Լրահոս
Օրվա լրահոսը

Թերեւս ժամանակն է հրապարակել նախորդ 26 տարիների բանակցային փաստաթղթերի բնօրինակների ողջ փաթեթը. Արսեն Խառատյան

Հունվար 14,2021 10:37

Վարչապետի արտաքին քաղաքական հարցերով նախկին խորհրդական Արսեն Խառատյանի ֆեյսբուքյան գրառումը

Գաղտնազերծել բանակցային բոլոր փաստաթղթերը կամ լռել

Արցախյան կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական կայքի միջոցով արձագանքել է Նիկոլ Փաշինյանի կողմից` ՀՀ Վարչապետի պաշտոնական կայքում հրապարակած հոդվածին: Պոպովը պնդում է, թե Փաշինյանը փաստեր է խեղաթյուրում` մանրամասներ ներկայացնելով ընդհուպ մինչեւ 2019-ի հունիս ամսին կողմերին ներկայացված առաջարկությունների վերաբերյալ: Մի կողմ թողնենք ռուսաստանցի դիվանագետի մոտիվներն ու դրա էթիկական հատվածը. ի՞նչ պետք է անենք մենք:

Ինչպես գիտենք, 1994-ից ի վեր, արցախյան բանակցային ողջ գործընթացը վարվել է գաղտնիության սկզբունքով: Դրանց որոշ հատվածներ ոչ պաշտոնական խողովակներով հրապարակվել, կամ գաղտնազերծվել են ներկա ու նախկին պաշտոնյաների, Մինսկի խմբի համանախագահների, փորձագետների ու լրագրողների կողմից:

Արցախյան բանակցային գործընթացը` Քի Վեսթից մինչեւ Մադրիդյան սկզբունքներ, Կազանի փաստաթուղթ եւ անդին, տարբեր փուլերում իր մի շարք հոդվածներում հրապարակել է իմ գործընկեր Թաթուլ Հակոբյանը` ANI Armenian Research Center կայքում, սակայն դրանք երբեք պաշտոնական փաստաթղթեր չեն եղել:

Իրենց պաշտոնավարման ընթացքի բանակցային տվյալներ են հրապարակել արտգործնախարարներ Վարդան Օսկանյանն ու Էդուարդ Նալբանդյանը, մինչդեռ 90-ականների բանակցությունների մանրամասնություններին մեծամասամբ առնչվում ենք պրոֆեսոր Ժիրայր Լիպարիտյանի եւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մենագրությունների, հոդվածների, հարցազրույցների ու ելույթների միջոցով: Ցավոք, սակայն, այս մասով եւս բնօրինակները սակավաթիվ են:

Հաշվի առնելով ստեղծված նոր իրողությունները, թերեւս ժամանակն է հրապարակել նախորդ 26 տարիների բանակցային փաստաթղթերի բնօրինակների ողջ փաթեթը, որոնք պետք է գտնվեն գործող քաղաքական մեծամասնության տնօրինության ներքո: Այսպիսով, նախ` հստակեցումներ կմտցվեն ներհայաստանյան հանրային-քաղաքական դաշտում, եւ ապա կկանխվեն ապագայի ներքին ու արտաքին հնարավոր նոր շահարկումները:

Մեր երկրի ու ժողովրդի համար այս լրջագույն մարտահրավերների շրջանում գործող պետական բարձրաստիճան պաշտոնյաները պետք է հասկանան, որ կամ ամբողջական ծավալով լույս են սփռում անցյալի անգամ ամենածանր իրողությունների վերաբերյալ, կամ դադարեցնում են մասնակի ներկայացնել պաշտոնական փաստաթղթերը, որոնք խորացնում են ճգնաժամն ու ավելացնում վտանգները:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031