Լրահոս
Օրվա լրահոսը

«էն մարդիկ, որ ասում են՝ ոչ մի թիզ հող չենք թողնի…դրանք ավելի երկրորդ կալիբրի քաղաքական գործիչներ էին». Ինչ է ասել «ոչ մի թիզ հող»-ականների թեկնածու Վազգեն Մանուկյանը

Հունվար 29,2021 21:01

Գրող, սցենարիստ եւ մեդիա հետազոտող Վահրամ Մարտիրոսյանն այսօր «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» կազմակերպած «Դիմակայում ենք» մեդիագրագիտության արշավի շրջանակներում վերլուծեց արցախյան առաջին և երկրորդ պատերազմների ժամանակ մեդիայում հանդիպած հիմնական քարոզչական թեզերն ու մանիպուլյացիոն հնարքները։

Որպես առաջին պատերազմի հետ կապված հրապարակում, Վահան Մարտիրոսյանը մեջբերեց 1992-ին «Երկիր» թերթում երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանի հրապարակած «Միայն հաղթանակի մեջ է խնդրի լուծումը» հոդվածը: Նաեւ Կտրիճ Սարդարյանի «Եթե չսթափվենք այսօր…» հրապարակումը, որտեղ նշել էր. «Ղարաբաղը հայտարարվեց Հանրապետություն…Անմիջապես Ադրբեջանի հետ բանակցություններ սկսելու փոխարեն փորձեցինք գործը կարգավորել Ելցինի ու Նազարբաեւի միջնորդությամբ»…«Ղարաբաղի հարցում Մոսկվա տանող բոլոր ճանապարհները անցնում են Ադրբեջանով»:

Վերադառնալով նորօրյա պատերազմի հետ կապված հրապարակումներին՝ Վահրամ Մարտիրոսյանն ասաց, որ այս պատերազմում կարծիքները վերածվում էին վիրավորանքների, շատ հաճախ՝ հահոյանքների ու թերեւս շատ մեծ խիզախություն էր պահանջում ռազմաշունչ հռետորաբանությունից տարբեր տեսակետ շարադրել:

Վահրամ Մարտիրոսյանը մեջբերեց, օրինակ, Հրանտ Տեր-Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումներից մեկը, որտեղ խոսում է «արծրունական իրականության» մասին ու դա համեմատում է «ցռանվերգոյական» վերաբերմունքի հետ. «Դա վերաբերում է այն մարդկանց, որոնք ակնարկում էին, որ ռազմաճակատում մեր գործերը այնքան էլ լավ չեն ու պետք է պատերազմը շուտ կանգնեցնել…»:

Հետո Վահրամ Մարտիրոսյանը մեջբերեց նաեւ Հրանտ Տեր-Աբրահամյանի հոկտեմբերի 2-ի գրառումը, որտեղ նշել էր. «Այսօր մենք ոչ թե պարզապես պատմություն ենք կերտում, այլ նոր ազգային վեպ ենք գրում, էպոս: Այս օրերի մասին, որը հիմա ապրում ենք, կպատմեն սերունդները: 100 տարի անց մեր ապրածը հիշվելու է որպես լեգենդ: Մենք բոլորս՝ յուրաքանչյուրն իր տեղում, իր դիրքում այդ լեգենդի մասն է լինելու: Եվ սա դատարկ ու կեղծ պաթոս չի, այլ երկաթյա իրականություն»: Ըստ Վահրամ Մարտիրոսյանի, եթե պատերազմը հաղթեինք, այս գրողները կդառնային գրեթե զինվորներին հավասար հերոսներ: Սակայն անգամ, երբ իրավիճակը շատ վատ էր, նրանք շարունակում էին հանդես գալ իրականությունը թաքցնող կոչերով. «Հանրայինը մի մթնոլորտ էր ստեղծել, որը «թույլ չէր տալիս» պատերազմն ավելի վաղ դադարեցնել: Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ եթե ես շուտ դադարեցնեի, բա դուք չէի՞ք ասի՝ դավաճա՛ն, ինչո՞ւ կանգնեցրեցին: Պատերազմական հիստերիան այդ պատճառներից մեկն էր, որը մեզ «շանս չէր թողնում» ավելի շուտ կանգնեցնելու պատերազմը: Բայց պետության ղեկավարը առաջին դեմքն է ու պետք է կարողանա ծանր իրավիճակում ծանր որոշումներ կայացնել», – ասաց Վահրամ Մարտիրոսյանը:

Հետո նա մեջբերեց քաղաքագետ Լեւոն Շիրինյանին. «Արդի հեղաբեկվող աշխարհն ունի չորս քաղաքական առաջնորդ.
Նիկոլ Փաշինյանը Հայաստանում,
Էմանուիլ Մակրոնը Ֆրանսիայում,
Ջաստին Թրյուդոն Կանադայում,
Սեբաստիան Քուրցը Ավստրիայում»:

Մարտիրոսյանի խոսքով՝ «Լեւոն Շիրինյանը խոսում էր այն մասին, որ մեր ուժերը զորքերը հասնելու են Քուռ գետ: Շիրինյանը, լինելով պատմաբան, խոսում էր նրա մասին, որ ով տիրում է Շուշիին, տիրում է նաեւ Անդրկովկասին, բայց մեր ցավալի պարտությունից հետո նա գրառում չի արել, որ Ադրբեջանը տիրում է Կովկասին»:

Ըստ բանախոսի, շատ հազվադեպ էին խաղաղությանը միտված գրառումները, հրապարակումները: Բանը հասել էր նրան, որ «Իրավունքը» հրապարակել էր երգչուհի Հասմիկ Կարապետյանի հետ հարցազրույցը՝ «Այս անգամ մենք պետք է ցեղասպանություն գործենք» վերնագրով:

Քաղաքագետ Սարո Սարոյանը գրել էր. «Եթե ուշադիր եղար՝ Ադրբեջան պետությունը փլուզվում է մեր աչքի առաջ»: Վահան Մարտիրոսյանը մեկնաբանեց. «Ու այս քաղաքագետը շարունակում է ակտիվորեն ելույթներ ունենալ ու ԶԼՄ-ները ակտիվ շարունակում են նրա կարծիքը հարցնել»:

Ուշագրավ էր, որ Վահրամ Մարտիրոսյանը հիշեցրեց 94-ի զինադադարից հետո եղած հրապարակումներն էլ. «Այն ժամանակ չի եղել, համենայնդեպս, ես չեմ հանդիպել որեւէ հրապարակում, որոնք վերաբերում էին պատերազմը շարունակելուն, հասնել Գյանջա կամ Գանձակ, հասնել «Բաքու՝ չայ խմելու»: Նույնիսկ այս օրերին՝ պատերազմի մեզ համար ցավալի ելքով ավարտից հետո բանավոր խոսակցություններում շատերը չեն հավատում դրան: Բայց ահա Վահրամ Մարտիրոսյանը ներկայացրեց ընդդիմության միացյալ թեկնածու Վազգեն Մանուկյանի խոսքերից, որն ասել է՝ 2021-ի հունվարի 16-ին Վանաձորում. «Քելբաջարը դու վերցնում ես՝ Մարտակերտի անվտանգությունը ապահովելու համար, ոչ թե վերցնում էիր, որ քոնը դարձնեիր»…«Հարցը երբեք չի դրվել՝ գնանք Ադրբեջանի կեսը վերցնենք ու դարձնենք մերը: Դա հետո առաջացավ»….«Մենք գիտեինք, որ համաշխարհային, միջազգային օրենքներով մաքսիմում կարող էինք ունենալ Արցախի անկախություն՝ միգուցե միացրած Շահումյանը, եւ՝ կապ Հայաստանի հետ, անմիջական տարածքային կապ: Եվ էսօր էն մարդիկ ասում են…էն՝ ոչ մի թիզ հող չենք թողնի, մի բան չենք թողնի, դրանք ավելի երկրորդ կալիբրի քաղաքական գործիչներ էին եւ հրամանատարներ»:

Ընդ որում, Վահրամ Մարտիրոսյանը հիշեցրեց, որ նույն Վազգեն Մանուկյանը նաեւ ՀՅԴ-ի վարչապետի թեկնածուն է, իսկ ՀՅԴ-ում «ոչ մի թիզ հող»-ականներն են:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031