«Երկու կողմերը բախվել են իրար՝ մի կողմից ծայրահեղականներ, մյուս կողմից՝ քյալագյոզներ։ Մյուս կողմից՝ մարդիկ, որոնք պետք է լրիվ ուրիշ տեղում լինեին, մինչդեռ մեծ-մեծ խոսելով, հակասահմանադրական կոչերով փորձում են իշխանություն վերցնել»,-2008թ․-ի մարտի մեկի զոհերի հիշատակին նվիրված երթի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին՝ ասաց «Հայ ազգային կոնգրեսի» փոխնախագահ Արամ Մանուկյանը։ Նա շեշտեց, որ ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը մեկն է՝ քաղաքական ճանապարհը, եւ ՀԱԿ-ը հավատարիմ է դրան․ «Որեւէ այլ ճանապարհ բացառվում է, եւ մեր լռությունը դրա հետ է կապված։ Մեր լռությունն ավելի քան խոսուն է։ Մենք զուսպ ենք, չենք բռնելու որեւէ կողմ եւ չենք նպաստելու լարվածության ուժեղացմանը, որովհետեւ դեռեւս պատերազմի վերքերը թարմ են։ Գերիներով, սահմաններով պետք է զբաղվել։ Մարտահրավերները չլուծելը մեզ կարող է կանգնեցնել պետականության կորստի առաջ։ Քաղաքական լուծումներ կան։ Հարկավոր է կամք, զիջողականություն, որպեսզի ավելի մեծ կորուստներ չլինեն։ Հերթական կորուստը կարող է լինել պետականությունը»։
Արամ Մանուկյանը կարծում է , որ առկա թավիշն ու ծաղրուծանակը բեմականացում են, եւ բեմականացում է նաեւ Բաղրամյան պողոտայում կատարվողը․ «Խնդրին պետք է տալ քաղաքական լուծումներ։ Սա մեր երկրին սպառնացող վտանգ է։ Կա օրինական խորհրդարան, որը կարող է լուծումն իրագործել։ Կարող են արտահերթ ընտրություններ հայտարարվել»։ Հարցին ի պատասխան, որ եթե արտահերթ ընտրություններ լինեն, ՀԱԿ-ը կմասնակցի՞, Արամ Մանուկյանն ասաց, որ «եթե»-ներով չի կարող խոսել։
Այլ հարցերի պատասխանել նա չցանկացավ։ «Քաղաքացիական պատերազմի վտանգը հիմա ավելի սուր է, քան երկու ամիս առաջ էր։ Մեր մտավախությունը դա է։ Չի կարելի երկիրը տղայական ձեւով տանել քաոսի եւ բախումների»,-եզրափակեց նա։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ