Լրահոս
Օրվա լրահոսը

Կովիդ 19-ը նպաստում է թրոմբների առաջացմանը․ բնական հակամակարդիչներ, որոնք օգնում են արյան «ջրիկացմանը»

Փետրվար 06,2021 23:00

Որքան բարձր է արյան մակարդելիությունը, այնքան մեծ է անոթներում արյան մակարդուկների (թրոմբների) գոյացման վտանգը, իսկ երբ տարիքի հետ արյունատար անոթները կորցնում են իրենց առաձգականությունն ու կոշտանում, իսկ անոթների պատերին սկսում են կուտակվել ճարպերն ու կալցիումի աղերը, արյան մակարդելիության կարգավորման (ջրիկացման) հարցն առավել արդիական է դառնում։

Արյան խտության մասին արժե մտածել նաև կորոնավիրուսային համավարակի համատեքստում, քանի որ ինչպես փաստում են ուսումնասիրությունները, նոր կորոնավիրուսային հիվանդությունը նույնպես կարող է ազդել մարդու արյան բաղադրության վրա։ Կովիդ-19-ով վարակված շատ հիվանդների մոտ առաջանում են արյան մակարդուկներ, որոնք կարող են սրտամկանի ինֆարկտի և կաթվածի պատճառ դառնալ։

Ինչպես նշել է Սինայի լեռան առողջապահական համակարգի փոխնախագահ, նյարդավիրաբուժության պրոֆեսոր, դոկտոր Ջ. Մոկկոն․ «Մենք տեսնում ենք կաթվածի բարձր հակվածություն… Մենք թրոմբեր ենք հայտնաբերում, ավելի հաճախ՝ ոտքերի երակներում։ Նույնիսկ երիտասարդ հիվանդներ ենք ունեցել, որոնց մոտ կաթվածը Կովիդ-19 հիվանդության առաջին ախտանշանն է եղել»։

Սակայն ինչպես և առողջությանն առնչվող մյուս դեպքերում, այս դեպքում ևս ինքնաբուժումը խիստ հակացուցված է, և արյունը ջրիկացնող դեղամիջոցներն անհրաժեշտ է ընդունել միմիայն բժշկի հետ խորհրդակցելուց և համապատասխան անալիզներ հանձնելուց հետո։ Իսկ այ սննդամթերքները, որոնք դեղամիջոցներից ոչ պակաս են օժտված արյունը ջրիկացնող ազդեցությամբ, կարող եք ճաշակել՝ առանց վարանելու, եթե, իհարկե, չունեք ալերգիա կամ այլ հակացուցումներ այս կամ այն մթերքի հետ կապված։

Մենք առանձնացրել ենք այն մթերքները, որոնք օժտված են արյունը ջրիկացնող ընդգծված ազդեցությամբ և կարող են կանխարգելել արյունատար անոթներում թրոմբների առաջացումը։

Կոճապղպեղ

Կոճապղպեղը հնուց ի վեր հայտնի է մի շարք օգտակար հատկություններով՝ հակավիրուսային, սպազմոլիտիկ, հակասթրեսային, ինչպես նաև հակամակարդիչ ազդեցություններով։ Կոճապղպեղի բաղադրությունում կա ջինջերոլ միացությունը, որն օրգանիզմից դուրս է բերում խոլեսթերինային խցաններն ու նպաստում է մակարդուկների ներծծմանը, կարգավորում է արյան շրջանառությունն ու ամրացնում արյունատար անոթները։

Քրքում

Քրքումը բնական հակամակարդիչ է։ Այն ջրիկացնում է արյունն ու իջեցնում զարկերակային ճնշումը, ընդհանուր առմամբ օգտակար է սիրտ-անոթային համակարգի համար, նպաստում է Ալցհեյմերի հիվանդության կանխարգելմանն ու բուժմանը։ Քրքումը նաև նվազեցնում է շաքարի մակարդակն արյան մեջ, ինչպես նաև առանձնանում հակաօքսիդիչ հզոր ազդեցությամբ։

Սխտոր

Սխտորը ևս օժտված է հակավիրուսային, հակաբորբոքային, հակասնկային և այլ ազդեցություններով, այն նաև բնական հակամակարդիչ է, որի կազմում գտնվող կենսաբանորեն ակտիվ միացությունները՝ ախոենն ու ադենոզինը նվազեցնում են արյան մածուցիկությունը, արյան մակարդման գործընթացում թրոմբոցիտների կուտակումները։ Սննդում օրական 3 պճեղ սխտոր օգտագործելով կարելի է ակտիվացնել թրոմբների ներծծման գործընթացը։ Իսկ սխտորի կազմում առկա ալլիցինը թուլացնում է անոթների պատերի լարվածությունը, բարելավում անոթների թափանցելիությունը, արյան հոսքը, թեթևացնում է սրտամկանի ծանրաբեռնվածությունը։

Դարչին

Դարչինը նույնպես ուժեղ հակամակարդիչ է՝ իր բաղադրակազմում առկա կումարին նյութի շնորհիվ։ Դարչինը կարգավորում է զարկերակային ճնշումը, օգնում է կանխարգելել սիրտ-անոթային հիվանդությունների զարգացումը։

Կայենյան (կծու) պղպեղ

Կայենյան պղպեղը դրական է անդրադառնում անոթային համակարգի վրա՝ վերադարձնելով զարկերակների, երակների, մազանոթների ճկունությունը, այն ակտիվացնում է արյան հոսքը, նպաստում է արյան ջրիկացմանը։

Մանանեխ

Մանանեխը պարունակում է օմեգա-3 ճարպաթթուներ ու վիտամին В6, որոնք նպաստում են արյան մածուցիկության նվազեցմանը, արյունատար համակարգի մաքրմանն ու անոթների պատերի ամրացմանը։

Կանաչ թեյ

Կանաչ թեյն անչափ հարուստ է բնական հակաօքսիդանտներով, որոնք օգնում են դանդաղեցնել ծերացման գործընթացը, իսկ կանաչ թեյի կազմում առկա կատեխինը ջրիկացնում է արյունը, լավացնում անոթների տոնուսը, նպաստում է զարկերակային ճնշման կարգավորմանը։

Е վիտամին

Այս վիտամինը նույնպես նպաստում է արյան ջրիկացմանը, սակայն այս վիտամինային հավելումն ընդունելու հարցում կան որոշ հակացուցումներ։ Արյան անբավարար մակարդելիություն ունեցող պացիենտների շրջանում վիտամին Е-ի անգամ փոքր չափաբաժինը կարող է արյունահոսության պատճառ դառնալ։

Արյունը ջրիկացնող հատկությամբ են օժտված նաև․

  • Ձկան յուղը, յուղոտ ձկնատեսակները
  • Մեղրն ու ակնամոմը
  • Հատապտուղները, մասնավորապես սև հաղարջն ու ազնվամորին
  • Եվ իհարկե՝ օրական ընդունվող հեղուկի (ջուր, թեյ, հյութեր) բավարար քանակը։

Սննդային  սովորություններ, որոնք կարող են նպաստել արյան խտության բարձրացմանը

Շաքարով և ածխաջրերով հարուստ սննդամթերքների, ծխեցված ու ճարպոտ սննդի, ալկոհոլային խմիչքների չարաշահումը, ջրազրկումը, սննդում վիտամինների, ֆերմենտների ու հանքանյութերի անբավարարությունը։

Ի դեպ, նշենք, որ վիտամին К-ով հարուստ մթերքները նպաստում են արյան մակարդելիության բարձրացմանը. այս վիտամինով հարուստ են կանաչ տերևավոր բանջարեղենը, կաղամբի տարատեսակները, մաղադանոսը, կաթը, միսը և այլն։

Ծանուցում․ նյութն ընդհանուր ճանաչողական բնույթի է և բուժում նշանակելու նպատակ չի հետապնդում։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728