Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Դանիել Իոհաննիսյան. «Եթե ընտրական օրենսգրքում բարեփոխումներն ընդունվեն, չեմ կարծում, թե որեւէ մեկը գլխից ձեռ քաշած կգնա վարչական ռեսուրսի էական ծավալներով չարաշահման»

Հունվար 28,2021 22:30

«Հոդված 3» ակումբում քննարկվեց իշխանության նախաձեռնությունը, որով ցանկանում են ԱԺ-ին ինքնալուծարվելու հնարավորություն ընձեռել եւ մեխանիզմ ներդնել:

Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ ծրագրի համակարգող Դանիել Իոհաննիսյանը անդրադարձավ հարցին, թե պառլամենտի ինքնալուծարման մեխանիզմի ներդրման պրակտիկա կա՞ խորհրդարանական կառավարման այլ երկրներում, մանավանդ, որ այսօր Հայաստանում գոյություն ունի գործուն տարբերակ. վարչապետը հրաժարական է տալիս, երկու անգամ չի ընտրվում եւ կազմակերպվում են արտահերթ ընտրություններ:

«Նման մեխանիզմ, իհարկե, կա բազմաթիվ երկրներում: Դա մենք ուսումնասիրում էինք դեռեւս ամռանը եւ սեպտեմբերին սահմանադրական բարեփոխումների հիմնական պրոցեսի սահմաններում՝ պատերազմից եւ այս ամեն ինչից առաջ: Նաեւ մտադիր էինք նման առաջարկով հանդես գալ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում, որի գործունեությունը կասեցվեց սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի պատճառով: Բայց ամեն դեպքում մենք ինչ-որ բաներ ունեինք հետազոտած, որոնք այս քննարկումների լույսի ներքո ճիշտ կլինի հրապարակել, որպեսզի հասարակությունը տեսնի, թե որ երկրում ինչ կարգավորումներ կան եւ որքանով է սա ընդունված պրակտիկա:

Բարձրացված մի քանի հարցի կուզեմ անդրադառնալ: Առաջինը վերաբերում է խորհրդարանի լեգիտիմությանը, որի կարեւորագույն ցուցանիշն այն է, թե որքանով է խորհրդարանը կամ ցանկացած ընտրված մարմին  ձեւավորվել ժողովրդավարական գործընթացների արդյունքում: Լեգիտիմության այլ ցուցանիշ չկա եւ ինձ թվում է՝ չի էլ կարող լինել: Այս առումով որեւէ կերպ հնարավոր չէ համեմատել 17 թվականին ձեւավորված խորհրդարանը 18 թվականին ձեւավորված խորհրդարանի հետ: Առաջինը ձեւավորվեց պրոցեսի արդյունքում, որը դժվար է  անվանել ընտրություններ: Եվ զարմանալի չէ, որ դրանից հետո սկսվեց հեղափոխությունը:

Երկրորդի դեպքում, որ նույնիսկ պատերազմում խայտառակ պարտությունից հետո, որում իր մեղքն ունի նաեւ իշխանությունը, նաեւ՝ Նիկոլ Փաշինյանը, հեղափոխություն չեղավ Ամենամեծ հավաքին նույնիսկ 10 հազար մարդ չհավաքվեց զուտ այն պատճառով, որ խորհրդարանն ու իշխանությունը ձեւավորվել են լեգիտիմ պրոցեսների արդյունքում:

Ինչ վերաբերում է վարչական ռեսուրսին եւ ընտրությունների ժամանակ վարչական ռեսուրսի չարաշահման ռիսկերին, դա հարց է, որը պետք է բարձրացնել: Ու մի քիչ առաջ ընկնելով՝ բացեմ փակագծերը, քանի որ ես աշխատում եմ ընտրական բարեփոխումների վրա: Ընտրական օրենսգրքի նախագծով հստակ սահմանումներ են դրվում վարչական ռեսուրսի, հստակ պատիժներ են սահմանվում վարչական ռեսուրսի չարաշահման համար եւ փակում են բոլոր այն բացերը, որոնք «Հանրապետական» կուսակցությունը, ես վստահ եմ՝ ոչ պատահաբար, դրել էր ընտրական օրենսգրքում, որպեսզի կարողանար անպատիժ չարաշահել վարչական ռեսուրսը:

Եվ եթե այս նախագիծը, այս ձեւակերպումները վարչական ռեսուրսների չարաշահման հետ կապված ընդունվեն, ինձ չի թվում, թե որեւէ մեկը գլխից ձեռ քաշած կգնա վարչական ռեսուրսի էական ծավալներով չարաշահման, որովհետեւ սահմանումները, սահմանափակումները եւ պատժամիջոցները  շատ խիստ են եւ պատիժները դրանց խախտման համար նույնպես շատ խիստ են»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031