Լրահոս
Օրվա լրահոսը

Պարտության տրուբադուրները

Դեկտեմբեր 13,2020 23:17

Արցախը կորցնելուց հետո, կորստի վտանգի տակ է նաև Հայաստանի Հանրապետությունը։ Թշնամին բնակավայր առ բնակավայր նվաճում է մեր արդեն փոքրացած երկիրը։

Մի քանի անգամ խոսել, գրել եմ, որ այլ ցանկացած ժողովուրդ իրեն պարտության մատնած, նվաստացրած ղեկավարի չէր հանդուրժի։ Բայց․․․թշնամին արդեն Սյունիքի, Ջերմուկի մատույցներում է, իսկ Հայաստանի այլ բնակավայրերում, այդ թվում Երևանում, շատերը զբաղված են Նոր տարվա գնումներով։ Լավ, մենք տարրական անվտանգության բնազդ, հայրենիքի զգացողություն չունե՞նք։ Թե՞ , ինչպես շատերդ առաջ էիք մտածում, որ արցախցին թող մտածի Արցախի մասին, հիմա է նույն կերպ սյունեցին, լոռեցին, եղեգնաձորցին թող մտածեն իրենց մասին։

Սա դեռ մի կողմ, բա տարբեր «մաստի» լրագրողներ, գործիչներ, որ «քլնգում» են բռնապետիկի հրաժարականը պահանջող ուժերին, նրանց անվանելով «նախկիններ, թալանչիներ» և այլն։ Այդպես ասողները, եթե փորփրենք, հենց իրենք են նախկիններ կամ նախկինների հետ համագործակցողներ։ Լավ, եթե ընդունենք, որ դուք քաղաքականապես «կույսեր» եք, ինչո՞ւ ինքներդ դուրս չեկաք փողոց և չպահանջեցիք բոլորիս, նաև, եթե դույզն ինչ արժանապատվություն ունեք՝ ձեզ նվաստացնողի հրաժարականը։ Հա, մոռացել էի, նրան «ժողովուրդն» է ընտրել։ Իսկապե՞ս այդպես եք մտածում, թե՞ իրականում թաքնվում եք «ժողովրդավարություն» կոչվող, որից ինքներդ էլ բան չեք հասկանում, արժեքի ետևում։ Իսկ եթե ձեզնից ոմանք այդքան անկեղծ պարզունակ գործիչներ են, ապա ենթադրվում է, որ ձեզ համար առավել նախընտրելի է, որ Հայաստանը կործանվի, եթե «ժողովրդավարական» չի։ Իսկ գուցե, նույն ձեր կարգախոսների (նախկիններ, թալանչիներ,ժողովրդավարություն) ետևում ինչ-որ մութ գործարք կա, այն է՝ հանուն փողի, հրաժարվել հայրենիքից։

Ամեն դեպքում, եթե դուք անկեղծ եք ձեր տեսակետներում, թե թշնամու առաջադրանքն եք կատարում, մի բան պարզ է, դուք պարտության տրուբադուրներ եք, պարտությամբ հրճվողներ։ Ձեզ համար պարտությունը, հայրենիքի կորուստը, հազարավոր զոհերը ոչինչ են՝ կամ ձեր կողմից անգիր արած ֆրազների համեմատությամբ, կամ՝ դուք քարոզչության պարզունակ զոհեր եք, կամ՝ «փողին մուննաթ»։

Եվ ամենասարսափելին այն է, որ եթե ձեր տեսակը հաղթի, ապա դուք, ձեր պահվածքով ժողովրդին, գալիք սերունդներին «կվարժեցնեք» պարտության։ Այո, դուք զուրկ եք ոչ միայն ազգային, այլև մարդկային արժանապատվությունից։

Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031