Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

«Սեյրան Օհանյանը, ռազմաքաղաքական գործչին ոչ բնորոշ ավելորդ զգացմունքայնություն ցուցաբերելով, խեղաթյուրելով փաստերը». ՀՀ դատախազություն

Հունվար 15,2021 19:44

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ռազմաքաղաքական գործչին ոչ բնորոշ ավելորդ զգացմունքայնություն ցուցաբերելով  և ցավալիորեն խեղաթյուրելով փաստերը՝ այսօր ՀՀ գլխավոր դատախազին ուղղված հրապարակային գրառում է կատարել, որի բովանդակությունը անկեղծ տարակուսանքի տեղիք է տալիս:

Նախ՝ տարակուսանքով պարոն Օհանյանի գրառումից պարզեցինք, որ Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ՀՀ գլխավոր դատախազը Ադրբեջանի գլխավոր դատախազի հետ ինչ-որ փաստաթղթեր է ստորագրել: Հավանաբար, այս ակնհայտ սուտը ճշմարտանման դարձնելու մղումն է եղել պատճառը, որ հարգելի պարոն Օհանյանը չի բացահայտել գոյություն չունեցող «ստորագրված փաստաթղթի» բովանդակությունը կամ գոնե ուղղվածությունը: Իրականում, ինչպես հրապարակվել է, փաստաթուղթ ստորագրվել է ՌԴ և ՀՀ գլխավոր դատախազությունների միջև՝ այն էլ  բացառապես երկու գերատեսչությունների միջև համագործակցության վերաբերյալ:

Տարակուսանքով պարզեցինք նաև, որ ՀՀ գլխավոր դատախազը Ադրբեջանի իրավասու մարմինների կողմից ՀՀ և ԱՀ պաշտոնատար անձանց նկատմամբ ԱՊՀ-ի խողովակներով ապօրինի հետախուզումների հարցը քննարկել է Ադրբեջանի դատախազի հետ: Իրականում, ինչպես պաշտոնապես տեղեկացրել ենք, նման հարց բարձրացվել է ՌԴ գլխավոր դատախազի հետ հանդիպման ժամանակ:

Այս իմաստով նույնքան տարակուսելի են պարոն Օհանյանի՝ բառացիորեն օդից վերցրած այն պնդումները, թե «դուք ոչ մի խոսք չասացիք, չարտահայտեցիք ձեր դիրքորոշումը Ադրբեջանի հանցագործ ռազմաքաղաքական իշխանության և իրավական համակարգի, ինչու ոչ, նաև իմ նկատմամբ իրականացված անօրենության վերաբերյալ»։ Եթե նախկին նախարարն առաջնորդվեր իրականությունը ներկայացնելու, այլ ոչ թե ցանկալին իրականության տեղ մատուցելու սկզբունքով, ապա նման պնդումներ անելուց առաջ գոնե կթերթեր պատերազմի ողջ ընթացքում  և դրա ավարտից հետո ՀՀ դատախազության պաշտոնական հրապարակումները, որոնք հստակ և միանշանակ որակումներ են պարունակում ինչպես Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության սանձազերծած ագրեսիվ պատերազմի, դրան Թուրքիայի օժանդակության, պատերազմի ընթացքում ադրբեջանական զինուժի իրականացած պատերազմական հանցագործությունների, միջազգային գործընկերների ուշադրությունն այդ ամենի վրա հրավիրելու, հնարավոր բոլոր միջազգային խողովակներն այդ նպատակով օգտագործելու վերաբերյալ, այլ նաև՝ ՀՀ նախկին և ներկա պաշտոնատար անձանց նկատմամբ հարուցված ապօրինի և անհիմն քրեական հետապնդումների, հետախուզումների:

Ադրբեջանական նմանօրինակ ապօրինի գործելաոճի հետևանքները չեզոքացնելու ուղղությամբ ՀՀ դատախազությունը մշտապես, նաև ՌԴ գործընկերների աջակցությամբ, արդյունավետ ջանքեր է գործադրել, որը բազմիցս հանրայնացվել է: Եթե դժվար է ՀՀ դատախազության պաշտոնական կայքում դրանք հայտնաբերել, կարող ենք հաղորդագրությունների ամբողջ փաթեթը սիրով ուղարկել գրառման հեղինակին:

Ամենացավալին, սակայն, այն արձանագրումն է, որ որպես պաշտպանության նախարար՝ իր պաշտոնավարման ընթացքում տարբեր ձևաչափերով Ադրբեջանի իր գործընկերոջ հետ հանդիպումների մասնակցած, տասնամյակներ շարունակ արցախյան հիմնահարցի կարգավորմանն ուղղված երկկողմ ու բազմակողմ բանակցություններին, տարբեր տարիներին հենց երկկողմ կամ այլ ձևաչափերով տեղի ունեցած շփումների արդյունքում հայ գերիների փոխանակման ականատես եղած անձի համար կարող է հիմա անընդունելի համարվել նման նուրբ ու չափազանց կարևոր խնդիրների լուծմանը միտված եռակողմ ձևաչափով ադրբեջանական կողմի հետ շփումները: Եթե նախկին նախարարը համարում է, որ չկա նման հաղորդակցության անհրաժեշտություն, ապա անհասկանալի է՝ նախ ինչու էր նախկինում լռում այդ մասին և ապա՝ ինչ այլընտրանք է առաջարկում:

Իսկ ընդհանրապես, անկախ նրանից՝ կոնյուկտուրային ինչպիսի դիրքորոշում կամ դիրքորոշման փոփոխություն կունենա հարգելի պարոն Օհանյանը, դատախազությունը իր լիազորությունների շրջանակներում ոչ միայն շարունակելու է նշված ուղղություններով իր ջանքերը, այլևս ամեն ինչ անելու է, որպեսզի լուծի այդ հարցը:

Ինչ վերաբերում է իր նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման կապակցությամբ գրառմամբ արված խիստ սուբյեկտիվ, էմոցիոնալ մեկնաբանություններին, ապա դրանց առթիվ ընդամենը կարելի է ըմբռնում հայտնել:

Ուղղակի ցավալի է տարածում գտած ընկալումը, որ երբևէ ծառայողական պարտքի կատարումը, նաև լավագույն ներդրումը ինդուլգենցիա է ենթադրում:  Սա չափազանց վտանգավոր միտում է, որի հետևանքները, ցավոք, կրում ենք:

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031