Լրահոս
Օրվա լրահոսը

«Ճիշտ ժամանակն է հանրայնացնելու «Պատասխան Զիա Բունիաթովին» գործը». Գագիկ Գյուրջյան

Ապրիլ 28,2021 17:10

Օրերս կայացավ «Արցախի վտանգված ժառանգությունը. մարտահրավերների հանգույցում» խորագրով համաժողովը, որտեղ մասնագետներն ու ոլորտային պատասխանատուները փորձեցին ի մի բերել բոլոր մոտեցումները` ընդդեմ Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման, կեղծարարության, նենգափոխելու ինստիտուցիոնալ քաղաքականության: Թեմայի վերաբերյալ Aravot.am-ը զրուցել է ԻԿՈՄՕՍ Հայաստան կենտրոնի ղեկավար Գագիկ Գյուրջյանի հետ:

«Մենք պետք է փորձենք գտնել նաեւ մեր նախորդ սերնդի գիտնականների ակադեմիական մոտեցումներով արված հոդվածները, գործերը, որոնք լավագույնս կարող են հակադրվել ադրբեջանցիների դիլետանտ, ոչ մշակութային, ոչ հիմնավոր պնդումներին: Պետք է գտնենք եւ անմիջապես հրապարակենք ոչ միայն լրատվամիջոցներում, այլ լայնորեն հանրայնացնել, որպեսզի մարդիկ ծանոթ լինեն այդ մոտեցումներին»,-ասաց պարոն Գյուրջյանը:

«Մասնավորապես, պետք է խնդրել Մայր Աթոռին հրապարակել, օրինակ, Ասատուր Մնացականյանի ստեղծած «Պատասխան Զիա Բունիաթովին» գործը, որը լավագույնս հակադրվում է Ադրբեջանի կողմից հայկական պատմամշակութային ժառանգության աղվանականացմանը եւ գիտականորեն ու փաստարկումներով շատ լավ ապացուցում է խնդիրը:

Ասատուր Մնացականյանը խորապես ուսումնասիրել էր թեման: Այդ նամակը, որ նաեւ Պարույր Սեւակի հետ համահեղինակությամբ է գրված, արժի, որ այսօր հրապարակվի: Նաթան սրբազանը խոստացել է դա հրապարակել, որովհետեւ հիմա իսկական ժամանակն է դա եւ նման այլ հոդվածներ հանրայնացնելու: Պետք է նմանատիպ այլ բաներ պրպտել, գտնել, քանի որ դրանք կարող են օգտակար լինել նաեւ երիտասարդ գիտնականներին: Օրինակ` Ասատուր Մնացականյանի «Գիրք գրչված փշալարերի ճանկերում» գրքում եւս սովորելու շատ բան կա»,-ասաց Գագիկ Գյուրջյանը:

Գագիկ Գյուրջյանի հետ հարցազրույցի մանրամասները` ավելի ուշ:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930