Լրահոս
Օրվա լրահոսը

«Եկեք սահմանամերձ գյուղերի բնակիչներին զինենք, յուրաքանչյուրն իր տանն ունենա զենք». Կապանի քաղաքապետն առաջարկում է օրենք ընդունել ու զենք տալ տղամարդկանց

Դեկտեմբեր 25,2020 17:50

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԲՀԿ-ն նախաձեռնել է աշխատանքային քննարկում՝ «Սահմանամերձ շրջաններում ստեղծված վիճակն ու լուծման ուղիները» թեմայով: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց, որ երբ խոսում է սյունեցիների հետ, նրանք տագնապներ ունեն, ուստի հարցրեց՝ ի՞նչ անեն, որ մարդիկ սրանից հետո էլ կարողանան ու ուզենան Սյունիքում ապրել ու իրենց անվտանգ զգալ:

Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանը, որը ներկայացրել էր իրավիճակը, պատասխանեց, որ սահմանապահներ պետք է լինեն սահմանի ողջ երկայնքով, իսկ նրանց հետեւում պետք է լինի ապառազմականացված գոտի, դրանով կապահովագրեն, որ բախումներ չլինեն. «Դուք, որպես պատգամավոր, կարող եք հանդես գալ նախաձեռնությամբ, որ բոլոր գյուղացիներին՝ տղամարդկանց զինեն: Այսօրվա դրությամբ որսորդական խանութից զենք ձեռք բերելու համար որոշակի դժվարություններ կան ընթացակարգային: Դա կարելի է հեշտացնել, օրինակ, Սյունիքի մարզի հետ կապված: Կապան-Գորիս ճանապարհահատվածն էլ անցնելով, որպեսզի իրականում այդ ճանապարհը գործի, պետք է մարդկանց մոտ վստահություն լինի, իսկ վստահության մի ձեւը զենք ունենալն է: Օրինական զենք կարող են ձեռք բերել: Մտածենք ինչպես անենք, որ մեր սահմանամերձ գյուղերի բնակիչներին զինենք, յուրաքանչյուրն իր տանն ունենա զենք: Վախը կորի ու վստահ կլինեն, որ կարող են ինքնապաշտպանվել՝ զենքի առկայությամբ»:

Մարուքյանը հիշեցրեց, որ 2016-ի ապրիլյան պատերազմից հետո ինքն առաջարկել է, որ սահմանամերձ համայնքների բնակիչներին տան զենք ունենալու հնարավորություն. «Ասվեց՝ վայ, հանցավորությունը կաճի, բան…Ես առաջարկեցի, որ գյուղապետարաններում զինանոց լինի, ամեն մարդուն կցված զենք լինի, որ երբ պետք լինի՝ այդ մարդիկ գնան վերցնեն՝ այդ առաջարկն էլ չընդունվեց»:

Մարուքյանը նաեւ ասաց, որ պատերազմից առաջ Սյունիքի մարզում երկու բրիգադ է կրճատվել, նախ, պետք է այդ բրիգադները վերականգնել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031