Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաստաթուղթը չի հասցեագրում խաղաղ կարգավորմանն առնչվող առանցքային տարրերը, որոնցից առաջնայինն է Արցախի կարգավիճակի հարցը». Արա Այվազյանը՝ նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթի մասին

Մարտ 16,2021 12:24

«Ցավալի է, որ դեռևս անցյալ տարվա սեպտեմբերին ծրագրված Ձեր այցը տարածաշրջան հետաձգվեց Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով»,- ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեի հետ հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը:

Նա փաստեց՝ Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը ԵԱՀԿ հանձնառությունների, այդ թվում Հելսինկյան եզրափակիչ ակտի կոպտագույն խախտում էր: Արա Այվազյանը հավելեց. «Պատերազմի ողջ ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը Թուրքիայի գործուն աջակցությամբ իրականացրին միջազգային հումանիտար իրավունքի բացահայտ խախտումներ, զանգվածային ոճրագործություն, այդ թվում էթնիկ զտումներ և պատերազմական հանցագործություններ արցախահայության դեմ՝ միտումնավոր թիրախավորելով խաղաղ բնակչությանը, այդ թվում՝ կանանց, երեխաների տարեցներին, քաղաքացիական ենթակառուցվածքները և մշակութային ժառանգության օբյեկտները»:

Արա Այվազյանը շեշտեց՝ անգամ ռազմական գործողությունների ավարտից չորս ամիս անց Ադրբեջանը շարունակում է խախտել միջազգային հումանիտար իրավունքն ու մարդու իրավունքները՝ գերության մեջ պահելով հայ ռազմագերիներին և պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց: ՀՀ ԱԳ նախարարը դատապարտեց Թուրքիայի անմիջական մասնակցությամբ ԼՂ հակամարտության գոտի զինյալ ահաբեկիչների տեղափոխումն ու արցախահայության դեմ ռազմական գործողություններում ներգրավումը ու ասաց. «Դա ոչ միայն միջազգային իրավունքի ոտնահարում էր, այլև ԵԱՀԿ հանձնառությունների խախտում»:

Ըստ ՀՀ ԱԳ նախարարի՝ Թուրքիան ձևավորեց երկու վտանգավոր նախադեպ: Այս առիթով մանրամասնեց. «Դա զանգվածային ոճրագործությունը և ուժի կիրառումը, այլ տարածաշրջաններից ԵԱՀԿ պատասխանատվության գոտի զինյալ ահաբեկիչների մասսայական ներմուծումն է, որը պետք է արժանանա միանշանակ դատապարտման»:

Ըստ Արա Այվազյանի՝ պատերազմական գործողություններից հետո ընդունված հայտարարությունը Հայաստանը դիտարկում է որպես հրադադարի վերականգնման, անվտանգության հաստատմանն ուղղված փաստաթուղթ: Միևնույն ժամանակ նա ասաց. «Թեև այն պարունակում է խաղաղ կարգավորման առնչվող որոշ դրույթներ, սակայն այն չի հասցեագրում դրա առանցքային տարրերը, որոնցից առաջնայինն է Արցախի կարգավիճակի հարցը՝ հիմնված արցախահայության ինքնորոշման իրավունքի վրա: Հակամարտության վերջնական քաղաքական լուծումը հնարավոր է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Տարածաշրջանային վերջին զարգացումներն ընդգծեցին, որ մենք կարիք ունենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ուժեղ համանախագահության, որը կկարողանա առաջնորդել խաղաղության հաստատման գործընթացը»:

Արա Այվազյանը նաև տեղեկացրեց՝ 2021 թվականի ապրիլ-օգոստոսին ՀՀ-ն ստանձնելու է ԵԱՀԿ անվտանգության համագործակցության ֆորումի նախագահությունը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031