Լրահոս
Օրվա լրահոսը

Վազգեն Մանուկյանն` իր եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի չավարտված վեճի մասին

Փետրվար 05,2021 22:02

«Իմ եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի վեճը հին վեճ է, այն ձեւավորվեց, երբ մենք նոր եկանք իշխանության, դա ձեւակերպվեց 2-3 նախադասությունով իր կողմից, 2-3 նախադասությունով իմ կողմից. որ ես ասացի`մենք համաշխարհային ազգ ենք, եւ այստեղ նկատի ունեի, ոչ միայն աշխարհով մեկ սփռվածը, այլ նաեւ`մեր հավակնություններն են համաշխարհային: Դա չի նշանակում ուրիշից տարածքներ վերցնել, դա նշանակում է, որ մենք դերակատարություն ունենք համաշխարհային քաղաքակրթության զարգացման մեջ»,- այսօր, երիտասարդների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը`պատասխանելով հարցին`ի՞նչ վեճ կա իր եւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի միջեւ, որը դեռ ավարտված չէ: Այդ մասին Վազգեն Մանուկյանը խոսել էր վերջերս, Արարատի մարզում:

Ըստ Վազգեն Մանուկյանի՝ հայ ժողովրդի պատմությունը, որպես հայ պետության պատմություն, շատ հետաքրքիր չէ, բայց համաշխարհային հայության պատմությունը ցույց է տալիս, թե մենք ինչ գագաթների ենք հասել: Նա հիշեցրեց օրինակը, երբ եղել է ժամանակ, որ հայերին պատկանող մասնավոր նավատորմը`գումարային առումով, Անգլիայի նավատորմից մեծ է եղել: Եվ երբ անգլիացիները ցանկացել են նվաճել Հնդկաստանը, նրանց զեկուցել են, որ հայերն այնտեղ մեծ դերակատարություն ունեն եւ եթե հայերի հետ «լեզու չգտնեն» չեն կարող Հնդկաստանը գրավել: Այդ ժամանակ Անգլիայի պառլամենտը որոշում է ընդունում`Անգլիայի բանակի սպան կարող է հայ լինել: Վազգեն Մանուկյանն այլ օրինակներ էլ բերեց`աշխարհի քաղաքակրթական զարգացման մեջ հայերի դերի մասին:

«Լեւոն Տեր-Պետրոսյանը պատասխանեց, որ`չէ, այդ հավակնությունները կարող են վտանգավոր լինել, մենք սովորական ժողովուրդ ենք, սովորական ազգ ենք, կառուցենք սովորական պետություն եւ նույնիսկ արտահայտություն եղավ, որ Սփյուռքը, միեւնույն է, ձուլվելու է, գնալու է, ձուլվելուց առաջ, որքան հնարավոր է փող թող ուղարկի Հայաստան`Հայաստանը զարգանա: Այսինքն, համաշխարհային հայությունն ինքը կտրում էր Հայաստան-Սփյուռք ձեւով: Եվ դրա մեջ չկար որեւէ միտումնավոր չարություն`ուղղված հայ ժողովրդի դեմ: Ինքն ուղղակի այդպես էր մտածում, ես`այսպես էի մտածում եւ այս 30 տարիների ընթացքում, անուղղակի տարբեր ձեւերով այդ վեճը շարունակվում է: Պարտադիր չէ իրար հետ վիճենք, դեպքերն են իրար հետ վիճում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728