Լրահոս
Օրվա լրահոսը

Ովքե՞ր են անդամագրվում Արթուր Վանեցյանի կուսակցությանը․ մեկ շաբաթում՝ 7400 դիմում մարզերից

Ապրիլ 22,2021 19:03

Aravot.am-ը «Հայրենիք» կուսակցության կազմակերպական ներկայացուցիչ Արտակ Ավետիսյանից հետաքրքրվեց, թե Շիրակի մարզում, մասնավորապես Գյումրիում կուսակցությունն ունի՞ անդամագրվողներ, համակիրներ, և ովքե՞ր են նրանք։

Արտակ Ավետիսյանը նախ և առաջ հիշեցրեց, որ կուսակցության հիմնադրումից հետո երկրում համավարակը տարածվեց, այդ պայմաններում շփումներ, հանդիպումներ կազմակերպել հնարավոր չէր։ Այնուհետ սկսվեց արցախյան գոյամարտը, որին մասնակցեց նաև «Հայրենիք» զորախումբը։ Կուսակցաշինական ակտիվ աշխատանքները, ըստ նրա, սկսվեցին «Հայրենիքի փրկության շարժման»-ը զուգահեռ։

Իսկ այս պահին, ըստ մեր զրուցակցի, գլոբալ խնդիրներ չկան, ու կուսակցաշինական աշխատանքներն ավելի տեսանելի են թե՛ մայրաքաղաքում, թե՛ մարզերում։

«Անհամեստորեն կարելի է ասել, որ մեկ տարվա կուսակցության համար լուրջ թռիչքաձև կազմակերպչական զարգացման ընթացք է ունեցել։ Նախ` հայրենիքի փրկության ներսում չափից ավելի տեսանելի էր կուսակցության և իր առաջնորդի դերակատարությունը։

Այս փուլում՝ սովորաբար նախընտրական փուլում ավելի բյուրեղանում են ուրիշ կուսակցություններ, նրանց կազմակերպական շարքերը, մեզ մոտ բյուրեղացմանը զուգահեռ գնում է չափից ավելի մեծ ներհոս։ Կուսակցության գաղափարային, կանոնադրական որոշ սկզբունքներից ելնելով՝ կուսակցության դռները սարսափելի բացված չեն։

Եվ մենք ուրախ ենք, որ մեր շարքերը համալրվում են, բայց գլոբալ առումով մեզ համար շատ կարևոր է մարդու գաղափարական ուղղվածությունը, նրա ընկալումները, արժեհամակարգը։

Այնպես չէ, որ եկավ, ուզում է դառնալ մեր կուսակցության անդամ, ասենք ՝ բարի գալուստ։ Անցած շաբաթվա կտրվածքով կարող եմ ասել, որ տարածքային գրասենյակներում մոտավորապես 7400 դիմում ենք ունեցել։ Էլի հարյուրավոր դիմումներ ենք շարունակում ստանալ, մասնավորապես Շիրակի մարզի համայնքներից, Գյումրիից, Ամասիայից ու Աշոցքի տարածաշրջանից, Մարալիկից, Արթիկից, Ախուրյանից։ Այս պահին չեմ կարող հստակ նշել, որ տարածաշրջանում ինչ քանակի դիմում ենք ստանում, բայց որ դիմումների շաբաթական կտրվածքը հազարներն անցնում են, դա ստույգ է»,-ասաց Արտակ Ավետիսյանը։

Մենք նաև հետաքրքրվեցինք, թե ովքե՞ր են դիմողները՝ նախկին զինվորականնե՞րն են, պաշտոնաթող գեներալնե՞րը, թե՞ կուսակցականափոխ մարդիկ։

«Հայաստանը փոքր է, ձեր թվարկածից ավելի շատ ես կարող եմ թվարկել, բայց հիմնականը, կարևորը գաղափարական, արժեքային համակարգի կրումն է։ Այսինքն՝ նախ բոլորիս պարզ է, որ ընտրություններից առաջ մարդիկ նախկին քաղաքական գործընթացների տրամաբանության մեջ մտածում են, որ նոր կուսակցություն է, հաջողված կուսակցություն է։ Այն, ինչ ես ասացի, մարդիկ կողքից էլ են տեսնում․ «Հայրենիք»-ը լուրջ դերակատարություն ունի այս պահին ընդդիմադիր դաշտում, քաղաքական ֆավորիտներից է։ Այսինքն՝ այս տրամաբանության մեջ գուցե և մեծ հոսքը պայմանավորված է նաև դրանով։

Ես չեմ կարող առանձնացնել հստակ մի շերտ ու ասել՝ հատկապես ուսուցիչներն են գալիս, հատկապես զինվորականները։ Մի քանի կարևոր բան կա, չասեմ՝ կանոնադրային կամ ծրագրային պահանջ է, բայց մարդը նախ իր ամբողջ էությամբ պիտի հայ լինի, հայասեր, պետականասեր, պետականամետ, այդ արժեհամակարգի բովանդակային կրողը պիտի լինի։ Մարդը, որ ազգային, ավանդական, պահպանողական արժեքներ չի կրում իր մեջ, նա, բնականաբար, չի կարող հավակնություններ ունենալ դառնալու մեր կուսակցության անդամ։

Կա նաև մի շերտ, որը դժգոհում է թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանությունների գործելաոճից։ Եթե որպես շերտ ընդունենք, նրանք ամենաընդգրկունն են, որովհետև ի դեմս «Հայրենիք» կուսակցության և իր առաջնորդի՝ գալիս են մարդիկ, որոնք նախկին գործընթացներում ներգրավված չեն եղել, ասենք նախկին կուսակցականներ չեն եղել, այլ մարդիկ են, որոնք ո՛չ նախկինների գործելաոճից են ցնծության մեջ եղել, ներկաներին էլ ընդհանրապես չեն ընդունում, հատկապես այս խայտառակությունից հետո։

Այդպիսի լուրջ շերտ կա, որը նախկինում քաղաքականացված չի եղել, բայց ի դեմս «Հայրենիք» կուսակցության, Արթուր Վանեցյանի, տեսնում է ռեալ քաղաքական ուժ, որը ո՛չ նախկինի, ո՛չ ներկայի հետ ասոցացումներ չունի։

Թող ամպագոռգոռ չհնչի, բայց ոնց որ հույս են տեսնում այս պահին։ Եվ նախկինները, և ներկաները հայտնի են, իսկ «Հայրենիք»-ը նոր ուժ է, որն ասենք չի հասցրել որևէ մեկին խաբել, խոստումներ տալ, կատարել, սա էլ կարևոր է։ Բոլոր դեպքերում ոչ մի բանով չարատավորված քաղաքական ուժ է», -ասում է Արտակ Ավետիսյանը։

Նա նշեց, որ կուսակցության շարքեր ընդունում են մարդկանց հետ բավական երկար շփումից հետո։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ Արտակ Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930