Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ ՀՀ սահմանին հովիվներն են և հնարավոր է առաջ գալ, ինչո՞ւ չգալ». Թաթուլ Հակոբյանը` սահմանային վերջին դեպքերի մասին

Մայիս 14,2021 13:56

«Հայաստանն ապրում է իր պատմության ամենադժվար ժամանակներից մեկը, և մենք զգում ենք 44-օրյա աղետալի պատերազմի ու ստորացման հետէֆֆեկտները: Սա շարունակական է, քանի դեռ Հայաստանում իշխանության է Նիկոլ Փաշինյանը»,- այսօր «Հոդված 3» ակումբում կայացած «Ադրբեջանական սադրանք Հայաստանի սահմանին. Երեւանը դիմել է ՀԱՊԿ-ին» թեմայով քննարկման ժամանակ ասաց վերլուծաբան Թաթուլ Հակոբյանն`անդրադառնալով նախ Սյունիքի հատվածում, ապա հայ-ադրբեջանական սահմանի այլ հատվածներում Ադրբեջանի կողմից ՀՀ-ի սահմանների ոտնձգություններին: Ըստ բանախոսի, Ադրբեջանը տեսնում է, որ Հայաստանում չկա իշխանություն, ինչը հնարավորություն է տալիս ճզմելու, քամելու այն, ինչ իրեն պետք է. «Սա նրանց համար պատմական հնարավորություն է, ինչպիսին մեր համար էր 1992-1993թթ»:

«Ես ուզում եմ հավատալ, որ առաջիկա ժամերին, օրերին ադրբեջանցիները ռուսների ճնշմամբ հետ կքաշվեն, բայց դա գին է ունենալու: Դրա դիմաց մենք կվճարենք. թե ի՞նչ կլինի այդ վճարը՝ դժվարանում եմ ասել»,- ասաց նա:

Ինչ վերաբերվում է արտահերթ ընտրություններին եւ դրանցով իրադրության հնարավոր փոփոխությանը, Թաթուլ Հակոբյանի կարծիքով, կա մի զանգված, որը ցանկացած պարագայում ընտրելու է Նիկոլ Փաշինյանին՝ թեկուզ եթե Հայաստանում մնա միայն կառավարության շենքը՝ ոստիկաններով շրջապատված. «Բայց նրանք, ովքեր ուզում են ընտրել Նիկոլ Փաշինյանին, որովհետև չեն ուզում լսել Ծառուկյանի, Սերժ Սարգսյանի, Մարուքյանի և այլոց անունները՝ հնարավոր է փոխեն իրենց որոշումը»:

«1994 թվականից ի վեր առաջին անգամ մեր պաշտպանության համակարգը չի գործել: Առաջին. փաստորեն, հովիվներն են տեսել, որ ադրբեջանցիները ներխուժում են: Երկրորդ. չի աշխատել հայ-ռուսական դաշնակցությունը, ՀԱՊԿ-ը, բայց այս ամենի պրոբլեմները ՀՀ-ի ներսում են և արդար չի լինի, որ մենք այս դժբախտությունների մեջ փնտրենք մեղավորներ բոլոր ազգերի, բայց ոչ մեր մեջ: Այս ամենին նայենք Բաքվից. երբ ՀՀ սահմանին հովիվներն են և հնարավոր է առաջ գալ, ինչո՞ւ չգալ: Այս իրավիճակը շարունակվելու է, քանի մենք ունենք աղետալի, բայց ընտրված իշխանություն: Ադրբեջանը մաշում է Հայաստանին: Այս պահին միայն ուզում ենք Սև լճի տարածքից հետ մղել Ադրբեջանին, չեմ ասում՝ մոռացանք, բայց այս պահին երկրորդ պլան մղվեց գերիների հարցը, երրորդ պլան մղվեց Արցախի տարածքը, չորրորդ պլան մղվեց Արցախի կարգավիճակը: Իսկ վեց ամիսը բավարար էր, որպեսզի մենք չունենայինք այս խայտառակ իրավիճակը, բայց եթե վեց տարի էլ ունենայինք, այս ընտրված աղետը չէր կարողանալու ապահովել Հայաստանի անվտանգությունը, ինքնիշխանությունը և անկախությունը: Այս իշխանության ամեն օրը գին է. կամ ադրբեջանցիներն են մեզ բզկտելու ինչքան կարող են, կամ դիմելու ենք ռուսներին, նրանք մեզ օգնեն և ամեն օգնելուց մեր անվտանգությունից ավելի քիչ բան է մնալու»,- ասաց Թաթուլ Հակոբյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31