Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԽ քարտուղար․ «Պատերազմը դադարեցնելու մասին քննարկումն առաջին անգամ եղել է հոկտեմբերի 19-ին, ԱԽ նիստում, որտեղ է առաջին անգամ հնչել, որ մեր 2-3 օրվա կարողություններն այլեւս չեն ձգելու»

Մարտ 25,2021 14:38

«Մենք նպատակ չունենք սլաքներն ուղղելու ԶՈւ-ի եւ Օնիկ Գասպարյանի ուղղությամբ։ ԶՈւ-ն՝ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ պատերազմի մասին զեկույց պետք է պատրաստի, եթե մենք ուզում ենք սլաքներն ուղղել դեպի ԶՈւ-ն եւ Օնիկ Գասպարյանը, ապա այդ զեկույցը մենք կպատրաստեինք։ Մենք նպատակ չունենք, չենք ունեցել, չենք ունենալու սլաքներն ուղղելու դեպի ԶՈւ»,-այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն՝ ի պատասխան հարցի՝ գործադիրը փորձում է սլաքներն ուղղել ԶՈւ-ի եւ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի կողմը, որպեսզի պարտության մեղքը բարդի նրանց վրա։

Դիտարկմանը, որ Օնիկ Գասպարյանը հայտարարել էր, որ առաջարկել էր պատերազմը դադարեցնել 4-րդ օրը, պարոն Գրիգորյանն այսպես պատասխանեց․ «Պատերազմը դադարեցնելու քննարկում առաջին անգամ եղել է հոկտեմբերի 19-ին, անվտանգության խորհրդի նիստում, եւ այս նիստում է հնչել, որ նույնիսկ երկու-երեք օրվա մեջ մեր կարողություններն այլեւս չեն ձգելու, պետք է դադարեցնել միտքը, այդ նիստին մասնակցում էին ընդդիմադիր խմբակցության ղեկավարներ»։

Թե ինչո՞ւ շուտ չեն արձագանքել Օնիկ Գասպարյանի հայտարարությանը, պարոն Գրիգորյանն ասաց ՝ արձագանքել են այն ժամանակ, երբ Օնիկ Գասպարյանն ազատված է եղել պաշտոնից։

ՌԴ նախագահի՝ պատերազմը հնարավոր էր դադարեցնել հոկտեմբերի 19-ին, հայտարարության մասին էլ պարոն Գրիգորյանն ասաց․ «Հրադադարի մասին առաջին եռակողմ հայտարարությունը եղել է հոկտեմբերի 10-ին: Պատերազմը դադարեցնելու գոնե 3 հրապարակային գործողություն եղել է, եւ պատերազմը չի դադարել ոչ թե մեր որոշումների պատճառով, այլ, որ դրան ինտենսիվ մասնակցություն ունեին Թուրքիան, Ադրբեջանը, ահաբեկիչների խումբը, այդ իսկ պատճառով շարունակվում էր պատերազմը։ Ընդհանուր առմամբ քննարկումներն առաջին անգամ, որ եղել է նիստում, նույնիսկ այդ ժամանակ, երբ որոշում է կայացվել, չի եղել, որովհետեւ պատերազմի դադարեցումը միակողմանի գործողություն չէ, այստեղ էլ շատ շահարկման թեմա կա, կարծում եմ մենք պետք է շարունակենք պարզաբանումներ տալ»։

Հարցին՝ ի՞նչն է պատճառը, Հայաստանը չի կարողացել ՍՈւ-30-ի հրթիռներ ձեռք բերել, պարոն Գրիգորյանը պատասխանեց․ «Երբ ՍՈւ-30-երը գնվել են, դիտարկվել են, որպես ավելի երկար ժամանակահատվածի գործընթաց՝ զինամթերքն ու մնացած կարողությունները ձեռքբերելու, ըստ պլանավորման դա ավելի երկարաժամկետ էր, քան պատերազմն է սկսվել, սա է խնդիրը, այլ խնդիր չենք ունեցել։ Պայթուցիկ կարողությունների տարբեր մակարդակների հրթիռներ կան, եւ խնդիրը լավագույնն ունենալն էր, որ ամենամեծ ազդեցությունը կարող է ունենալ, իսկ այն, ինչ ունեցել ենք, որոշակի սահմանափակումներ են ունեցել»։

Հարցին՝ դո՞ւք էլ եք կարծում, որ Շուշին դժգույն քաղաք է, պարոն Գրիգորյանը պատասխանեց․ «Վարչապետն այդ մասին հավելյալ պարզաբանել է։ Իմ կարծիքով՝ իհարկե, Շուշին հայկական քաղաք է»։

Սյունիքում սահմանների ճշգրտման մասին էլ պարոն Գրիգորյանն ասաց․ «Թշնամի երկրի ղեկավարի հետ որեւիցե բան չենք համաձայնեցնում»։ Դիտարկմանը, որ ՄԻՊ-ն ասում է՝ 10 կիլոմետր անվտանգության գոտի պետք է լինի, իսկ հայկական կողմը թույլ է տալիս, որ Ադրբեջանը GPS- ով գծի ու առաջ գա, ԱԽ քարտուղարն այսպես արձագանքեց․ «Անվտանգության որեւիցե մակարդակ չկա։ Մենք նոր ստեղծված իրավիճակում բազմաթիվ աշխատանքներ ենք տանում, որպեսզի անվտանգությունը հնարավորինս բարձր լինի»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարում՝ 2020 թվականի հոկտեմբերի 19-ին անվտանգության խորհրդի նիստը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031