Լրահոս
Օրվա լրահոսը

Երասխի բնակիչ․ Եթե ղեկավարությունը ճանապարհը բացի, պատրաստ ենք բոլորի հետ էլ համերաշխ ապրել

Հունվար 14,2021 20:00

Արցախյան երկրորդ պատերազմից հետո Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը սահմանակետեր է տեղադրել Արարատի մարզի Երասխ և Պարույր Սևակ գյուղերում՝ Հայաստան-Նախիջևան սահմանին։

Aravot.am-ը այցելեց երկու գյուղերն էլ, որտեղ պնդում էին, որ իրավիճակը խաղաղ է, ինչպես միշտ։ Իսկ սահմանակետերը երբեմն էլ ոգևորել են գյուղերի բնակիչներին։

Երասխ գյուղի բնակիչ Սոս Օրբելյանը ասում է, որ համեմատած Ղարաբաղի և Հայաստանի այլ բնակավայրերի իրենց գյուղում իրավիճակը լավ է, կռիվ չկա, կրակոցներ չկան․ «Ուղղակի դիրքեր են, մեր տղաները դիրքերը պահում են։ Գյուղի տղաներն են, բոլորս մի մարդու պես կանգնում ենք դիրքերը պահում ենք։ Ոչ մի բանից ո՛չ վախենում ենք, ո՛չ էլ վախենալու բան ունենք»։

Նա հիշում է, որ Խորհրդային միության տարիների ժամանակ երկաթուղային կայարանից հնարավոր էր Ադրբեջանի տարածքով գնալ Ռուսաստան, Կապան, սակայն 90-ականներին, երբ պատերազմը սկսվել է, այս երթուղիները դադարել են գործել։ Եվ այժմ միայն գործում է Երևան-Երասխ երթուղին։

Սոս Օրբելյանը կարծում է, որ երթուղիները վերականգնելու համար նախևառաջ պետք է Նախիջևանի հարցը լուծել․ «Եթե այդ հարցը լուծեն, Նախիջևանը տան Հայաստանին, ապա այստեղից կարելի է նորից այդ ճանապարհը վերականգնել։ Բայց երկաթգիծը պատկանում է Ռուսաստանին։ Առաջ այստեղ առևտուր էլ էին անում թուրքերը, ապրում էլ էին միասին։ Ի՞նչ կա, միայն խաղաղություն լինի կապրեն, մարդ են՝ ադրբեջանցի լինի, հայ լինի, վրացի լինի միայն խաղաղ ապրենք»։

Պարոն Սոսը Երասխում գյուղատնտեսությամբ է զբաղվում, ունի ծիրանի այգիներ, ժամանակ առ ժամանակ արտագնա աշխատանքի է գնում Ռուսաստանի Դաշնություն։ Ըստ նրա, եթե միջազգային փոխադրումները վերականգնվեն, ապա արտագաղթն էլ կնվազի․ «Կոմունիստների ժամանակ Երասխում 37 բազա է եղել, հիմա մի հատ գինու գործարան է մնացել։ Կարող են գալ, բիզնես դնել այստեղ գործարաններ կառուցել, կարող են պահածոների գործարաններ բացել, ժողովուրդը կաշխատի, կապրի, Ռուսաստան չեն գնա, կկարողանան գոյատևել, ապահով ապրել։ Բայց որ այդ բանը չկա ոչ մեկն այստեղ բան չի անի։ Երևի սահմանամերձ է, վախենում են գումար ներդնել։ Նամանավանդ, երկաթգծի կողքին է, ճանապարհի կողքին է, այստեղ մոտիկ է, կարելի է ամեն ինչ անել։ Բայց դե ոչ մեկը բան չի անում»։

Հետաքրքրվեցինք, եթե գյուղի բնակիչները մեկ մարդու պես պահում են դիրքերը, ապա ինչպե՞ս են պատրաստվում խաղաղ գոյատևել և առևտուր անել ադրբեջանցիների հետ, պարոն Սոսը պատասխանեց․ «Մենք ոչ մեկի հետ կռիվ չենք անելու, եթե իրենք չսկսեն, մենք չենք սկսելու։ Երկրորդը՝ եթե ղեկավարությունը ճանապարհը բացի, մենք պատրաստ ենք բոլորի հետ էլ համերաշխ ապրել։ Ոչ մի թշնամություն։ Ասենք՝ պատերազմ է, հասկանալի է, պատերազմի ժամանակ մեկը տուժում է, մյուսը օգտվում է, բայց եթե խաղաղություն լինի, բոլորս իրար հետ հավասար կապրենք»։

Պարույր Սևակ գյուղում, սակայն, այս կարծիքը չեն կիսում։ Բնակիչները մտահոգություն ունեն, որ միջազգային փոխադրումները կարող են բացասական ազդեցություն ունենալ հարակից համայնքներում գյուղատնտեսության զարգացման վրա, ավելին՝ թուրքական էժան մթերքը կարող է ոչնչացնել համայնքներում գյուղատնտեսությունը։ Նաև նշում են, որ իրենց գյուղը այդքան էլ մեծ կախում չունի այդ փոխադրումներից և տնտեսական մեծ ազդեցություն չեն էլ ակնկալում։ Կարծում են, որ դրանց վերականգնումը առանց միջադեպերի չի կարող լինել, և վստահ են, որ նման հարաբերությունների վերականգնման համար դեռ շատ երկար ժամանակ է անհրաժեշտ։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031