Ձեր կողմից գաղտնազերծված փաստաթուղթն ավելի շատ հարցեր առաջացրեց հասարակության մոտ, քան հարցերի պատասխաններ տվեց, հնարավոր համարո՞ւմ եք, որ Օնիկ Գասպարյանի ելույթն ամբողջությամբ հրապարակվի. այսօր լրագրողների հետ ճեպազրույցում այս հարցին ի պատասխան՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասաց. «Ես հակառակում եմ համոզված՝ հանրությունն ամբողջովին իր հարցերի պատասխանը ստացել է: Կրկին մի որոշ խմբակ կարող է շահարկել, ասել՝ դա հարցերի պատասխան չի: Ես խորհուրդ եմ տալիս, որ մեր հրապարակումները առանձին երբեք չկարդալ: Մեր հրապարակումները կարդալու համար պետք է առանձին բացել Օնիկ Գասպարյանի՝ նոյեմբերի 17-ի հայտարարությունը, բոլոր տողերը կարդալուց հետո բացել մեր գաղտնազերծված հատվածները:
Օրինակ, երբ ասում է՝ հունիսի 8-ի նշանակվելուց մի քանի օր հետո ԱԽՔ-ին եմ ներկայացրել ռազմաքաղաքական տարածաշրջանային իրավիճակը: Բացում ենք ԱԽՔ նիստի օրակարգը եւ հասկանում ենք, որ Օնիկ Գասպարյանը զեկույց չունի, հասկանում ենք, որ սուտ է ասում: Անցնում ենք մյուս հարցերին. Ասում է՝ ես ասել եմ, որ պատերազմի 2-3 օր հետո կանգնացրեք: Դուք հասկանում եք, չէ՞, 2-3 օր հետո պատերազմը կանգնացնել առաջարկող գեներալ լեյտենանտը չի կարող ասել, որ Ջաբրայիլում հաջողություններ ունենք, չի կարող ասել՝ թշնամին որեւէ առաջընթաց չունի: Որեւէ-ն ես կարող եմ հասկանալ, որ դիրք չեն գրավել:
Ո՞նց կարող է Օնիկ Գասպարյանն իր հայտարարությունում ասել՝ 2-3 օրում կանգնացրեք, որը սուտ է, եւ իր զեկույցում ասել՝ թշնամին որեւէ առաջընթաց չի ունեցել, Ջաբրայիլի ուղղությամբ մենք հաջողություններ ունենք, խոսի, որ բանակն իր խնդիրները կատարում է եւ շարունակելու է կատարել: Այսինքն, կրկին մեր հրապարակած տեքստը բավարար է, որպեսզի հանրությունը համապարփակ հասկանա, թե ինչ է տեղի ունեցել: Ես ասեմ՝ մենք ամբողջ տեքստն էլ հրապարակեինք, կարող է այդ խմբակը պահանջի, որ վիդեո հրապարակենք, թե ով ինչքան ջուր է խմել, որպեսզի հստակություն մտցվի այդ նիստի մասով: Հրապարակված մասը բավարար է՝ հստակության համար»:
Հարցին՝ եթե խնդիր կար, ինչո՞ւ հենց պատերազմի ընթացքում Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հարցը չի քննարկվել՝ Արմեն Գրիգորյանը պատասխանեց. «Վարչապետն ասել է, որ ես պատերազմի ընթացքում 100 տոկոսով վստահել եմ Օնիկ Գասպարյանին: Պատերազմի ընթացքում որեւէ խնդիր չի առաջացել, բոլոր խնդիրներն առաջացել են հետպատերազմական շրջանում՝ նոյեմբերի 17-ից սկսած»:
Կարդացեք նաև
Արմեն Գրիգորյանը նաեւ ասաց, որ Օնիկ Գասպարյանի դեպքը պատերազմի մի դրվագ է, որի հետ կապված ցանկացել են պարզաբանել, հետագայում էլ բոլոր շահարկումների մասով պատասխանելու են ու հստակություն են մտցնելու:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ