«Սրանք այն մարդիկ են, որոնք ոչ մի բան հաշվի չառնելով` կալանք են տվել Անդրանիկ Թեւանյանին, Գագիկ Ծառուկյանին, Արեգնազ Մանուկյանին։ Երբ քննիչը պահանջել է մաքսիմում խստությամբ կալանք, նրանք համաձայնել են՝ հաշվի չառնելով որեւէ հանգամանք»,- ասաց «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Դերենիկ Մալխասյանը «Հայելի» ակումբում՝ խոսելով դատական համակարգի, կոնկրետ դատավորների, քննիչների, դատախազների մասին։
«Օրինակ, Արեգնազ Մանուկյանը, որը խնամքին ունի անչափահաս երեխա, 86 տարեկան մայր։ Այդ դատավորներից մեկը, անունը չեմ ուզում արտաբերել, որոշել է սահմանափակել Արեգնազ Մանուկյանի անգամ հեռախոսային կապը անչափահաս դստեր եւ 86-ամյա մոր հետ։ Նույնը, իմիջիայլոց, արել են Անդրանիկ Թեւանյանի պարագայում՝ էլի խիստ ռեժիմով կալանավորելով ու թույլ չտալով շփվել իր ամենամոտ հարազատների՝ կնոջ, երեխաների հետ։
Սա չի տեղավորվում արդարադատություն իրականացնելու որեւէ տրամաբանության մեջ։ Սա ոչ այլ ինչ է, քան խոշտանգում։ Եվ որեւէ իրավաբան ինձ չի կարող համոզել, որ 13 տարեկան երեխայի հետ շփվելը կամ Անդրանիկ Թեւանյանի պարագայում իր երեխայի հետ շփվելը հենց ՔԿՀ-ում, որտեղ ամեն ինչ տեսագրվում ու ձայնագրվում է, կարող է վնասել նախաքննությանը։ Սա խոսում է այն մասին, որ նիկոլական դատաիրավական, ուժային համակարգը մարդկանց միտումնավոր բռնաճնշումների է ենթարկում եւ նման դատավորները դակում են այդ որոշումներն ու որեւէ բան հաշվի չեն առնում։
Այս մարդիկ պետք է հասկանան, որ պատասխանատվությունն օրենքի առաջ օրերից մի օր գալու է։ Եվ իրենք պետք է պատասխան տան, թե այդ ի՞նչ հանգամանքներում, ինչի՞ց ելնելով, որեւէ բան հաշվի չառնելով՝ իրենք նման որոշումներ են կայացրել։ Իրենց մոտեցումը հուշում է, որ իրենք առաջնորդվում են ոչ թե արդարադատություն իրականացնելու, այլ մարդուն առավելագույնս պատժելու եւ առնվազն հոգեբանական, հոգեկան խոշտանգումների ենթարկելու տրամաբանությամբ»,-ասաց Դերենիկ Մալխասյանը։
Կարդացեք նաև
Նա նաեւ արձանագրեց, որ բռնապետություն հաստատվում է ոչ թե մի հոգու անմիջական գործողություններով եւ գործունեությամբ։ «Մի հոգին թելադրում է բռնապետություն հաստատելու իր կամքը եւ գտնվում են ահա նման մարդիկ, որոնք պապից ավելի կաթոլիկ սկզբունքով ընկնում են առաջ եւ իրենց հավատարմությունը շեշտելու համար նման որոշումներ են դակում։ Խնդիրն այն է, որ գալու է օրենքի առաջ պատասխան տալու ժամանակը։ Բայց իրենք ասելու են՝ դե, մեզ պարտադրում էին, ստիպում էին, տուն էինք պահում… Դուք տուն եք պահում ուրիշի տունը քանդելո՞վ, ուրիշներին խոշտանգելո՞վ, ուրիշների ճակատագրի հետ խաղալո՞վ։ Նացիստական հանցագործների նկատմամբ տեղի ունեցած Նյուրնբերգյան դատավարության ժամանակ էլ զինվորականները արդարանում էին, թե հրաման կար։ Բայց դա նրանց չփրկեց օրենքից։ Հիմա թող բոլորը՝ նույն քննիչները, դատավորները, դատախազները հասկանան, որ գալու է մի օր եւ իրենք կանգնելու են դատարանի առջեւ»,-ասաց «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ



















































