«Վերածնվող Արցախ» ՀԿ նախագահ Անաստաս Իսրայելյանի ֆեյսբուքյան գրառումը
Եթե Արցախի հարցը Հայաստանի քաղաքական օրակարգում առաջնային տեղ չունի, եթե Արցախի ժողովրդի իրավունքները, վերադարձի հնարավորությունը և ազգային արժանապատվության վերականգնումը դուրս են մղվում քաղաքական քննարկումներից, ուրեմն մենք գործ ունենք ոչ թե պարզապես քաղաքական սխալի, այլ ազգային օրակարգի վտանգավոր նահանջի հետ։
Արցախը անցյալ չէ՛։ Արցախը միայն պատմություն չէ՛։ Արցախը հազարավոր մարդկանց հայրենիքն է, նրանց խախտված իրավունքների, կորսված տների և չլուծված ճակատագրերի հարցը։
Ով կարծում է, թե կարելի է կառուցել Հայաստանի ապագան՝ մոռացության մատնելով Արցախը, պետք է հասկանա, որ ազգային խնդիրները լռությամբ չեն անհետանում։
Կարդացեք նաև
Ով չի բարձրաձայնում արցախցիների վերադարձի իրավունքի մասին, պարտավոր է հստակ բացատրել իր դիրքորոշումը։ Իսկ ով վախենում է այս հարցը դարձնել քաղաքական օրակարգի անբաժանելի մաս, պետք է պատասխան տա իր քաղաքական լռության համար։
Արցախցիների վերադարձը չպետք է լինի պարզապես նախընտրական խոստում կամ գեղեցիկ կարգախոս։ Այն պետք է դառնա հետևողական քաղաքական, դիվանագիտական և իրավական աշխատանքի առարկա։
Ուստի ժամանակն է հստակեցնել դիրքորոշումները։
Արցախի հարցը չի կարող մոռացության մատնվել։ Արցախի ժողովրդի իրավունքները սակարկության առարկա չեն։ Իսկ ազգային արժանապատվությունը չի կարող կախված լինել քաղաքական հարմարավետությունից։
Հայաստանի ապագայի մասին խոսելիս Արցախը լռությամբ շրջանցելը լուծում չէ։ Լուծումը պատասխանատվությունն է, սկզբունքայնությունը և հետևողական պայքարը՝ իրավական ու քաղաքական միջոցներով։
Արցախը մեր ազգային օրակարգից չի ջնջվելու։ Եվ այս հարցում լռությունը երբեք չի կարող փոխարինել պատասխանին։



















































