Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ դոլարը մեկ ծառ է. Արսինե Խանջյանը ևս կոչ է արել միանալ Արցախում նախատեսվող ծառատունկին

Հունվար 21,2021 16:45

Հայտնի դերասանուհի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի բարեկամ Արսինե Խանջյանը ևս միացել է մեր «Մենք ենք մեր ծառերը» (We are our Forests) արշավին՝ կոչ անելով աջակցել Արցախում անտառվերականգնման ծրագրի իրականացմանը։ Հիշեցնենք, որ FPWC կողմից մշակվել և իրականացվում է «Մենք ենք մեր ծառերը» (We are our Forests) արշավը, որի նպատակն է Արցախում 50 000 ծառ տնկել՝ նպաստելով տեղի էկոհամակարգի կայունացմանը։

2020թ․-ի աշնանն Արցախում տեղի ունեցող ցավալի իրադարձությունների ընթացքում Հիմնադրամը շուրջ 50 մլն դրամ արժողությամբ նվիրատվություն՝ մարդասիրական և տեխնիկական աջակցություն է տրամադրել Արցախին։

«Սա ճիշտ ժամանակին իրականացվող արշավ է, թե՛ կարճ ժամանակում մեր սիրելի Արցախին օգնելու, թե՛ ամբողջ Հարավային Կովկասի համար։ Ես մի քանի անգամ նվիրատվություններ եմ արել FPWC տարբեր բնապահպանական նախագծերի համար ու տեսել եմ, որ Հայաստանն օգուտ է քաղում դրանցից՝ կրթության, ներգրավվածության, բնության և մեր հայրենիքի կենսաբազմազանության պահպանության միջոցով»,- գրել է Արսինե Խանջյանը:

Վերջինս կոչ է արել իր 25 հազար ֆեյսբուքյան ընկերներին թեկուզ նվազագույն՝ 1 դոլար նվիրատվություն կատարել՝ այսպիսով նպաստելով հայրենիքի առողջացմանը։

Ընդգծենք, որ արշավին կարող են միանալ բոլորը «1 դոլար = 1 ծառ» բանաձևով։ 2021 թվականի մարտ ամսից նախատեսվում է մեկնարկել աճեցման գործընթացը, իսկ արդեն հոկտեմբեր ամսին բույսերը պատրաստ կլինեն տնկման համար ընտրված վայրերում։

Տնկման շրջանը սկսվում է հոկտեմբեր ամսվա կեսից և ձգվում է մինչև նոյեմբերի վերջ, սակայն անհրաժեշտ է հաշվի առնել նաև եղանակային պայմանները, ինչից կախված տնկման աշխատանքները միգուցե հնարավոր լինի իրականացնել նաև ձմռան ամիսներին։

Հիմնադրամը մշտապես հետևողական է կատարած աշխատանքի արդյունավետության նկատմամբ ու առաջնորդվելով այս գաղափարախոսությամբ և իրականացնելու համար տնկված ծառերի հետագա խնամքը՝ FPWC համագործակցում է «Արցախի բնության հիմնադրամի» (ANF) հետ, որն Արցախում առաջին բնապահպանական ՀԿ-ն է։

FPWC և ANF նախատեսում են հետևել ծառերի բնական աճին պայմանականորեն 5 տարի շարունակ։ Հետագա խնամքը ներառում է ոռոգման իրականացում ամռան ամիսներին, պահպանություն անտառապահների կողմից, ինչի միջոցով կկանխարգելվի տարածքների օգտագործումը՝ որպես արոտավայրեր և խնամքի այլ եղանակների իրականացում։

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031