Լրահոս
Օրվա լրահոսը

Այսպե՞ս է հարգում Էրդողանն իր «լավ ընկեր», «լավ բարեկամ» Պուտինին

Փետրվար 12,2021 12:00

Մոսկվան հնչեցրեց մի պահանջ, որը Թուրքիան արդեն մի քանի ամիս պարզապես արհամարհում է

Ինչպես հայտնի է, օրերս սկսեց գործել ռուս-թուրքական համատեղ կենտրոնը: Ըստ ՌԴ պաշտպանության նախարարության՝ ռուս եւ թուրք զինծառայողները իրականացնում են Լեռնային Ղարաբաղում հրադադարի եւ ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկման ընդհանուր խնդիրը:

«Իրադրության մոնիթորինգն իրականացվում է շուրջօրյա անօդաչու թռչող սարքերի միջոցով, մասնավորապես՝ «Ֆորպոստ» եւ «Օռլան-10» ԱԹՍ-ների համալիրների միջոցով: Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն գրանցվել»,- օրերս հայտնեց համատեղ կենտրոնի ռուս ներկայացուցիչ, գնդապետ Միխայիլ Զավալկինը: «Կենտրոնի ռուսական զորամասի հերթափոխը կազմված է օպերատիվ բաժանմունքի սպաներից, կապի սպաներից, թարգմանիչներից եւ անօդաչու թռչող սարքերի օպերատորներից»,- հավելել էր նա:

Համատեղ կենտրոնի զինծառայողները ԱԹՍ-ներից կառավարման կետ անընդհատ պատկերներ են ստանում, որտեղ վերլուծվում են ռազմական տեխնիկայի, անձնակազմի բոլոր տեղաշարժերը, ինչպես նաեւ գրանցվում են կողմերի շփման գծի հատումների բոլոր փաստերը: «Համատեղ կենտրոնի հերթափոխն իրականացնում է ձեռք բերված պայմանավորվածությունների խախտումների մասին տեղեկությունների հավաքում, ընդհանրացում եւ ստուգում, քննարկվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի կողմից ձեռք բերված պայմանավորվածությունները չկատարելու հարցերով կամ խնդիրներով ցանկացած գանգատ»,- նշվել է ռուսական կողմի տարածած հաղորդագրությունում:

Անցյալ շաբաթ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն իր հերթին արձանագրեց, թե ռուս-թուրքական համատեղ կենտրոնը կարեւոր դեր կխաղա Լեռնային Ղարաբաղում հրադադարի մոնիթորինգի գործում: Նրա խոսքով՝ կենտրոնը տեղակայված է «Ղարաբաղի Աղդամի շրջանում», այն նպաստելու է «տարածաշրջանում կայունության, խաղաղության եւ անդորրի ապահովման համար ձեռնարկվող ջանքերին»:

Այսպես, պաշտոնական Անկարան հույս ունի, որ ռուս-թուրքական համատեղ կենտրոնը տարածաշրջանում «կապահովի կայուն խաղաղությունը»։ Հուլուսի Աքարն օրերս տեսակոնֆերանս է անցկացրել Աղդամի շրջանում գործունեությունը սկսած ռուս-թուրքական դիտորդական կենտրոնի անձնակազմի հետ եւ որոշ հանձնարարություններ տվել: Ըստ Anadolu գործակալության՝ Թուրքիայի պաշտպանության նախարարն ասել է. «Հուսով ենք, որ համատեղ կենտրոնի շնորհիվ հրադադարի ռեժիմը կկրի տեւական բնույթ, տարածաշրջանում կապահովվի կայունություն եւ խաղաղություն»։

Արձանագրենք, որ նշյալ կենտրոնի գործունեությամբ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան առաջին ռազմական ներկայությունն ապահովեց Հարավային Կովկասում։ Կենտրոնը գտնվում է շփման գծից 8 կիլոմետր, Ստեփանակերտից մոտ 40 կիլոմետր, Ասկերանից 26 կիլոմետր հեռավորության վրա։ Դրա տեղակայման վայր է ընտրվել Մարզիլի գյուղը, որտեղ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ սպանվել է Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանը։

Հիշեցնենք, որ ռուս-թուրքական դիտորդական կենտրոնի բացման արարողությանը ներկա էին Ադրբեջանի պաշտպանության նախարարը, Թուրքիայի եւ Ռուսաստանի պաշտպանության փոխնախարարները, նույն օրը Իլհամ Ալիեւը հեռախոսազրույց էր ունեցել Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Էրդողանի հետ, գոհունակություն հայտնել կենտրոնի գործունեության հետ կապված:

Այսպիսով, համատեղ կենտրոնում առաջին անգամ միասին աշխատում են թուրք եւ ռուս զինվորականները՝ յուրաքանչյուր երկրից 60 հոգի՝ ներառյալ անօդաչու թռչող սարքերը սպասարկող անձնակազմը։ Անկարայի եւ Մոսկվայի միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ կենտրոնը հավաքագրելու է հրադադարի պահպանման մասին տեղեկատվությունը եւ ուսումնասիրելու է համապատասխան բողոքները։ Հրադադարի դիտարկումն իրականացվելու է հիմնականում տեխնիկական միջոցների, այդ թվում` անօդաչու թռչող սարքերի օգնությամբ: Կենտրոնն ապահովված է Մոսկվայի եւ Անկարայի հետ շուրջօրյա կապով։
Արձանագրենք, որ Թուրքիան, որը թե՛ մինչեւ սեպտեմբերի 27-ին սանձազերծած պատերազմը, թե՛ պատերազմի ողջ ընթացքում բացահայտ աջակցում էր Ադրբեջանին, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող Ֆրանսիայի, Ռուսաստանի իշխանությունների, միջազգային լրատվամիջոցների պնդմամբ՝ Թուրքիան սիրիացի վարձկաններ էր ուղարկում Ադրբեջան՝ ռազմական գործողություններին մասնակցելու համար: Իսկ պատերազմից հետո այդպես էլ տեղեկություններ չստացվեցին, որ տարածաշրջան բերված վարձկան ահաբեկիչները հեռացել են Ադրբեջանից:

Հիմա, տարածաշրջան վարձկան ահաբեկիչներով լցրած Թուրքիան՝ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելություն իրականացնող Ռուսաստանի հետ «հրադադարի ռեժիմ է հսկելու», «խաղաղություն ու կայունություն է» հաստատելու:
Բոլորի համար պարզ է, որ այդ կենտրոնի ստեղծման ջատագովը եղել է Թուրքիան, այլ կերպ նա իր ներկայությունը Լեռնային Ղարաբաղի գոտում չէր կարող արդարացնել: Այժմ, ռուսների հետ միասին, նա ստացել է այդ հնարավորությունը:
Այսինքն, Լեռնային Ղարաբաղում հայ քրիստոնյաների անվտանգությունը հսկում է վերջին պատերազմում հայերի նկատմամբ պատերազմական հանցագործություններ իրականացրած Թուրքիան, որը Հայաստանի հետ չունի դիվանագիտական հարաբերություններ, իսկ 90-ականների ղարաբաղյան պատերազմից սկսած գրեթե երեք տասնամյակ թշնամական գործելաոճ է որդեգրել Հայաստանի նկատմամբ՝ շրջափակման մեջ պահելով Հայաստանը:

Բայց մի՞թե միայն տարածաշրջանում օրինական ներկայություն ունենալն է Թուրքիայի միակ նպատակը… Իհարկե՝ ոչ: Թուրք-ադրբեջանական տանդեմի հեռահար նպատակն է՝ 5 տարի անց ռուսական խաղաղապահ ներկայությունից ազատվելն ու տարածաշրջանում տեր ու տիրական դառնալը:

Թեեւ պաշտոնական Երեւանը սեպտեմբերի 27-ին մեկնարկած պատերազմի ողջ ընթացքում շարունակաբար դատապարտում էր Թուրքիայի մասնակցությունը պատերազմին եւ ահազանգում այդ երկրի կողմից Հայաստանը բնաջնջելու հավակնությունների մասին, քաղաքակիրթ աշխարհը հանդուրժեց ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի պահվածքը: Այսօր, եթե արեւմտյան երկրների մոտ կան որոշակի անհանգստություններ, ապա թերեւս, միայն այն պատճառով, որ Ռուսաստանն ու Թուրքիան են միասին հրադադարի ռեժիմը վերահսկողները:

Նկատենք, սակայն, որ Ռուսաստան-Թուրքիա փոխհարաբերություններում էլ ամեն ինչ այնպես հարթ չէ, ինչպես թվում է:
Օրինակ՝ ռուսական կողմը պաշտոնապես մի քանի անգամ անդրադարձել է սիրիացի վարձկանների թեմային: Վերջին անգամ անցյալ շաբաթ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարեց, որ սիրիացի վարձկանները պետք է հեռանան Լեռնային Ղարաբաղից, նրանց գործունեությունը ՀԱՊԿ երկրների մերձակայքում ռիսկեր է պարունակում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության համար: «Մենք տեղեկություններ ունեինք Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Սիրիայից զինյալների ներկայության եւ գործողությունների մասին»,- ասել էր Զասը: «Սիրիայից ցանկացած վարձկան, գրոհային պետք է լքի այդ տարածքը, դադարեցնի իր գործունեությունը, քանի որ ջոկատների, զինյալների խմբերի, անօրինական զինված կազմավորումների ստեղծումը ՀԱՊԿ անդամ երկրների սահմանների մոտ կոնկրետ ռիսկ է մեր հավաքական անվտանգության համար»,- հավելել էր նա:

Հերթական անգամ Մոսկվան հնչեցրեց մի պահանջ, որը, փաստորեն, Թուրքիան արդեն մի քանի ամիս ուղղակի արհամարհում է: Սա ի՞նչ փոխվստահության մթնոլորտում համագործակցության տեսակ է, երբ մի կողմն արդեն երեք ամիս հայտարարում է, որ դեմ է տարածաշրջանում վարձկան ահաբեկիչների ներկայությանը, սակայն մյուս կողմը հարկ էլ չի համարում արձագանքել «մեղադրող» կողմի հայտարարություններին: Այսպե՞ս է հարգում Էրդողանը իր «լավ ընկեր», «լավ բարեկամ» Պուտինին…

Իսկ Մոսկվան, ինչպես երեւում է, հաշտվել է տարբեր երկրների կողմից Մոսկվայի հանդեպ դրսեւորվող երբեմն ոչ համարժեք պահվածքին եւ հակված է բավարարվել այնքանով, որքանով ունի, այդքանից էլ չզրկվելու նկատառումներից ելնելով եւ հարաբերություններն էլ ավելի չբարդացնելու նպատակով:

Ուշագրավ է, որ մինչ Թուրքիան ու Ադրբեջանը հերթական զորավարժություններն էին իրականացնում, տեղեկություն ստացվեց, որ Ռուսաստանի Իվանովոյի, Կոստրոմայի եւ Յարոսլավլի մարզերում են սկսվել դեսանտայինների լայնամասշտաբ զորավարժություններ։ Ըստ ՌԴ ՊՆ մամլո ծառայության՝ զորավարժությունները ընթանում են փետրվարի 8-11-ը. «Ներգրավված են ավելի քան 1500 զինծառայող, Կոստրոմայի գվարդիական պարաշյուտադեսանտային եւ հրետանային գնդերի մոտ 100 միավոր ռազմական եւ հատուկ տեխնիկա, ինչպես նաեւ Տվերից յոթ «Իլ -76 ՄԴ» ռազմական տրանսպորտային ինքնաթիռ»:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 11.02.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728