Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե Փաշինյանի գործոնը չկար, ինչո՞ւ էր Սոֆյա Հովսեփյանը 2017-ին 10 անգամ քիչ ձայն հավաքել. Սոֆյա Հովսեփյանը՝ «Նիկոլի ուսապարկի» հետ համեմատվելու մասին

Հունվար 11,2021 15:13

«Որոշումս բավականին երկար մտածելուց հետո եմ կատարել: Մի շարք պատճառներ կան, իսկ գործընկերներս արձագանքները չեմ ուզենա մեկնաբանեմ, կթողնեմ, որ ամեն մեկն իր խղճով մոտենա այս հարցին: Այն որակումները, որոնք տրվեցին, ոչ հարիր էր իմ նման մարդու տալու, ոչ էլ որեւէ պատգամավորի»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցությունը լքած պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:

Նա ասաց, որ պատերազմի այս ելքից հետո սպասելի էր իր քայլը՝ իմանալով իր արժեհամակարգը. «Խնդիրները չափազանց շատ էին, բայց այն վերաբերմունքը, այն գործողությունները, որոնցում շատ-շատ թերացումներ կային իշխանության կողմից, այսպես ասած այն ոչ լուրջ վերաբերմունքը գործողությունների արագ կազմակերպման հարցում հանգեցրեցին իմ որոշմանը»:

Հարցին՝ երբ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից ասում էր՝ «ինչ պետք է՝ բանակցում ենք», իշխանականները ծափ էին տալիս, հիմա ո՞նց եղավ, որ այս որոշումից հետո, հենց հողերը տրվեցին Ադրբեջանին, բոլոր սկսեցին, թե «վայ, մենք հայրենասեր ենք, դուրս ենք գալիս», ինչո՞ւ այն ժամանակ հարցեր չէիք տալիս ու պատասխանները չէիք ստանում՝ Սոֆյա Հովսեփյանը պատասխանեց, որ ինքը միշտ էլ ինչ հարց ուզել՝ տվել է ու պատասխանները ստացել է ու թյուր կարծիք է, թե դրանից հետո է ծնվել իր հայրենասիրությունը: Նա ասաց, որ Փաշինյանը հողերը չտալու մոտեցում է միշտ ունեցել ու ինքն էլ կիսել է այդ մոտեցումը:

Հարցին՝ ձեզ հարցադրումներ են արվում՝ Փաշինյանի շնորհիվ ընտրվեցիք պատգամավոր, մանդատ ստացաք, ինչո՞ւ եք պահում նրա շնորհիվ ձեռք բերած մանդատը՝ Հովսեփյանը պատասխանեց. «Իմ գործընկերները, ովքեր նման գնահատականներ են տվել, իրենք շատ լավ գիտեն, թե ով է Սոֆյա Հովսեփյանը եւ ինչ կարողություններ ուներ եւ ունի: Շատ շատերին, որոնց առհասարակ որեւէ մեկը չէր ճանաչում, ինձ մինչեւ պատգամավոր դառնալը ճանաչում էին, իմ գործունեությանը ծանոթ էին»: Ճշտեցին՝ այսինքն, դուք համարում եք, որ դուք եք վաստակել ձեր մանդատը ու Նիկոլ Փաշինյանի գործոնը կապ չունի՞՝ Սոֆյա Հովսեփյանը պատասխանեց. «Ես եղել եմ ռեյտինգային ցուցակով ու եղել եմ, եթե ճիշտ եմ հիշում՝ 147-րդ համարը, այսինքն՝ ամենավերջին համարներից մեկը: Եվ եթե գոնե իրենք վստահ չլինեի, որ Սոֆյա Հովսեփյանը կունենա այն ձայները, որոնք կլինեին անցողիկ, ապա դժվար թե ինձ տանեին ամենավերջին համարները»:

Մենք հիշեցրինք ՔՊ խոսնակի գրառումը, ըստ որի, եթե «Նիկոլի ուսապարկ» լիներ գրված քվեաթերթիկի վրա, ապա հաստատ այդ ուսապարկն ավելի շատ ձայն էր հավաքելու, քան ինքը՝ Սոֆյա Հովսեփյանն արձագանքեց. «Գիտեք, այդ արտահայտությունը ես իմ վրա չեմ վերցնելու, որովհետեւ շատերը այդ արտահայտությանն արձագանքեցին: Այն անձը, ով նման մոտեցում է ցուցաբերել, ինքը առհասարակ այդ վերաբերմունքն է ցուցաբերել խմբակցության այն անդամներին, ովքեր ընտրվել են, գործող պատգամավորներ են ու այն անձանց, որոնք այդ ցուցակում են: Դա վիրավորում է այն անձանց, ովքեր ընտրություն են կատարել: Այսինքն, քաղաքացիները չունեն այն գիտակցումը, որ եթե գրված լիներ «Նիկոլի ուսապարկ», ապա պետք է ընտրեին: Ես կարծում եմ, որ սա շատ բան է արդեն իսկ խոսում քաղաքական թիմի նկատմամբ հենց քաղաքական կուսակցության վերաբերմունքի մասին: Հետեւությունները կթողնեմ մարդկանց»:

Հարցին՝ եթե Նիկոլ Փաշինյանի գործոնը չկար, 2017-ին ինչո՞ւ չընտրվեցիք, դուք 10 անգամ քիչ ձայն եք հավաքել այդ ժամանակ՝ 2018-ի համեմատ՝ Սոֆյա Հովսեփյանը պատասխանեց. «2018-ի ընտրությունները կտրուկ տարբերվում են 2017-ի ընտրություններից, դա մասսայական ընտրակաշառքների ժամանակահատված էր»: Նա հիշեցրեց, որ այդ «10 անգամ քիչ» ձայները շատ քաղաքական գործիչների, նաեւ՝ «Ելք» դաշինքի շատ գործիչների ձայներից 2-3 անգամ ավելի էր, ընդ որում, ինքը քաղաքականության մեջ չէր եղել ու դա գնահատվում էր չափազանց լավ արդյունք. «Համեմատություն անել 2017-ի հետ, ես կարծում եմ, որ 2017-ի իմ ձայներն արդեն իսկ խոսում են իմ վարկանիշի մասին»:

Հովսեփյանը նաեւ ասաց, որ իր որոշումը չի քննարկել որեւէ մեկի հետ, ցանկություն էր հայտնել միայն հարցը քննարկել «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ, նա նպատակահարմար չի գտել այդ պահին, իսկ իր հայտարարությունը տարածելուց հետո Մակունցն է ցանկություն հայտնել քննարկել՝ արդեն Սոֆյա Հովսեփյանը նպատակահարմար չի գտել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031