Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

«Առուշ Առուշանյանը Նիկոլ Փաշինյանի հերթական զոհն է, բայց վերջին զոհերից է, քանի որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հոգեվարքի մեջ է». Նարեկ Սամսոնյան

Դեկտեմբեր 21,2020 20:22 Share

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը վստահ է՝ եթե Նիկոլ Փաշինյանը հնարավորություն ունեցավ բախումների գնալ, նա դա անելու է, ինչպես տեսանք Եռաբլուրում:

Առուշ Առուշանյանի աջակիցների հետ ՀՀ քննչական կոմիտեի բակում լրագրողների հետ զրույցում Նարեկ Սամսոնյանը նկատեց՝ այս երկրում սովորական է դարձել՝ այն մարդիկ, որոնք պետական դավաճանության դեմ են, պետության ներկայիս դավաճանական ղեկավարման թիմը փորձում է ճնշել նրանց: Նա ասաց՝ այդ պատճառով էլ ինքն այստեղ է: Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ձերբակալության և նրա հետ կատարվածի մասին Նարեկ Սամսոնյանն ասաց. «Կարծում եմ՝ Առուշ Առուշանյանը Նիկոլ Փաշինյանի հերթական զոհն է, բայց վերջին զոհերից է, քանի որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հոգեվարքի մեջ է»:

Նա, խոսելով Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք այցելության մասին, ասաց. «Այսօրվա դեպքը ՀՀ պատմության ընթացքում առաջինն է, որ երկրի ղեկավարը որևէ մարզ այցելելու ժամանակ ունեցել է նման խնդիր: Նրան վռնդել են Սյունիքի մարզից, հետևաբար Առուշ Առուշանյանը և հետո մի քանի այլ մարդիկ, որոնք կլինեն, վերջին զոհերն են այս դավաճան իշխանության»:

Հիշեցմանը՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Գորիս և մյուս համայնքներ չի գնացել բախումներից խուսափելու համար, Նարեկ Սամսոնյանն արձագանքեց. «Եթե նրա մոտ 0,01 տոկոս ինքնասիրություն լիներ, նա չպետք է գնար Եռաբլուր: Եռաբլուրում նրանք կարողացան զոհվածների ծնողներին ծեծելով,  հասնել իրենց նպատակին: Սյունիքում չկարողացան, որովհետև այնտեղ այդ ժեխը, այդ ագրեսիվ փոքրամասնությունը չկար. ավելի թասիբով էին: Իսկ Նիկոլ Փաշինյանը փորձում է իբր հիմնավորում գտնել: Նիկոլ Փաշինյանը, եթե ունենա հնարավորություն անգամ տասը տոկոսով բախման գնալու, նա գնալու է»:

Ըստ Նարեկ Սամսոնյանի՝ եթե պետական ապարատն ունի խիղճ այս պետության նկատմամբ, նրանք շատ արագ պետք է ոչ թե Քննչական կոմիտե, այլ ՀՔԾ տանեն Նիկոլ Փաշինյանին, գլխավոր դատախազի կողմից թուղթը ձեռքերը տանեն դատարան: Նա վստահ է ՝ ՀՀ-ում չի լինի մի դատավոր, որը մեծ սիրով Նիկոլ Փաշինյանի կալանավորման որոշում չտա:

Այն, որ Փաշինյանի կուսակցականները պատրաստ են կոչ անել գնալ ու հաշվեհարդար տեսնել քահանայի հետ, այս առիթով Նարեկ Սամսոնյանն ասաց. «Նիկոլ Փաշինյանն իր իշխանության երկուսուկես տարիների ընթացքում հետևողական ոչնչացրել է նաև եկեղեցին, բանակը: Գիտենք փաստեր, որ աղանդավորական տարբեր կազմակերպություններ սատարում են Նիկոլին. Կյանքի խոսք և այլ աղանդների ներկայացուցիչներին էին հրահանգել գնալ երթի: Նիկոլ Փաշինյանը հակաեկեղեցական, հակաբանակային է եղել հենց սկզբից»:

Ամփոփելով հիշեցրեց՝ սպառնալիքի ուժի ներքո ԱԺ-ն Նիկոլ Փաշինյանին ընտրել է, հետո ինքը կազմակերպել է ընտրություններ բազում խախտումներով. «Նա ստում է. ժողովուրդն իրեն չի տվել ի պահ իշխանություն, այլ խորհրդարանական մեծամասնությանը, որը շատ խելոք գալու և ընտրելու է մեկ այլ քաղաքական գործչի իրեն վարչապետ այնպես, ինչպես ՀՀԿ-ն ընտրեց Նիկոլ Փաշինյանին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել