Լրահոս
Օրվա լրահոսը

Ճիշտ երթի ժամանակն է

Դեկտեմբեր 15,2020 10:00

ՀՀ վարչապետը եւ Արցախի նախագահը երեկ հանրությանը տեղեկացրին իրենց ազգօգուտ գործունեության կարեւոր արդյունքներից մեկի մասին՝ դեկտեմբերի 19-ին եռօրյա սուգ է հայտարարվում, որն ազդարարվելու է նաեւ երթով: Չնայած վերը նշված երկու պաշտոններն այժմ շատ առումներով նոմինալ են, այդ անձանց իշխանությունը միանգամայն բավարար է՝ սգո երթ կազմակերպելու համար:

Նոյեմբերի 9-ից բոլորս սգի մեջ ենք, նախեւառաջ՝ նրանք, ովքեր այս պատերազմի ժամանակ հարազատ եւ տուն են կորցրել: Ես եւ, կարծում եմ, շատ-շատերը սգի մեջ ենք նաեւ այն պատճառով, որ մի քանի հազար մարդու նահատակությունից կարելի էր խուսափել կամ, համենայնդեպս, խիստ կրճատել, եթե չլիներ գերագույն հրամանատարի հիվանդագին փառամոլությունը եւ ինքնահաստատվելու անզուսպ ձգտումը: Ես սգում եմ, որ, այդքան զոհեր ունենալով, մենք պարտվեցինք՝ ոչ միայն տարածքներ կորցրեցինք, այլ վտանգի տակ դրեցինք հայոց պետականությունը: Ես սգում եմ նաեւ, որ վարչապետը, նախարարները, «իմքայլականները» դեռ սիրտ ունեն ելույթներ ունենալու, ինքնարդարանալու, PR-վելու, պայծառ ապագա խոստանալու, հաճախ նաեւ՝ հոխորտալու, սպառնալու, մեղադրելու: Ստացվում է, որ իշխանության մասին ցանկացած ոչ փառաբանող դատողություն թշնամական քարոզչություն է եւ ահաբեկչություն:

Քաղաքական ղեկավարությունը եւ զինվորականները դեռեւս չեն ներկայացրել հանրությանը, թե ինչպես, ինչ հանգամանքներում է զոհվել մեր զինվորների մեծ մասը: Մենք կարդում ենք եւ լսում ենք տարբեր պատմություններ, թե ինչպես են զոհվել խրամատներում նոր-նոր հայտնված հարյուրավոր 18-20 տարեկան երիտասարդներ, երբ «օդից կրակ էր թափվում»: Չեմ ուզում մանրամասների մեջ մտնել, քանի որ մեր իմացածն, ի վերջո, դրվագներ են: Ղեկավարներն ունեն ամբողջական պատկերը, որը, վստահ եմ, վկայում է նրանց անճարակ, դիլետանտ, անկազմակերպ եւ անպատասխանատու լինելու մասին:

Նահատակների հիշատակը հարգելու լավագույն ձեւը կլիներ մեղքերի խոստովանությունը, ներողություն խնդրելը եւ հեռանալը: Բայց այս՝ հոգեպես կույր աթոռապաշտների պարագայում դա, իհարկե, բացառված է: Փողոցում չկան հարյուր հազարավոր բողոքողներ, ուրեմն՝ իշխանությունը լավ է աշխատում եւ ոչ մի բանի համար պատասխանատու չէ:

Փոխարենը կան անվերջ ելույթներ եւ ուղերձներ: Քանի որ վարչապետը սիրում է ելույթներ ունենալ եւ «սրտիկներ» ստանալ, եւ այդ սրտիկները նրա համար, ըստ ամենայնի, ավելի կարեւոր են, քան մարդկային կյանքերը, նա, շատ հավանական է, ելույթ կունենա նաեւ դեկտեմբերի 19-ին: Եվ քանի որ նա սիրում է ինչ-որ բան առաջնորդել, նա այս անգամ կառաջնորդի պարտության երթը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Garo says:

    Արդեն պարզա ինչա տեղի ունեցել: Սյամոն էլ խոստովանեց Ջաբրաիլում կանկրետ Հորադիզում Ու Լելեթեփեյի ուղղությամբ մեծ հակագրոհներ են եղել, որոնք ավարտվել են հսկայական զոհերով ու տեխնիկայի կորուստներով: Փորձա եղել ոչ մի թիզ չտալ, մի բանել ավել հող գրավել, ինչն էլ բերելա աղետի:
    Հիմնական զոհերը եղելա հենց էտ անիմաստ հակագրոհների ժամանակ:
    Խրամատներում բլինդաժներում գտնվող զորքը կակռազ շատ ավելի քիչ կորուսա ունեցել:
    Իբր տեսեք տեսեք Սերժը 800հա տվեց մենք հող տվող չենք:

  2. դիանա says:

    Երանի նրանց ովքեր այսօր չկան․․․

  3. Լավատես says:

    Մեր ամենօրյա մեծուփոքր հաղթանակներով երջանկացնենք մեր անմահացածների կենդանի հոգիները:

  4. henri says:

    Համակարգիչիս վրայ կը փորձեմ աջ-ձախ/վեր-վար ձատկրտելով մի բան հասկնալ – արդեօք հայերս այս աստիճան ՛՛մազոշիստ՛՛ դարձած ենք որ չենք զգար որդեկորոյս երիտասարդ մայրերու տառապանքը և կը շարունակենք տակաւին մեր փողոցային վէճերն ու բախումները, ազգի հազարաւոր կայտար սերունդի մը ոչնչացումը որպէս թիւ յիշել ,հազար թէ երկու հազար թէ աւելի և կորսնցուցած տարածքներն ալ որպէս քառակուսի մեթր …որ ազատագրելու համար այնքան արիւն թափուած էր … Այս աստիճան քար-սրտութիւն ՞… Մեր Ազգը մահամերձ է ՞ միթէ – Պետական շէնքերուն մէջ նստողներուն ևփողոցի անհամոզիչ ցուցարարներուն մէջ չի գտնուիր ուժ մը որ սթափեցնէ մեզ վերջապէս -Պարտուած ենք այո- բայց չենք ոչնչացած …

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031