Լրահոս
Օրվա լրահոսը

55-օրյա գերությունը Վալերային չի կոտրել. մայրը` Սուսաննան, պատերազմի, ծանր օրերի եւ ապագայի մասին. (Տեսանյութ)

Փետրվար 03,2021 22:00

Վալերայի հետ պետք է հանդիպեինք Ստեփանակերտում, հունվարի 28-ին`բանակի օրը: Բայց հանդիպումը չկայացավ: Այդ օրն առավոտյան Վալերան Երեւան էր եկել`զոհված ընկերոջ հուղարկավորությանը: Ընկերը զոհվել էր մոտ երկու ամիս առաջ, ճակատագրի հեգնանքով, հուղարկավորությունը տեղի ունեցավ բանակի օրը`հունվարի 28-ին…

Վալերան (նկարը հատուկ չենք հրապարակում) 24 տարեկան է: Սեպտեմբերի 27-ից մասնակցել է մարտական գործողություններին, եղել է Մարտունիում, Ջաբրաիլում, Ֆիզուլիում, Հադրութում: 2016-ի քառօրյային էլ է մասնակցել: 44-օրյայի մարտերի ընթացքում, երեք անգամ շրջափակման մեջ են եղել: Ինչ-որ հրաշքով կարողացել են դուրս գալ շրջափակումից:

Վերջին անգամ հարազատների հետ կապի էր դուրս եկել հոկտեմբերի 15-ին։ Տեւական ժամանակ որդուց լուր չունենալուց հետո, մայրը՝ Սուսաննա Հայրապետյանը, հոկտեմբերի 23-ին պատահաբար, ադրբեջանցիների կողմից համացանցում հրապարակված մի տեսանյութում որդուն է տեսնում: Նա գերեւարված էր ամսի 20-ից։

Որդու`գերության մեջ անցկացրած օրերը Սուսաննայի համար ամենադաժանն էին, որոնք հիշել չի ցանկանում:

Թե ի՞նչ զգաց մայրը`որդու գերության մասին տեղեկությունից`տեսանյութում

Գերության մեջ Վալերան 55 օր է անցկացնում: Հայրենիք է վերադարձել դեկտեմբերի 14-ին, գերեվարված 44 անձանց առաջին փոխանակման ժամանակ:

Մայրը պատմում է, որ իր 14 ամյա դուստրը` Սյուզաննան, եղբոր գերության փաստից շատ էր կոտրվել, անճանաչելի էր դարձել: Բայց եղբոր վերադառնալուց հետո, նրա կյանքն էլ է փոխվել, գույն է ստացել: «Գրկել էր եղբորն ու լաց էր լինում`ուրախությունից»,- պատմում է տիկին Սուսաննան:

Իր աչքերն էլ են պայծառանում, երբ որդու մասին է խոսում: Ասում է`Վալերան հոգեպես կոտրված չի: Մայրը դա զգացել է նաեւ այն ժամանակ, երբ Բաքվից որդին զանգել է եւ խոսել են:

Որդու վերադարձն իրեն էլ է կյանք վերադարձրել:

Մանրամասները՝ տեսանյութում

Համատեղ բնակության մասին հարցս, ինչի մասին 44-օրյա պատերազմից անմիջապես հետո հայաստանյան պետական այրերը սկսեցին խոսել, տիկին Սուսաննային զգաստացնում է: «Ես չեմ պատկերացնում ու չեմ էլ ուզում միասին ապրելու գաղափարը: Իմ երեխան նրանցից մեկին, որ տեսավ`ինչպե՞ս կընդունի…Գուցե ժամանակի մեջ ստացվի՞… չգիտեմ, չեմ պատկերացնում»,- հարցիս պատասխանում է Սուսաննան:

Սուսաննան Մարտունու շրջանի Թաղավարթ գյուղից է: 1992-ի պատերազմի ժամանակ ինքն ուսանող էր, Ստեփանակերտի համալսարանում էր սովորում, Ստեփանակերտում էր ապրում: Հետո ամուսնացավ ու մինչ օրս Ստեփանակերտում է ապրում, Ստեփանակերտի համալսարանի Ֆիզդաստիարակության եւ նախնական զինվորական պատրաստության ամբիոնի վարիչն է, մանկավարժական գիտությունների թեկնածու: 44-օրյան, իր կյանքի երրորդ պատերազմն է: Իր ծննդավայր գյուղի մի մասն այս պատերազմի արդյունքում հանձնվեց Ադրբեջանին: Սուսաննայենց տունը «սահմանին» է: Հիմա այնտեղ մարդ չի բնակվում: Բարեկամների մի մասը, որոնց տներն անցել են Ադրբեջանին, հիմա Ստեփանակերտում վարձով են բնակվում: Թե ի՞նչ կլինի հետո`ասում է`Աստված գիտե: Ծրագրեր, նպատակներ կային, որոնք նոյեմբերի 9-ի համաձայնությամբ փլվեցին: Անորոշությունն ու անհստակությունը «սպանում» են:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728