Լրահոս
Օրվա լրահոսը

«Էս ոնց փոխվեցինք, ջահելացանք․․․»․ տոնական օրվա նախօրեին անակնկալ «Արծվաբույն»–ի տարեցներին

Մայիս 01,2021 22:52

Կապանի տարածաշրջանի Արծվանիկ գյուղում գտնվող «Արծվաբույն» տարեցների տանը 17 մարդ է ապրում՝ 9 տղամարդ եւ 8 կին։ Նրանց առօրյան տան աշխատակիցները փորձում են հետաքրքիր դարձնել՝ փարատելով կարոտը հարազատների հանդեպ։ Բայց խոստովանում են՝ շատ դժվար է։

«Հանուն Ազատության» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Կապանի «Կապրիզ» գեղեցկության սրահի վարսահարդարներն էին իրենց աշխատանքային գործիքներով «համարձակվել» մայիսի 1-ի նախօրեին ընդհատել տարեցների տան առօրյան։

Այցը բարի էր՝ սիրած տոնին  ընդառաջ գեղեցկացնել այստեղ ապրող տատիկներին ու պապիկներին։ Անսպասելի հյուրերը խանգարեցին մայիսի 1-ի փորձը։ «Արծվաբույն»-ի բնակչուհի 67-ամյա Ռուզաննա Կարապետյանն  երգում էր, իսկ  նրա ընկեր-ընկերուհիները քվեարկությամբ որոշում էին երգերի հաջորդականությունը։

Արցախյան վերջին պատերազմից հետո մի տեսակ ընկճված են, մեծ տոնակատարություն չեն անելու։ Պարզապես հիշելու են  Աշխատանքի տոնը եւ մեկ գավաթ գինիով իրար են շնորհավորելու։

Ռուզաննան առաջարկում  է՝ չխանգարել թե՛ փորձը, թե՛ վարսահարդարների աշխատանքը։ Նա կերգի, իսկ գործ անողները թող աշխատեն։ Միաձայն անցնում է նրա առաջարկը եւ դահլիճը վերածվում է  վարսահարդարման սրահի։

88-ամյա Անյա տատին Արցախի Ճարտար գյուղից է այստեղ եկել։ Կյանքում մազ չի ներկել, իր խոսքով «պուդրա–մանիկյուր» չի արել, բայց ՝ բոլոր միջոցառումներին մասնակցել է։ «Առաջ շատ լավ էր։ Քանի ջահել էինք, ընկերներով քինում ըք լալ շկոլումը պար կյամ։ Ամեն ինչ ժամանակին արալ եմ։ Հիմա քավթառել եմ, ոտս էլ կոտրել եմ»,–ասում է նա։

Համաձայնվում է մշակել եղունգները, բայց հրաժարվում «մանիկյուր» անելուց։ «Վույ աման, ես նենց էլ ղաշանգ կնիկ եմ, մազերս ներկեմ հերիք ա, ջահել չեմ»,–քահ–քահ ծիծաղելով՝ ասում է Անյա տատը։

«Հիմա էլ ես ջահել»,– ընդհատում է 84-ամյա Սերյոժա Հարությունյանը, որը հետեւում էր հարեւանու գեղեցկանալուն։ Ներկարար է աշխատել։ Հիշում է՝ մայիսի 1-ին աշխատավարձից բացի պարգեւատրում էին ստանում։ «Դրոշներով, պաստառներով ամեն կոլեկտիվ իր համար անցնում էինք, ծափ էին տալիս ժողովուրդը»,–ասում է նա։

Տարեցների տան երգչուհին՝ Ռուզաննա Ավետիսյանը պատմում է՝ քմահաճ է մի քիչ, բայց հավանեց վարսահարդարների  աշխատանքը։

«Ամսվա վերջ է թոշակ չէի ստացել, որ աղջիկներին գոնե փոխհատուցեմ, հա, ողջ կյանքս պարտքի տակ չեմ մնացել։ Էդ էլ իրենց գործն է»,–ասում է մեր զրուցակիցը։  Կապանի քաղաքում է աշխատել՝ վաճառող, խանութի վարիչ, բուֆետպան։ Մայիսի 1-ը նրա մեջ տպավորվել է դեռ մանկուց․

«Միշտ մայիսի 1-ին թազա շորերս մամաս հագցնում էր, էդ շորերին համանման հովանոց ձեռիս անպայման նկարվում էի։ Ամեն մայիսի 1-ին մամաս պարտադիր նկարում էր։ Մինչեւ հիմա էդ նկարները երեւի թե մնում են»,–ասում է տիկին Ռուզաննան, որը գերազանց աշխատանքի համար ընտրվել էր քաղխորհրդի պատգամավոր։

«Կարմիր մանդատը ձեռիս՝ ժողովներին մասնակցում՝ ցանկացած տոնից առաջ որպես պատգամավոր մասնակցում էի, հետո էլ համերգներ էր լինում»,–հիշում է նախկին պատգամավորը։

«Արծվաբույն»-ի  տնօրեն Լյուդմիլա Պողոսյանի խոսքով՝ ամեն ինչ անում են, որպեսզի մեծահասակների օրը, առօրյան հագեցած անցին։ Հյուրեր շատ են ունենում՝ ուսանողներ, աշակերտներ։ Համավարակի հետ կապված վերջին մեկ տարում այցերը կրճատվել են։

Եկողներին Լյուդմիլա Պողոսյանը շնորհակալություն չի հայտնում։ Միայն հիշեցնում է այս տան նշանաբանը՝  «Ծեր մարդուն պատվիր, որ ծերանաս, քեզ էլ պատվեն»։

«Կյանքը բումերանգ է, այն, ինչ հիմա տալիս եք, կգա ժամանակ, որ մեր թոռները ծոռները հետ կտան, պիտի միշտ գեղեցիկ գործեր կատարենք, որ այդ գեղեցիկը հետ գա մեզ։  Եվ այս գեղեցիկ օրը ես մեր անհանգիստ մոլորակին  խաղաղություն եմ մաղթում»,–ասում է տիկին Պողոսյանը։

Հրաժեշտ ենք տալիս «Արծվաբույն» կենտրոնում ապրող տարեցներին։ Կին թե տղամարդ ամեն մեկը մի հայելի վերցրած նայում են իրենց ու  թաքուն ժպտում են։ «Էս ոնց փոխվեցինք, ջահելացանք, հը Ռուզան»,–ասում է Սերյոժա պապը։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31