց․ «Առհասարակ, սփյուռքում գործող հայկական կենտրոնները տարիներ շարունակ փորձում են հայապահպանության առաքելությունն իրագործել, բայց պատմությունը ցույց է տալիս, որ գլխավոր կառույցը Հայ առաքելական եկեղեցին է, որի շուրջ հավաքվում են բոլորը»։

Խաժակ արքեպիսկոպոսը պատմեց, որ ի սկզբանե Պորտուգալիայի հայ համայնքը շատ փոքրաթիվ է եղել, բայց վերջն տարիներին ընդլայնվել է։ Այստեղ են գալիս հայ ընտանիքներ եւ ուսանողներ ոչ միայն ՀՀ-ից, այլ Եվրոպայի այլ երկրներից ու ԱՄՆ-ից։ «Մեր նպատակն է՝ ավելի հաճախ կազմակերպել պատարագներ, մշակութային հավաքներ։ Հուսամ, որ ապագայում հայկական դպրոց էլ կունենանք երեխաների համար։ Առհասարակ, երբ եկեղեցի է կառուցվում, կից լինում է նաեւ կրթական կառույց։ Ուստի եկեղեցին հայկական կենտրոն է՝ հոգեւոր, կրթական, մշակութային»,-շեշտեց մեր զրուցակիցը։

Ըստ Խաժակ սրբազանի՝ Պորտուգալիայի հայ համայնքի առաջնային խնդիրը կազմակերպական է․ «Երբ կազմվեց եկեղեցական խորհուրդը, տարբեր հայորդիներ միավորվեցին։ Խորհուրդն ամեն ամիս ժողով է անում։ Սա արդեն իսկ մարդկանց իրար մոտեցնելու առաջին քայլն է։ Անգամ թերթ են հրատարակում, որը հասանելի է լինելու նաեւ սոցիալական մեդիայով։ Ժամանակակից թվային միջոցներն օգնում են ավելի շատ մարդկանց տեղյակ պահել այս ամենի մասին։ Իմ մոտեցմամբ՝ սփյուռքում ապրող հայերը պետք է այդ երկրների լավագույն քաղաքացիներից լինեն։ Միշտ ասում եմ, որ իրենք պետք է դաստիարակեն լավ քաղաքացիներ։ Դա ամենեւին չի նշանակում դադարել հայ լինել կամ կորցնել հայկականը։ Ես շատ հայերի եմ ճանաչում, ովքեր սփյուռքում են ապրում եւ իրենց համարում են տվյալ երկրի քաղաքացի, բայց իրենք շատ շատերից ավելի հայ են ու մեծ նպաստ են բերում Հայաստանի համար։ Մարդու հոգին է կարեւոր»։

Հետաքրքրվեցինք, թե ի՞նչ կարող է սփյուռքն անել մայր եկեղեցու համար՝ հաշվի առնելով եկեղեցու շուրջ վերջին շրջանում կուտակվող մարտահրավերները։ Խաժակ սրբազանը պատասխանեց․ «Սովետական շրջանում եւ դրա համակարգի մեջ, օրինակ, Վազգեն Վեհափառը զորավոր էր, որովհետեւ սփյուռքում հայ եկեղեցին զորավոր էր։ Հետեւաբար, այսօր սփյուռքում եկեղեցին պետք է ավելի զորանա։ Դրա հիմնական պայմաններից մեկը հոգեւորականների պատրաստումն է։ Մենք այսօր չունենք բավարար թվով հոգեւորականներ։ Հայաստանի խորհրդայնացումից եւ Հայոց ցեղասպանությունից առաջ մենք մոտ 5000 հոգեւորական ենք ունեցել, վանքեր, հոգեւոր վերածննդի կենտրոններ․․․ցեղասպանության ժամանակ մոտ 3000 հոգեւորականներ նահատակվեցին, իսկ սովետական շրջանում՝ 2000-ից ավելի։ Շատ կարեւոր է, որպեսզի հոգեւորականները լինեն լավ պատրաստված, ճանաչեն սփյուռքը, ունենան կազմակերպական հմտություններ։

Փառք Աստծո, ՀՀ անկախացումից ի վեր Վեհափառ Հայրապետի առաջնորդությամբ մեծ թվով երիտասարդ հոգեւորականներ են պատրաստվել։ Շատերը կրթվել են ԱՄՆ-ում եւ Եվրոպայում, բայց դա բավարար չէ։ Պետք է քաջալերել, որպեսզի սփյուռքից եւս երիտասարդներ գան եկեղեցի։ ԱՄՆ-ում իմ ծառայության տարիներին ես 27 հոգեւորականի եմ ձեռնադրել, որոնք ԱՄՆ-ում էին ծնվել կամ մեծացել»։

Aravot.am-ը զրուցեց նաեւ Լիսաբոն ժամանած Տեր Թորոս քահանա Եսայանի հետ։ Նա Իսպանիայի Ալիկանտե քաղաքի հյուսիսային շրջանի եւ Պորտուգալիայի հոգեւոր հովիվն է։ Տեր Թորոսը ես ընդգծեց հայապահպանությունը՝ որպես առաջնային նպատակ․ «Վստահաբար, դրա նախապայմանը հոգեւոր կյանքն է։ Եկեղեցին կարողանում է իր զավակներին համախմբել եւ ստեղծել ամուր միջավայր, որում հետագայում ամրապնդվելու են նաեւ կրթությունը եւ մշակույթը։ Պորտուգալիայի պարագայում դեռ վաղ է այդ մասին մտածելը, բայց քայլեր չձեռնարկել պարզապես չենք կարող։ Ամեն ինչ ստացվում է աստիճանաբար»։

Տեր Թորոսն այս համատեքստում հետաքրքրական գաղափար է ցանկանում նախաձեռնել՝ կազմել տեղի հայերի ծխական մատյան։ «Այդ մատյանները ավանդական ցուցակներ են, որոնք մեր եղեկեցին դեռեւս հարյուրավոր տարիներ առաջ է կազմել ու պահպանել։ Դրանք ընդհանուր տեղեկություն են պարունակում համայնքի անդամների մասին։ Իհարկե, տեխնոլոգիաների այս դարաշրջանում կան ավելի լավ մեխանիզմներ, եւ եկեղեցին անշուշտ ունի նաեւ իր մշակած մեխանիզմը»,-ասաց նա։

Տեր Թորոսն ընդգծեց, որ ծխական մատյաններն արդիական են եւ գործածելի, հատկապես երբ նոր են կազմվում որեւէ համայնքի համար․ «Դրանք ենթադրում են հայության քանակի հաշվարկ, որում կարեւոր են մասնագիտական շերտերը, տարիքային խմբերը։ Այդ ամենը ծառայում է գործին, եթե, օրինակ, ցանկանում ենք երեխաների քանակ իմանալ եւ ուսուցիչների հրավիրել։ Բոլոր մասնագիտություններն առնչվում են համայնքի ներքին կյանքին»։

Ավելացնենք, որ Պորտուգալիայի հյուսիսում գտնվող Պորտո քաղաքում եւս կա փոքրաթիվ, բայց աշխույժ հայ համայնք։ 2025թ․-ին այստեղ մատուցվել է առաջին պատարագը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Պորտուգալիա, Լիսաբոն

Aravot.am-ի համար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել